Ընտրություններից հետո պետք է պակասեցվեն վարչապետի լիազորությունները

Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցությունը բերելու ենք մայիսի 8-ի վարչապետի ընտրություններին. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանն ասաց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, կատարել բոլորովին այլ բան քաղաքական ուժի համար վտանգավոր է իր հեռանկարի առումով: Ռուստամյանը նշեց, որ չի կարծում այս պահին արտահերթ ընտրությունների գնալը բխում է ՀՀԿ շահերից:

«Եթե իրենց հայտարարույթունից դուրս քայլ անեն, ի՞նչ ռեսուրսներով կմասնակցեն արտահերթ ընտրություններին: Ռեյտինգայինն էլ չի օգնի: Բոլորի շահերից է բխում, որ տեղի ունենա վարչապետի ընտրություն և Նիկոլ Փաշինյանն ընտրվի: Սա կլինի միակ ճիշտ լուծումը»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ կա հստակ ժողովրդի պահանջ և սա պետք է գիտակցեն քաղաքական ուժերը անկախ նրանից` ով է ձևավորել այդ պահանջը:

«Ոչ մի այլ լուծում ժողովուրդը չի ընդունելու: Չպետք է ավելորդ մարտավարական տրամաբանության մեջ տեղափոխել հարցերը. այն ինչ դե ֆակտո կա դե յուրե պետք է արձանագրել»,- շեշտեց նա:

Ռուստամյանը անդրադառնալով արտահերթ ընտրությունների ժամկետներին, նշեց, որ ինքնանպատակ ժամկետ նշելը ճիշտ չէ:

«Մի քանի քայլեր պետք է արվեն, որ այդ ընտրությունները կասկածի տակ չդրվեն: Ընտրական օրենսգիրքը նախևառաջ պետք է փոխվի, սարքավորումները պետք է դրվեն բոլոր ընտրատեղամասերում, որ կրկնաքվեարկությունները բացառվեն: Առաջին քայլերից մեկը պետք է լինի այն, որ վարչապետի լիազրությունները պետք է նվազեցվեն: Հավասար պայմաններ պետք է ստեղծվեն, որ բոլոր ուժերը հավասար պայմաններով գնան ընտրությունների»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը` արդյոք ՀՅԴ-ն չունի կառավարության մաս կազմելու ակնկալիք՝ Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք նման ակնկալիք չունեն, բայց ուզում են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի և լուծի իր առջև դրած խնդիրները. «Մեր բոլոր կարողություններով աջակցելու ենք, որ դա հաջողի»,- նշեց Ռուստամյանը։

Վերջինս նաև նշեց, որ ինքը ազգային համաձայնության կառավարություն ստեղծելը տրամաբանական է համարում։ Ինչ վերաբերում է հարցին` ինքն անձամբ իրեն տեսնու՞մ է կառավարությունում, նա ասաց. «Անձամբ ես չեմ հավակնում և չեմ պատրաստվում մտնել կառավարության կազմի մեջ, բայց մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»:

Նա հավելեց, որ ՀՅԴ-ն իր ողջ կարողություններով աջակցելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողվի: Ըստ Ռուստամյանի` եթե նոր կառավարությունը արդար Հայաստան է ուզում, դրա լուծումը ճիշտ կադրային քաղաքականությունն է:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը որոշվել է: «ՀՅԴ խմբակցության քարտուղարը Արմենուհի Կյուրեղյանն է»,- ասաց նա:

Ռուստամյանն անդրադարձավ Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելու շուրջ առաջացած աղմուկին, մասնավորապես` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանն է ակտիվացել այդ թեմայի հետ կապված: Փորձում են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել: Պատգամավորի սահմանադրական իրավունքի մասին` այո, Աղվան Վարդանյանը առաջնորդվել է իր համոզումով, չի մասնակցել քվեարկությանը և առաջնորդվել է իր խղճով` վայր է դրել մանդատը»,- ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ ոմանք ՀՅԴ ավանդույթներից ցնցումների մեջ են ընկնում: «Այդ ավանդույթների շնորհիվ է, որ այս կուսակցությունը 128 տարի մնացել է: Մենք վարվել ենք մեր կուսակցության ներքին կանոններով: Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելը չի հակասում Սահմանադրությունը»,- շեշտեց Ռուստամյանը:

Անդրադառնալով հարցին, թե Աղվան Վարդանյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև տարաձայնություններ կան, հնարավո՞ր է` նրա հեռացման պատճառը դա է, նա պատասխանեց, որ ՀՅԴ-ում անձերի միջև հակասությունները չեն կարող հանգեցնել անձի նկատմամբ հետապնդումների:

Տպել Տպել