Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ներկայացուցիչները Արցախում

Կիպրոսի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիտուն եւ Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին՝ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ:

Մայիսի 26-ին, պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Վիլեն Սաֆարյանը:

Վահրամ Բալայանն իր խոսքում ողջունել է Կիպրոսի պատվիրակության այցն Արցախ՝ նշելով, որ Կիպրոսի ու Արցախի ժողովուրդը բախտակից են ճակատագրով, եւ այդ ճանապարհը թույլ է տալիս ներկա ժամանակներում ունենալ ջերմ հարաբերություններ:

«Արցախ թերահավատությամբ այցելող քաղաքական գործիչները, ժամանելով մեր երկիր, դառնում են մեր բարեկամները եւ մեր դեսպաններն իրենց երկրներում: Հուսով եմ՝ դուք էլ մաս կկազմեք մեր բարեկամական շրջանակին,- նշել է Վ. Բալայանը՝ հույս հայտնելով, որ միասնական Կիպրոսի գաղափարը վերջիվերջո կլուծվի,- Աշխարհը գիտակցում է, որ դա հունական հող է եւ պատկանում է հույն ժողովրդին: Արդարության համար ամեն մի պայքար ի վերջո հասնում է հաջողության»:

Ի պատասխան գեներալ Խ. Լեֆկարիտիսին, որն առաջին անգամ է այցելում Արցախ, նշել է. «Կիպրոսցիներն ու հայերը նույն ճակատագիրն ունեն: Երկու ժողովուրդներն էլ շատ հեռվից են գալիս եւ նույն քաղաքակրթությունն ունեն, հենց դրա համար են մեզ նախանձում նոր ձեւավորվող ժողովուրդները: Մենք ունենք նույն դավադիր թշնամին, որը եկավ հեռավոր Ասիայից եւ խաթարեց ոչ միայն կիպրոսցիների ու հայերի խաղաղությունը, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի: Հուսով ենք, որ հայ ժողովրդի պայքարելու ուժը մոտ ապագայում կբերի միջազգային ատյաններում Արցախի Հանրապետության ճանաչմանը: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են: Կիպրոսը միշտ եղել է Արցախի ժողովրդի կողքին, եւ մենք դրա համար ենք այսօր այստեղ: Կիպրոսը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովներից է»,- իր խոսքում ասել է գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին՝ շեշտելով, որ հայերի պահանջներն ու իրավունքներն այնքան արդար են, որ միայն ստախոսը կարող է դա ժխտել:

Ամփոփելով հանդիպումը՝ երկու ժողովուրդների ներկայացուցիչները փոխհամագործակցության հաստատման հայտարարի եկան: Կիպրոսի եւ Արցախի միջեւ կապերը սերտացնելու վերաբերյալ քննարկումները շարունակվել են Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում՝ կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի եւ ԿԿ անդամներ Լեռնիկ Հովհաննիսյանի եւ Վահագն Դադայանի հետ:

«Սոցինտերնի» անդամ երկու կուսակցությունների ներկայացուցիչները համոզված են՝ միջկուսակցական հարաբերությունները պետք է դրվեն ամուր հիմքի վրա:

«Կարծում եմ, որ կուսակցական մակարդակով համագործակցության ամրապնդումը կբերի պետական երկու միավորների՝ Կիպրոսի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ համագործակցության խորացմանը»,- իր խոսքում նշել է Դավիթ Իշխանյանը:

Նշենք, որ այցի շրջանակներում Կիպրոսի պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաեւ ԱՀ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նախատեսված է նաեւ այցելություն ՊԲ զորամասերից մեկը:

aparaj.am

Տպել Տպել