1904 թ ապրիլ 13. Սպանուել է Հրայր (Արմենակ Ղազարեան) Դժոխքը

Նա էլ ընկաւ, սիրահարը հպարտ լեռների, ուր նա ազատութեան կրակն էր բորբոքում, իբրեւ ռազմիկ ու քարոզիչ, իբրեւ խմբապետ եւ գործիչ: Աշխատեց հաւատով եւ մեռաւ հպարտօրէն, կուրծքը թշնամուն տւած: Նրա օրինակը գնահատելի է, կեանքը՝ խրախուսող: Առաջիկայում՝ այդ կեանքին, լի հրապուրական գծերով, կը նւիրւեն շատ էջեր «Դրօշակի» մէջ, գրւած նոյնիսկ նրա ցաւակիցների ձեռքով, որոնք բաժանեցին նրա վիշտն ու պարծանքը, նրա տառապանքներն ու յոյզերը:

Հարազատ ծնունդ վշտավայրի (Մշոյ դաշտիցն էր նա), ապրած այն մթնոլորտում, որ ստեղծեց հայկական շարժումը, նա եղաւ ոչ միայն յեղափոխական ղեկավար, այլ ամենալաւ հոգեբանը հայ ժողովրդի: Մասսայական հոգեբանութեան վարպետ էր Հրայրը: Եւ կասկածոտ ամբոխի խաւերի մէջ ոչ ոքի չէր յաջողւում ձեռք բերել այն լայն հեղինակութիւնն ու անպայման հաւատը, ինչ որ վայելում էր Սասունի աշխատաւորը: Այդ կողմից նա մի կախարդ էր, որ անհաւատալի հեզութեամբ կարողանում էր մղել մարդկանց, նոյնիսկ թերահաւատներին, դէպի ամենադժւարին գործեր, դէպի անձնազոհութիւն:

Աչքերը յառած հայկական ազատագրութեան նպատակակէտին, որին նա մնաց միշտ հաւատարիմ, եփւած գործի մէջ եւ ղեկավարւած միմիայն մի քաղաքականութեամբ՝ յեղափոխական գործի քաղաքականութեամբ, նա պատրաստ էր ձեռք մեկնել ամենքին, որոնք նրա օգնութեանն էին դիմում, եւ աջակցութիւն ընդունել բոլորից՝ ուր դա նպատակայարմար էր, առանց կուսակցական խտրութեան: Դա նրա մտածողութեան բնորոշ գծերից մէկն էր:

Ապաբաղդ կռւո՜ղ: Նա էլ, ինչպէս եւ նոյն գործի ուրիշ մշակները, չըտեսաւ այն Մեծ Արշալոյսը, որին վշտոտ սրտով եւ հսկայական համբերութեամբ սպասում են սերունդներ սերունդների յետեւից, լեռների կատարներին եւ բանտերի մութ խորշերում: Նա զգաց, որ կռիւը ճակատագրական է, եւ վախճանը՝ մօտ: Զգաց, բայց յետ չնահանջեց: Ահա թէ ինչ էր գուշակում Սէմալի անփոխարինելի հերոսը մի նամակում, որ նրա վերջին «մնաս բարովն» պէտք է համարել:

Հրայր Դժոխքի քանդակը Ջերմուկ քաղաքում

Սասուն, 27 փետրւար

«Ընկերնե՜ր,
Օրէցօր ժողովրդի դրութիւնը կը վատթարանայ. Կոտորածի ձեռնարկներ կը ծրագրւին եւ փորձեր կը կատարւին: Ալայի պէյը Բաղէշէն «ճան-պէզար» կոչւած հեծեալներով հասաւ Մուշ եւ տեղաւորեցաւ հայոց թաղերը: Տիզտարենց Մէհմէտ էֆ. անուն հարիւրապետը՝ 15-20 ոստիկաններով քիւրդ ցեղապետներու հետ խորհրդակցութեան պաշտօնով՝ կը շրջի Դաշտի մէջ: Անշուշտ թրքական դժոխք մը շինելու ծրագրեր կը կազմւի նոյն այս ձմեռւայ միջոցին:

Մշոյ եւ Դաշտի յարաբերութիւնները խզւած են. շուկան հինգ օրէ իվեր հայերից ամայի է, առեւտուրը ամբողջապէս դադրած է. գեղէ գեղ երթեւեկութիւնը արգիլւած է: Մեծ պահքի առաջին օր, Սասնոյ Տաբըք գիւղի քրդերը՝ միացած Մշոյ թիւրք տարրի հետ՝ յարձակեցան շուկայի մէջ հայերու վրայ. նպատակը լոկ կոտորածի սկզբնապատճառ դառնալն էր: Քանի՜ գլուխ ու թեւ ջարդեցին: Խուճապը կըսկսի. Հայ ազգաբնակութիւնը, այդ օրից փակւած կը մնայ թաղերու մէջ. վախճանը ո՞ւր է, չի գիտցւիր:

Կը լսւի որ թիւրքերը հեռագրատնէն երբէք չեն հեռանար. անշուշտ կարծիքների փոխանակութիւններ կը կատարւին, դիւական ծրագիրներ կը կազմւին…

Եւ այսուհետեւ արեան ձայնը պիտի հասնի ձեր ականջին մեր նամակներու եւ տեղեկագրերու փոխարէն…
Կշտապեմ եւ չեմ կրնար երկարել:
Համբոյրներ եւ յարգանքներ»:
ՀՐԱՅՐ

Եւ արեան ձայնը եկաւ, աւա՜ղ, նրա նահատակման բոթաբեր ձայնի հետ…

«ԴՐՕՇԱԿ» – Ապրիլ-Մայիս 1904
Թիւ 4-5 (145-6)

Տպել Տպել