Արմեն Ռուստամյան. Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները

Ավարտվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշեց․ «Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները եւ լուրջ տարաձայնություններ չունենք․․․Ես ոչ մի բան չեմ բացառում, այս իրավիճակում որեւէ բան բացառելը անմտություն է»։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վաղը վարչապետ կունենանք, Ռուստամյանը հույս հայտնեց, որ այո, քանի որ «մեր հիմնական մտահոգությունը ղարաբաղյան ճակատին է վերաբերվում։ Որքան երկարի այս չհանգուցալուծված այս իրավիճակը, այդքան մեր եկիրն է թուլանում, այնքան թշնամու ախորժակն է մեծանում»։

Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ չկան, հակադրության մասին խոսք չկա, որովհետև քաղաքական ուժերը հասկանում են, որ կա քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն:

«Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է հետագա գործողությունների վերաբերյալ, Փաշինյանն ասել է, որ հետագա գործողությունները, զարգացման սցենարը կախված է վաղվա իրադարձություններից, ինչից հետո շարունակությունը կքննարկվի:

yerkirmedia.am

Մեր հիմնական մտահոգությունը ղարաբաղյան ճակատին է վերաբերում

Դաշնակցությունը միշտ էլ միասնական է եղել, մեր կուսակցության հետ կապված այդպիսի կասկածներ չեն կարող լինել. վարչապետի թեկնածու հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վաղը քվեարկելու ՀՅԴ-ն:

«ՀՅԴ-ն միշտ միակամ և միաձայն է իր տեսակետը հայտնել: Մենք մեր տեսակետը նախօրոք հայտնել ենք, որ այս փուլում առաջադրվելու դեպքում սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ շատ հստակ պատկերացնում են, որ վարչապետ ընտրելուց հետո Հայաստանում առաջանալու է նոր իրավիճակ, որի մասին էլ խոսել են Փաշինյանի հետ:

«Բովանդակային առումով մեր մոտեցումների միջև տարբերություններ գոյություն չունեն: Սա մեզ համար ամենասկզբունքայինն է եղել, որ հանգենք այս եզրակացությանը: Ես չեմ ուզում բացել շատ փակագծերը, բայց խոսքը վերաբերում է արտաքին ու ներքին քաղաքականության ուղղություններին: Իրար հետ փորձել ենք համադրել մեր տեսակետները, և իսկապես ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ չունենք»,- ընդգծեց նա:

Ըստ Ռուստամյանի՝ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն: «Բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած ճանապարհով: Մենք չենք կարող Սահմանադրությունը ծալել-դնել մի կողմ և խոսել մեր ցանկություններից: Մենք խոսել ենք Փաշինյանի հետ: Նպատակն այն չէ, որ արտահերթ ընտրություններ լինեն հնարավորինս շուտ: Արտահերթ ընտրությունները ևս պետք է սահմանադրորեն նախանշված դրույթներով ու մոտեցումներով անցկացվեն»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` ժամկետները պետք է լինեն ողջամիտ, համախոհությամբ պետք է կարողանան այդ հարցը լուծել: «Մենք ուզում ենք այնպիսի ընտրություն անցկացնել, որ բոլորս ունենանք հավասար մասնակցություն, այդ ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չդնի, և ամենագլխավորը` դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, որոնք այսօր պահպանված չեն»,- նշեց Ռուստամյանը:

Ըստ նրա` այս ամենի իմաստն այն չէր, որ արագ ընտրություններ անցկացվեն, ամենաարագը ոչ մեկի համար ընդունելի չէ, այն վարչապետ չընտրելու դեպքում կլինի: «Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, որը ենթադրում է 3/5-րդ մեծամասնություն, որը սահմանադրական մեծամասնություն է: Այդ սահմանադրական օրենքի փոփոխությունն ինքնին ժամանակ է պահանջում, ես չեմ կարող գնահատել օրերով: Ողջամիտն այն է, որ բոլոր փոփոխություները պետք է կատարվեն, որ բացառվի ընտրակաշառքի երևույթը, ռեյտինգային համակարգը պետք է վերացվի, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- ասաց պատգամավորը:

Հարցին` վաղը կընտրվի՞ վարչապետ, նա պատասխանեց. «Հուսով եմ` մեր հիմնական մտահոգությունը ղարաբաղյան ճակատին է վերաբերում: Այս ամենն այսքան երկար ձգվել չի կարող, որովհետև որքան երկարում է այս վիճակը, այնքան մեր երկիրն է թուլանում, այնքան մեր թշնամու ախորժակն է ավելանում: Սա մենք պետք է ամեն ձևով բացառենք: Այստեղ ՀՅԴ-ն լինելու է անզիջում, ամեն ինչ անելու է, որ բացառի թշնամու ախորժակի մեծացումը»:

Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ դուրս եկան կոալիցիայից, Ռուստամյանը պատասխանեց, որ դրա համար երկու պատճառ կար: «Կոալիցիայից դուրս ենք եկել, քանի որ կոալիցիոն հուշագիրն այս ֆորսմաժորային իրավիճակում չէր գործում, և որ մենք կարողանանք ինքնուրույն մեր կարևորած ծրագրերն ու մարտավարությունը իրականացնել: Մենք չենք կարող այն դաշտի մեջ լինել, որտեղ գրված է, որ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հանրապետականին: Որպեսզի սատարենք մեզ համար ընդունելի, ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածուին, նախ պետք է դուրս գայինք այդ հուշագրով սահմանված կաշկանդումից: Սա հնարավորություն տվեց, որ ՀՅԴ-ն մտնի այս պրոցեսի մեջ: Ժամանակը կգա, կտեսնեք, որ Դաշնակցությունն այստեղ խաղացել է կարևորագույն, լրջագույն դեր»,- եզրափակեց պատգամավորը:

yerkir.am

ՀՅԴ-ն միակամ է և սատարելու է Փաշինյանի թեկնածությունը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցություն ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն միակամ է և սատարելու է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Փաշինյանի հետ այսօր ունեցած հանդիպումից հետո Ռուստամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված․

– Պարոն Ռուստամյան, նախ կարո՞ղ եք ասել, որ ամբողջությամբ, մեկ մարդու նման դաշնակցության խմբագրությունը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին:

– Դաշնակցությունը միշտ էլ միակամ է եղել: Մեր կուսակցության հետ կապված այդպիսի կասկածներ չեն կարող լինեն, որովհետև կուսակցությունը միակամ է, միաձայն էլ իր տեսակետը հայտնել է և մենք մեր տեսակետը նախապես արդեն ասել ենք, որ այս փուլում առաջադրվելու պարագայում սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

– Նախապայմաններ դրե՞լ եք, ինչպիսի՞ նախապայման եք դրել, որպեսզի քվեարկեք նրա օգտին:

– Մենք շատ հստակ պատկերացնում ենք, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում և այդ նոր իրավիճակի մասին ենք մենք խոսել: Նախնական քննարկումներ մենք մինչև այդ էլ ունեցել ենք: Ես ինքս, բացի այս հանդիպումը, երկու անգամ արդեն հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ և մեզ համար սկզբունքային մի քանի հարցերի հետ կապված խոսակցություններ ունեցել ենք: Ես կարող եմ շատ հստակ ասել, որ բովանդակային առումով, որը մենք մինչև հիմա էլ ասել ենք, մեր մոտեցումների մեջ լուրջ տարբերություններ գոյություն չունեն և սա մեզ ամենահուսադրողն է եղել, որ ի վերջո հանգենք նաև այս եզրակացությանը:

Ես չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց խոսքը վերաբերում է Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող արտաքին քաղաքականության ուղղությունների և ներքին քաղաքականության ուղղությունների մասին, որի վերաբերյալ մի հինգ֊վեց հարցեր են, որոնք մենք մանրամասն իրար հետ փորձել ենք համադրել մեր տեսակետները և իսկապես ոգևորող է, որ այդտեղ մենք լուրջ տարաձայնություններ չունենք:

– Արտահերթ ընտրությունների անցկացումը ինչպե՞ս եք տեսնում այս փուլում:

– Արտահերթ ընտրությունները նույնպես պետք է սահմանադրորեն նախանշված դրույթները և մոտեցումները ընդունել: Այսինքն, մենք չենք կարող հայտարարել, որ այսինչ օրը ընտրություն է տեղի ունենալու, երբ որ Սահմանադրությունը այդպիսի բան չի նախատեսում: Այսինքն, ժամկետները պետք է լինեն ողջամիտ: Հարցը այն է, որ պետք է կարողանանք միասին, համախոհությամբ, այդ հարցը նույնպես լուծել, որովհետև այստեղ կան մի շարք հարցեր, որ անտրամաբանական վիճակի մեջ կհայտնվենք: Մենք ուզում ենք այնպիսի ընտրություն անցկացնել, որտեղ բոլորը կունենան մասնակցելու հավասար հնարավորություն, այդ ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դնի և ամենագլխավորը՝ դրա համար անհրաժեշտ են իսկապես քայլեր՝ նախապատրաստական, որոնք այսօր կատարված չեն:

azatutyun.am

Տպել Տպել