Ժամանակն է մուտք գործել մեծ քաղաքականություն

Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա իրավիճակում, երբ փաստորեն փակուղում են հայտնվել բանակցային գործընթացը շարունակելու կամ Ադրբեջանին կառուցողական դաշտ «հրավիրելու» եռահամանախագահների և Հայաստանի ջանքերը, մեկ անգամ ևս օրակարգային է դարձել «Մադրիդյան սկզբունքներ» հասկացությունը: Այդ մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում վերջին շրջանում առաջինն արտահայտեց Ֆրանսիայի նախագահ պրն Օլանդը:

«Մադրիդյան սկզբունքներ» պարունակող փաստաթուղթը եռանախագահների կողմից բանակցության կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին ներկայացվել էին 2007 թ. նոյեմբերին: Այդ օրերին ՀՀ արտաքին գործերի նախարար պրն Օսկանյանը այս փաստաթուղթը համարեց ձեռքբերում հայկական կողմի համար` ելնելով այն կետից, որտեղ անդրադարձ էր եղել ԼՂՀ բնակչության կամարտահայտման հարցին և որի միջոցով պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը` միաժամանակ նշելով, որ որոշ կետերի շուրջ Երևանը վերապահումներ ունի:

Իհարկե, այդ օրերին հանրության համար չբացահայտվեցին «Մադրիդյան սկզբունքներ»-ը և միայն կցկտուր տեղեկությունների հիման վրա պարզվեց, որ «Մադրիդյան սկզբունքներ»-ը բաղկացած են 15 կետերից, իսկ եռանախագահներից մեկը նշեց, որ միայն 2-3 կետերի շուրջ համաձայնություն է կայացել երկու կողմերի միջև:

Ինչևէ, բանակցությունները շարունակվում էին` երևի այդ 2-3 կետերը ավելին դարձնելու համար:

2009 թ. հուլիսի 10-ին, սակայն, բացահայտվեց «Մադրիդյան սկզբունքներ»-ի հիմնական 6 կետերը Ակվիլայում հրապարակված եռանախագահող երկրների նախագահների հայտարարությամբ, որով հորդորում էին կողմերին` շարունակել բանակցությունները` հենվելով այդ 6 կետի վրա: Մեկ տարի հետո նախագահները կրկնեցին համարյա նույն հայտարարությունը, այս անգամ Մոսկոկայում:

Բացահայտված սկզբունքները հետևյալն են.

    1. Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը
    2. Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով
    3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
    4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով
    5. Ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք
    6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործունեություն
    Համանախագահները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին` սատարել վերոհիշյալ սկզբունքները:

Ինչպես ակներև է դառնում` այս սկզբունքները մեծ մասամբ Ադրբեջանանպաստ են և չեն կարող ընդունելի սկզբունք հանդիսանալ ԼՂՀ-ի համար:

Նման սկզբունքների ի հայտ գալը փաստորեն հակասում էր ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի բազմիցս հրապարակումներին` առ այն, որ բանակցությունների արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցություն ապահովի գործընթացի բոլոր փուլերի կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչև պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը: Ի դեպ, նույն այդ մոտեցումն արտահայտված է նաև 2012 թ. հրապարկված` նախագահ Բ. Սահակյանի նախընտրական ծրագրում:

«Մադիրդյան սկզբունքներ»-ը ԼՂՀ Արտգործնախարարության հայտարարության միջոցով պաշտոնապես չընդունեց ԼՂՀ-ի կողմից, որտեղ շեշտվեց հիմնարար սկզբունքների փոխակերպման մասին: Ստորև ներկայացնում ենք եռանախագահող երկրների նախագահների` Ակվիլայի հայտարարությունից անմիջապես հետո 15.07.2009 թ. հրապարակված ԱԳ նախարարության հայտարարությունը:

ԼՂՀ ԱԳ նախարարության հայտարարություն

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ ԱԳ նախարարությունը անհաժեշտ է համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

ԼՂՀ դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը ` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ ցանկացող վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլև հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ:

Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետևանք կարգավորման ներկայիս բանաձևի հիման վրա բանակցային գործընթացի արագացման:

Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ-ի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում:

Ի դեպ, հայտարարությունից հետո բանակցությունների օրակարգում ավելի հաճախակի շոշափվեց բանակցություններին ԼՂՀ ուղղակի մասնակցության հարցը: Եռահամանախագահները, անդրադառնալով այս հարցին, նշեցին, որ ԼՂՀ-ն ուղղակի մասնակցելու է այն փուլից հետո, երբ համաձայնություն կայանա հիմնարար սկզբունքների շուրջ և պահը հարմար լինի` միաժամանակ հայտարարելով, որ ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս չի գա` վկայակոչելով բազում այցերը ԼՂՀ և հանդիպումները Արցախը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես նյութի սկզբում նշվեց` բանակցային գործընթացի հեռանկարը այսօր` եթե չասել անորոշ, ապա մշուշոտ է:

Տարածաշրջանում եւ Եվրոպայում ընթացող գործընթացները, Սաֆարովյան խայտառակ գործընթացը, Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ տեղի ունեցող մտքերի փոխանակումը, Արցախի ճանաչման ուղղությամբ տարվող ՀՅԴ «Հայ Դատ»-ի գրասենյակների աշխատանքը և միջազգային մակարդակով նոր հանգամանքների բացահայտման հետևանքով նոր դերերի բաշխման հնարավոր վերադասավորումները մեկ անգամ ևս անհրաժեշտություն են առաջացրել պարզորոշ և հստակ ներկայացնելու ԼՂՀ դիրքորոշումներն ու մոտեցումները: Այդ ձևով պետք է խուսափենք «Մադրիդյան սկզբոունքներ»-ը ԼՂՀ-ի համար ևս հիմք դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դա, կարծում ենք, պետք է լինի ԼՂՀ նորանշանակ Արտաքին գործերի նախարարի պաշտոնական հայտարարության տեսքով: Դա պետք է լինի փաստ` որ չեն փոխվել 2009-ից պաշտոնապես հայտարարված և նախագահ Բ. Սահակյանի կողմից մեկ անգամ ևս նախընտրական ծրագրում շեշտված մոտեցումներն ու արտաքին քաղաքականության ԼՂՀ դիրքորոշումները:

Իսկ թե ինչո՞ւ հենց այս պահին պետք է հայտարարել դա, բացի վերը նշված համընդհանուր պատճառներից բերենք եւս երկու փաստարկ:

Քաղաքական բեմահարթակում տարածվող լրատվությունն ու զանազան կողմերի միջոցով հնչեցված հայտարարությունները փաստում են, որ բոլոր կողմերը այս փուլում փորձում են հստակեցնել իրենց դիրքորոշումները: Ընթացող գործընթացները վկայում են, որ եռանախագահող կողմը փորձում է փարատել այն տպավորությունը, որ բանակցությունները գտնվում են փակուղում: Հայաստանը փորձում է իրեն ներկայացնել որպես միջազգային հանրության “այո” ասող կողմ: Իսկ հակառակ ՀՀ-ին` Ադրբեջանը ձեռք է բերում հայտարարությունների մակարդակով աջակցություններ և հավաստիացումներ: Ադրբեջանի վերջին ձեռքբերումը ևս արձանագրեց` Ստեփանակերտի օդանավակայանի մասին պրն Պոպովի հայտարարությամբ, որը փաստորեն ոչ ռազմական օբյեկտների նկատմամբ սպառնալիքի դատապարտումից փոխվեց Թուրքիայի տեսակետի կրկնության` դիտարկելով որպես ապակայունացնող հանգամանք:

Այս հանգամանքներն ապացուցում են, որ Ադրբեջանը, չզիջելով և, դեռ ավելին, բարձրացնելով իր նշաձողը, փորձում է կորզել ավելին: Իսկ, ըստ երևույթին, եռահամանախագահները պատրաստվում են բանակցությունների թատերական խաղը շարունակելու համար տուրք տալ Ադրբեջանական կողմին:
Մի հանգամանք ևս:

Կարելի է հասկանալ Հայաստանի մոտեցման պատճառները: Առաջիկա փետրվարին Հայաստանում կայանալու է նախագահական ընտրություններ, իսկ այդ ընտրությունների օրինականության լեգիտիմության հարցը այսօր անհրաժեշտ է թե հետագա համագործակցություն եւ թե անցյալ նախագահական ընտրությունների բիծը գունազերծելու համար: Մի կողմ թողնենք, թե այդ փաստարկը ինչքանով է արդարացնում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կիրառվող զիջողական, “հստակ բան չասող” քաղաքականությունը: Մի խոսքով, ՀՀ-ն ասում է. «Այսօր ես հնազանդ եմ լինելու, ով մեծն միջազգային ուժեր, դուք էլ վաղը ինձ լեգիտիմացրեք»:

Մյուս կողմից, ակներև է Հայաստանի վրա գործադրվող ճնշումները Եվրոպական թե Եվրասիական հայեցողության ճշտման համար: Այդ հարցում իշխանությունները փորձում են, մանևրելու քաղաքականություն կիրառելով, վերջնական պատասխանը տալու ժամանակահատվածը երկարաձգել:

Այս բոլորի լույսի տակ, նախ Ադրբեջանին տուրք տալու միջազգային հանրության տրամադրությունը զսպելու և ապա նաև Հայաստանի իրավիճակը ըմբռնելով, անհրաժեշտ է ԼՂՀ-ի կարծր մոտեցման բացահայտման շեշտարկումը: Սա այն պահն է` որ պետք է ապացուցվի Արցախի անկախ արտաքին քաղաքականություն վարելու կարողությունն ու ներուժը: Լռելյան համաձայնությունը կամ կուլիսներում կիսաձայն դժգոհությունները այս պահի որդեգրվելիք միջոցներ չեն կարող լինել:

Ա. ՊՈՒԼՈՒԶՅԱՆ
28.11.2012

«ԱՊԱՌԱԺ»

Տպել Տպել