Մեծ թվով դաշնակցականներ են ժամանել Հայաստան՝ Մայիսի 28-ը տոնելու

Այս օրերին Սփյուռքից մեծ թվով դաշնակցականներ են եկել Հայաստան՝ Սարդարապատ այցելելու և տոնական օրը հայրենիքում նշելու:

Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ճիշտ է, Սփյուռքում էլ տոնում են Մայիսի 28-ը, սակայն Հայաստանում օրը տոնելը մեկ այլ զգացողություն է:

«Մենք տարիներով ապրել ենք Մայիսի 28-ի խորհրդով, զինանշանով, հայկական արժեքներով, իմաստով, և հիմա այլևս մեր հայրենիքն անկախ է, ու բնական է, որ պետականության վերականգնման 100-ամյակը պետք է այսքան մեծ շուքով տոնենք: Մեզ համար այս տոնը վերածնունդ է, այսինքն՝ մենք փյունիկի նման կարողացանք դուրս գալ, ոտքի կանգնել: Ի դեպ, Սփյուռքում տոնն ընկալում են ճիշտը այնպես, ինչպես այստեղ»,- ասաց Տեր-Խաչատուրյանը:

Կանադայից էլ մի քանի օրով Հայասատան է ժամանել դաշնակցական Հրայր Հակոբյանը, ում համար երազանք էր հենց այս օրը Հայաստանում լինելը: «Թեև ուրախալի օր է, միևնույն ժամանակ, մեզ համար հուզիչ է տեսնել, ներկա գտնվել հենց 100-ամյակի միջոցառմանը: Լավ է, որ հիշում ենք մեր նախնիների քաջագործությունները և տոնում այս օրը: Հույս ունեմ, որ հաջորդ սերունդներն էլ կշարունակեն տոնել այս կարևոր օրն ու չեն մոռանա մեր բոլոր տոները»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց նաև, որ Կանադայում մեծ շուքով են նշում Մայիսի 28-ը, անգամ՝ որոշ փողոցներ են փակվում, որպեսզի ազատ լինի տեղաշարժը դեպի հայկական ակումբ: «Հայ համայնքը, ՀՕՄ-ը, սկաուտները պարտադիր միջոցառումներ են կազմակերպում՝ պատարագ, պարահանդես, խորոված…»,- ասաց Հակոբյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը թեև հաճախ է այցելում Հայաստան, սակայն, ըստ նրա, այսօր Հայաստանում լինելը բոլորովին այլ խորհուրդ ունի: «Օրը տոնելը պարտականություն և հաճույք է: Կարծում եմ՝ Հայաստանի ժողովրդի հետ պետք է լինել այսօր, քանի որ հայ ժողովրդին է պատկանում հաղթանակի բերկրանքը: Եթե Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի մարտերում հաղթած չլինեինք, այսօրվա Հայաստանը Թուրքիա կլիներ: Շնորհիվ նաև Առաջին հանրապետության է, որ այսօրվա հանրապետությունը գոյություն ունի»,- ասաց Փափազյանը:

Հայաստանում է նաև Կիպրոսի Սոցիալիստական կուսակցության կազմակերպչական պատասխանատու Քրիստոդուլոս Լեֆկարիպիսը, ով մինչև Մայիսի 28-ը մի փոքր ժամանակ է ունեցել և Արցախ է այցելել: Լեֆկարիպիսի խոսքով՝ Հայաստան այցի նպատակը Հայաստանի պետականության վերականգնման տոնի կապակցությամբ «մեր եղբայրներին» շնորհավորելն է: «Մենք այցելեցինք նաև Արցախ՝ տեսնելու տեղի ժողովրդին, խնդիրների հետ ծանոթանալու և հասկանալու՝ ի՞նչ պետք է անենք, որ Արցախը ճանաչվի և ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ մենք: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մենք՝ հայերն ու կիպրացիները, շատ նման ենք իրար, երկուսս էլ պատմության խորքերից ենք գալիս, պատմությունը շատ դասեր է երկուսիս էլ տվել»,- ասաց Լեֆկարիպիսը:

Նա նշեց նաև, որ կուզեր՝ իրենց մոտ էլ նույն առիթը լիներ և նույն կերպ տոնեին իրենց անկախությունը: «Երանի մենք էլ նույն առիթը ունենայինք, որ նման՝ ուրախ կերպով տոնեինք մեր անկախությունը… Այդ օրը կգա, և մենք էլ կտոնենք մեր անկախությունը»,- ասաց հյուրը:

yerkir.am

Տպել Տպել