Սփյուռքում անցկացվելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված Սփյուռքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ դեռ մի քանի ամիս առաջ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվել են հանձնաժողովներ, որտեղ ներգրավվել են կուսակցություններ, տարբեր միություններ: «Ես կարծում եմ, որ հարյուրամյակը չպետք է սահմանափակել միայն այս ամսվա, կամ այս տարվա կտրվածքով: Անհրաժեշտ է գիտական, քաղաքական ախիվային փաստաթղթերի հետ կապված շարունակել քննարկումները»,-ասաց նա:

Գանտահարյանը նշեց, որ մայիսի 30-ին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կմեկնարկի լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: «Համաժողովի ընդհանուր թեման պետականությունն է լինելու, որին մասնակցելու են Սփյուռքի տաբեր ներկայացուցիչներ: Համաժողովը սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ է»,-ընդգծեց Գանտահարյանը, հավելելով, որ անդրադարձ կկատարվի նաև առաջին հանրապետության ժամանակահատվածում լույս տեսած մամուլին, պետականությանը: Սփյուռքից եկած լրագրողները հանդիպումներ ունենալու առիթ կունենան հայաստանյան գերատեսչությունների ղեկավարների հետ:

Տպել Տպել