Անձերի շուրջ համախմբումը որեւէ խնդիր չի լուծում

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին:

«Մենք մեզ որեւէ մեկից չենք գերադասում, բայց որեւէ մեկն էլ հաստատ մեզնից գերադասելի չէ»,- երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ «սին եւ անպտուղ» համարելով միասնական թեկնածուի որեւէ փնտրտուք «առանց միասնական օրակարգի ընդունման եւ դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման»:

-Ինչո՞վ էր պայմանավորված այս հայտարարությունը. Դաշնակցությունը հիասթափվա՞ծ է ընդդիմադիր օրակարգերի համադրման գործընթացից, սպառվա՞ծ է համարում միջկուսակցական խորհրդակցությունների միավորիչ ռեսուրսը, թե՞ ուղղակի փորձում է թարմ լիցք հաղորդել հարաբերական պասիվության փուլում հայտնված «բանակցային պրոցեսին»։

-Իմ հայտարարության մեջ հիասթափություն չկար. հակառակը, այն, ինչ ասացի, շատ ավելի հստակ է դարձնում գործընթացների տրամաբանությունը, պարզաբանում, թե ինչ խնդիրներ են, որ պետք է կարեւորվեն առաջին հերթին, եւ որից հետո որը պիտի լինի՝ տեղերը փոխելը ձախողման ամենակարճ ճանապարհն է։ Ասել եմ ու էլի եմ ասում՝ չկա օրակարգ, անձերի շուրջ համախմբումը որեւէ խնդիր չի լուծում։

-Կարելի՞ է արձանագրել, որ բանակցությունները, ըստ էության, ձեզ համար ցանկալի հունով չեն ընթանում։

-Գործընթացը դեռ չի ավարտվել՝ ընթացքի մեջ է։ Ժամանակից շուտ չեմ ուզում գնահատականներ տալ. ի վերջո, ամբողջական գնահատականը տալու է ՀՅԴ Գերագույն ժողովը, բայց պրոցեսը պետք է ընթանա այն տրամաբանությամբ, որի մասին իմ հայտարարության մեջ ասել եմ։

Այսինքն՝ հաջորդ քայլը պետք է լինի օրակարգերի համաձայնեցման մասին հայտարարությունը, առ այն, որ համաձայնություն է ձեռք բերվել մեր առաջարկած 7 կետերի շուրջ, դրան համապատասխան՝ ձեւավորվում է ճանապարհային քարտեզ, եւ գնում ենք այդ ուղղությամբ։

-Հակառակ դեպքում Դաշնակցությունը դո՞ւրս կգա այդ գործընթացից։

-Եթե դա տեղի չունենա, մենք միասնական թեկնածուի փնտրտուքը որեւէ կերպ իմաստավորված չենք համարում։ Մեր ձեւակերպած օրակարգում չկան կետեր, որ կարող են ընդունելի չլինել քաղաքական ուժերի համար։ Դրանք կոնկրետ հարցեր են՝ մեր ներքին եւ արտաքին քաղաքականության համար առանցքային խնդիրներ, որոնք ենթադրում են հնարավորինս կոնկրետ քայլեր։

Կարելի է, իհարկե, համաձայնեցնել առանձին շեշտադրումներ՝ առանց իմաստը փոխելու. մենք նշել ենք հիմնական ուղղությունները՝ ամեն կետ ունի շերտեր, եւ այդ շերտերը բացելու, իրականացման ժամանակացույցը հստակեցնելու առումով լուրջ քննարկումների դաշտ կա, որտեղ կարող են կոմպրոմիսնե՛ր էլ լինել, ճշգրտումնե՛ր էլ։

-Բազմիցս նշել եք, որ անձերի հարցը չեք կարեւորում՝ ձեզ համար էականը խնդիրներն են, որ պիտի լուծվեն, այնուամենայնիվ համաձայնեք՝ «օրակարգերի համադրումը» վերջին հաշվով հանգում է նախագահական ընտրություններում կոնկրետ թեկնածուի շուրջ համախմբվելու «գերխնդրին»:

-Դա տարիների ընթացքում ձեւավորված կարծրատիպ է։ Այդ կարծրատիպն ենք ուզում ջարդել՝ սա՛ է ամբողջ խնդիրը։

-Եթե այս փուլում ձեր ակնկալիքները չարդարանան, ի՞նչ եք անելու՝ չե՞ք մասնակցելու նախագահական ընտրություններին։

-Ասել եմ, նորից եմ ասում՝ երբ գործընթացն ավարտվի, Գերագույն ժողովը հնարավորություն կունենա ամենալայն սպեկտրով անդրադառնալու այս հարցին եւ որոշում ընդունելու։ Ինչպիսին կլինի այդ որոշումը՝ նախապես կանխորոշել հնարավոր չէ։ Դա պետք է անի Գերագույն ժողովը, որ տեղի կունենա դեկտեմբերի 2-րդ կեսին։

-ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը ձեր չմիանալը տարաբեւեռ մեկնաբանությունների առիթ տվեց։ Մասնավորապես ասվեց, որ Դաշնակցությունը ձեռքերը լվանում է «միավորման գործընթացից»։

-Միասնականությունը ենթադրում է որոշակի խաղի կանոնների պահպանում։ Եթե միասին աշխատում ենք, նշանակում է՝ պետք է լսել գործընկերների դիտողություններն ու առաջարկությունները, ոչ թե հրապարակ բերել մի փաստաթուղթ եւ ասել՝ միացե՛ք։ Այդպես չեն աշխատում։ Մենք այդ ոճով ոչ մեկի հետ չենք աշխատում եւ չենք էլ պատրաստվում աշխատել։

Մանավանդ, վստահ եմ, մեր առաջարկած ճանապարհով հարցը շատ ավելի ամբողջական կդառնար, որովհետեւ նախնական փուլը, որ ենթադրում ենք անցնել էթիկայի հանձնաժողովով, հիմքեր կստեղծեր նաեւ ՍԴ դիմելու համար։

-Ասենք՝ հանձնաժողովը արտահերթ նիստի տապալման հետ կապված՝ պատգամավորական էթիկայի խախտում արձանագրեց. դրանով ի՞նչ խնդիր է լուծվելու։

-Մեր դիմումում նաեւ հակասահմանադրականության հետ կապված հարցադրումներ կան, որովհետեւ էթիկայի խախտումը այս պարագայում ենթադրում է, որ խախտված է սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված պարտականությունների կատարման ընթացքը։ Եթե էթիկայի հանձնաժողովը դա ֆիքսում է՝ դաշտ է բացում այդ խախտումը իրավական հարթության վրա վիճարկելու համար, ասելով, որ կա օրենքի եւ սահմանադրության խախտում։ Սա՝ մարտավարական առումով։

Բովանդակային առումով մեր մոտեցումն ավելի ամբողջական է. մենք ասում ենք՝ շեշտը պետք է դրվի ոչ թե արտահերթ նիստի քվորումը տապալելու, այլ ընդհանրապես քվորումի հասկացության վրա։ Սահմանադրությունը քվորում է սահմանել միայն մեկ խնդրի հետ կապված՝ քվեարկություն եւ որոշումների ընդունում։ Այս առումով, ԱԺ նիստերի իրավազորության հարցով քվորում նախատեսելը, մեր կարծիքով, հակասահմանադրական է ի սկզբանե։

Մեր մոտեցումն այն է, որ ձեւակերպումները պետք է լինեն ավելի ամբողջական, ավելի իրավական, վեճի առարկան՝ ավելի հստակ։
Կա եւս մի խնդիր, որ էթիկայի հանձնաժողովում արծարծելու ենք։ Դա այն է, որ քվորումի ձախողումը կազմակերպված բնույթ է ունեցել։ Սա նշանակում է, որ ԱԺ անգործության հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ ԱԺ անգործությունն այն հիմքերից մեկն է, որով խորհրդարանը կարող է լուծարվել, որովհետեւ կա խնդիր, կա հարց, որ սահմանված կարգով բերված է օրակարգ, ոչ ոք այդ հարցը օրակարգից չի հանել, եւ այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Տպել Տպել