Հավանական է կոալիցիայի ձեւավորումը

Կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն կա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Վերջինս նշեց, որ փաստաթղթի մշակման շուրջ պաշտոնապես նման բանակցություններ չեն մեկնարկել, բայց հանդիպումների ժամանակ խոսվել է դրա կարևորության մասին:

Արսեն Համբարձումյանը նշեց, թե այս պահին դժվար է ասել՝ ինչ անուն կունենա այդ փաստաթուղթը, արդյոք այն կլինի կոալիցիայի մասին, թե համաձայնության կառավարության ստեղծման, բայց շեշտեց, որ եթե առաջնորդվենք գործող օրենքներով, ապա ենթադրվում է, որ դա պետք է լինի կոալիցիա:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությանը, խորհրդարանական մեծամասնությունն իրեն հռչակեց ընդդիմություն:

Միաժամանակ, խորհրդարանական մյուս երեք ուժերը կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և հավաքեցին նրա առաջադրման համար անհրաժեշտ նվազագույն քանակով ստորագրությունները:

– Վերջերս Tert.am-ի հետ զրուցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չէր բացառել, որ մինչև նոր կառավարության ծրագրի ներկայացումը ստորագրվի համաձայնության կառավարության կամ մեկ այլ անվամբ փաստաթուղթ՝ այն ուժերի միջև, ովքեր կազմել են գործադիր իշխանություն: Ի՞նչ փուլում են այս քննարկումները:

– ՀՅԴ-ն ի սկզբանե այն մոտեցմանն է եղել, որ նման փաստաթղթի անհրաժեշտություն կա, իսկապես կա կարիք անդրադառնալ այդ հարցին, որովհետև քաղաքական համագործակցությունը ենթադրում է սկզբունքների, նպատակների ամրագրում: Բանակցություններ որպես այդպիսին չեն մեկնարկել, բայց հանդիպումների ժամանակ մենք խոսել ենք այդ հարցի կարևորության մասին:

– Ի՞նչ տեսք կունենա այդ համաձայնագիրը:

– Որևէ բան այս պահին կդժվարանամ ասել:

– Դաշնակցությունն ինչպիսի՞ փաստաթուղթ է ակնկալում:

– Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մաս են կազմում Կառավարությանը, ստանձնում են պատասխանատվություն, պետք է միանան այս փաստաթղթին, ձեռք բերված համաձայնությունները պիտի ամրագրվեն թղթի վրա:

– Այդ համաձայնագիրը, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ անուն պիտի ունենա՝ կոալի՞ցիա, համաձայնության կառավարության ստեղծման մասին փաստաթո՞ւղթ, կամ գուցե պատասխանատվությունը կիսելու մասին հուշագի՞ր:

– Կդժվարանամ ասել, թե ինչ անուն այն կունենա, բայց եթե առաջնորդվենք գործող օրենքներով՝ ենթադրվում է, որ դա պետք է լինի կոալիցիա: Ամեն դեպքում, հաշվի առնելով հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակները, չեմ բացառում, որ քննարկվի այլ տարբերակ ևս:

Տպել Տպել