Արցախում է UCLA համալսարանի պրոֆեսորը

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի ԿԿ-ի նախաձեռնությամբ այս օրերին Արցախում են գտնվում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) իրավագիտության պրոֆեսոր Պոլ Վան Բլումը և նրա կինը, որոնց ուղեկցում են «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը և Պոլ Վան Բլումի ուսանող Վարանդ Անմահունին: Պրոֆ. Վան Բլումը նախկինում եղել էր Հայաստանում, իսկ Արցախ առաջին անգամ է այցելում:

Արցախում պատվիրակության առաջին հանդիպումը ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հետ էր, ով իր խոսքում ողջունել է պրոֆեսորի այցն Արցախ:

Ի պատասխան Պոլ Վան Բլումն ասել է, որ շատ ուրախ է Արցախում գտնվելու համար: «Ես ունեցել եմ շատ հայ ուսանողներ, որոնց հետ շատ ենք խոսել հայկական հարցի, Հայոց Ցեղասպանության, Արցախի մասին: Իմ ուսանողների մեծ մասը Արցախի մասին շատ բան չգիտեն և ես այստեղ եմ, ավելի շատ իմանալու այս հարցի մասին, ընդլայնելու իմ գիտելիքները, որոնք կօգնեն դասավանդման և աշխատություններ գրելու համար»,- նշել է Պոլ Վան Բլումը:

Արմինե Ալեքսանյանը ներկայացրել է Արցախի հարցի էությունը՝ շեշտելով, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանին է բռնակցվել խորհրդային իշխանության ժամանակ, իսկ Ադրբեջանն իրեն հայտարարել է մուսաֆաթական և ոչ թե խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ: Ադրբեջանի կազմում եղած ժամանակ էլ Արցախի հայերը միշտ ձգտել են միանալ մայր Հայաստանին, տարբեր տարիներին նամակներ, խնդրագրեր են ուղարկել Մոսկվա, մինչև 1988թ. խաղաղ ցույցերը, այնուհետև պարտադրված պատերազմ ու անկախություն:

ԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպումից հետո պրոֆ. Վան Բլումը նախարարության աշխատակիցների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում քննարկվել է նաև Արցախի ժողովրդի ձայնը միջազգային հանրությանը հասցնելու հարցը:

Արցախում պատվիրակությանն ուղեկցում էր ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:

Պատասխանելով Արցախ այցելելու մասին «Ապառաժ»-ի հարցին՝ Վան Բլումը նշել է, որ Հայաստանի մասին բավականին տեղեկացված է և այցը հնարավորություն է տալիս ավելի շատ իմանալու, տեսնելու, սովորելու Արցախի մասին: «Տպավորություններս շատ դրական են: Ես հիացած եմ Արցախի հպարտ ժողովրդով»,- ասել է Վան Բլումը:

Հայաստանով հետաքրքրվածությունը պրոֆեսորը բացատրում է այն հանգամանքով, որ ինքը Հոլոքոստից փրկված երկրորդ սերնդի ներկայացուցիչ է: «Ինձ համար կարևոր են մարդու իրավունքներին, արդարությանը վերաբերող հարցերը և կյանքիս ընթացքում այդ խնդիրներով եմ զբաղվել, այս առումով Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերը ինձ համար հոգեհարազատ են»,- նշել է նա:

«Իմ լսածն Արցախի մասին և տեսածը համապատասխանում են, բայց ինձ համար ավելի կարևոր էր, որ իմ աչքով տեսնեմ, ընկալեմ իրականությունը և հույս ունեմ, որ մինչև ճամփորդության վերջը դա կկարողանամ անել»,- նշել է Պոլ Վան Բլումը:

Արցախում պատվիրակությունն առաջիկա օրերին այցելելու է տեսարժան վայրեր, հանդիպումներ է ունենալու ուսանողների, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի հետ:

aparaj.am

Տպել Տպել