Դիվանագիտական կապերի հաստատումը եւ Պետական խորհրդանիշերը

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Դիվանագիտական կապերի հաստատումը եւ
Պետական խորհրդանիշերը

Դիվանագիտական կապերի հաստատումը

Պետականության կայացման ճանապարհին ՀՀ պետական այրերի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից էին այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատումն ու Հայաստանի միջազգային ճանաչումը: Որքան էլ զարմանալի է, ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն հասկանալի պատճառներով կողմերի միջև անմիջական հարաբերություններ չհաստատվեցին: Կարելի է ասել, որ այդ ճանաչումը թելադրված էր համաշխարհային պատերազմում պարտության վտանգի առջեւ կանգնած Թուրքիայի անկայուն վիճակով և կրում էր մարտավարական բնույթ: Նպատակը պարտության դեպքում իր տարածքում հայկական հարցի չեզոքացումն էր՝ նրա լուծումը տեղափոխելով Անդրկովկաս, իսկ հաղթանակի դեպքում՝ առանձնակի խնդիր չէր համարվում նաև առկա Հայաստանի վերացումը։

Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց ինչպես իր մյուս հարևանների` Վրաստանի, Պարսկաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Անտանտի և Քառյակ դաշինքի մի շարք երկրների հետ: Ընդհանուր հաշվով` մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ: Դիվանագիտական ներկայացուցչություններ բացվեցին Թիֆլիսում, Թեհրանում, Փարիզում, Հռոմում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Կիևում, Կրասնոդարում և այլուր: 1920 թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը de facto ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանը պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Հոլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան, Սերբիան, Հունաստանը, Ռումինիան, Իրանը, Վրաստանը, Չինաստանը, Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումները և տասնյակ այլ պետություններ: Տարբեր երկրներում գործուն դիվանագիտական աշխատանքներ էին վարում Արմեն Գարոն, Տիգրան Բեկզադյանը, Գրիգոր Զամոյանը, Գր. Չալխուշյանը, Հովհ. Սաղաթելյանը, Ֆ. Թախթաջյանը, Լևոն Եվանգուլյանը, Հովսեփ Արղությանը, Մարտիրոս Հարությունյանը, Միքայել Վարանդյանը, Դիանա Աբգարը և շատ ուրիշներ:

Հայաստանը պատրաստվում էր անդամակցել այն ժամանակվա միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությանը` Ազգերի լիգային: Սակայն 1920 թ. վերջին երկրի անկախության վերացման ու խորհրդայնացման հետևանքով այդ հարցը փակվեց:

Հայաստանի իշխանությունները ձգտում էին հանրապետության միջազգային ճանաչման միջոցով քաղաքական նպաստավոր մթնոլորտ ստեղծել Հայկական հար¬ցի լուծման համար, ինպես նաև ակնկալում էին դրսից ֆինանսատնտեսական ու քաղաքական օժանդակություն, որպեսզի դրանով մեղմվեր երկրի սոցիալ-տնտե¬սա¬կան ծանր կացությունը, և կարգավորվեին հարաբերությունները անմիջական հարևանների հետ:

Կառավարությունը մտադիր էր դրսից փոխառություններ ու վարկեր ստանալ: Հենց այդ նպատակով էր, որ 1920 թ. հունիսին նախկին վարչապետ Ալ. Խատիս¬յանը գործուղվեց արտասահման: Նախատեսվում էր կնքել 20 մլն. դոլարի «Անկախության փոխառություն»: Դրամահավաքի կազմակերպման՝ ՀՀ ձեռնարկին մեծ աջակցություն ցուցաբերեցին գաղթաշխարհի բոլոր կուսակցություններն ու կազմակերպությունները: Սակայն, ցավոք, հետագայում, Հայաստանի խորհրդայնացման հետևանքով, դրամահավաքի գործընթացը կասեցվեց:

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել հանրապետության միջազգային ճանաչմանը, նպաստ բերել Հայկական հարցի լուծման գործին, օտար պետությունների հետ զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, մի խոսքով` Առաջին Հանրապետությունը դարձնել կենսունակ պետություն:

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերը

Անկախ պետականությունն անհնար է պատկերացնել առանց ազգային-պետական խորհրդանիշերի: Առաջիններից մեկը 1918 թ. օգոստոսին Հայաստանի խորհուրդը Եռագույնը (կարմիր, կապույտ և ծիրանի գույներով) հռչակեց որպես հանրապետության ազգային պետական դրոշ: Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում էր ազատագրական պայքարում հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը` Հայաստանի ջինջ երկինքը, իսկ ծիրանագույնը` աշխատանքը: Ի դեպ, եռագույնի վերաբերյալ Նոր Նախիջևանից Ալ. Խատիսյանին ուղղված նամակով և դրոշի մի քանի ջրաներկ պատկերներով իր գոհունակությունն ու նկատառումներն է արտահայտել մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:

Պետական օրհներգ (հիմն) ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա ստեղծված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը: 1920 թ. հուլիսին կառավարությունը հաստատեց զինանշանը (գերբը), որի հեղինակներն էին մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հատկանշական է, որ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Առաջին Հանրապետության բոլոր երեք խորհրդանիշերը` դրոշը, օրհներգը և զինանշանը, ինչն ընդգծում է Հայաստանի երկու անկախ հանրապետությունների ժառանգորդական կապը:

Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները` Նոր տարվա, Ծննդյան և Մկրտության, Մեռելոցի, Վարդանանց, Տյառնընդառաջի, Զատկի, Մայիսի 1-ի, Մայիսի 28-ի, Օգոստոսի 1-ի, Ս. Աստվածածնի և այլն: Սահմանվեցին ոչ աշխատանքային (հանգստյան) օրերը: Այլազգիների համար պաշտոնապես գրանցվեցին և թույլատրվեցին նրանց կրոնական և այլաբնույթ տոները:Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները: Հռչակվեցին բոլոր կրոնների (խղճի) կատարյալ ազատություն և հավասարություն, որը դարձյալ վկայում է ՀՀ ժողովրդավարական բնույթի մասին:

Հայոց պետականության անվիճելի արժեքներից մեկը դարձավ հայերենը պետական-պաշտոնական լեզու ճանաչելը և այն կիրառության մեջ դնելը: Մայրենին ստացավ պետական միակ լեզվի կարգավիճակ: Ցարական ժամանակների պետական նախկին դպրոցները ազգայնացվեցին ու դարձան հայաշունչ:

Սահմանվեցին պետական շքանշաններ: Հայոց անկախ պետականության կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի (արժույթի) ստեղծումը, որը տպվեց Լոնդոնում և 1920 թ. փոխադրվեց Հայաստան: Շրջանառության մեջ էին հայկական չեկերը (կուպյուր), հայկական դրոշմանիշերը (մարկա), հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն:

Այսպիսով, դարերի ընդմիջումից հետո, հայ ժողովրդի հերոսական մաքառումների արդյունքում, 1918 թ. մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի անկախության հռչակումը նոր դարաշրջան բացեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ: Կարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձավ կազմակերպված պետություն` նրան բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով` իշխանության մարմիններով, տնտեսական-իրավաքաղաքական համակարգով, ազգային բանակով, դիվանագիտական կապերով, պետականության խորհրդանիշներով և այլն: Հայաստանի Հանրապետությունը դարձավ աշխարհացրիվ հայության միակ հայրենիքը, նրա հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի միավորման կենտրոնը:

Տպել Տպել