Այցելություն Արամ Մանուկյանի գերեզմանին

Այսօր մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմին էին այցելել ՀՅԴ-ականները: Այնտեղ էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը և այլոք:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով հարցին` արյդո՞ք այսօր` հարյուր տարի անց, ճիշտ է գնահատվում անկախության արժեքը, ասաց, որ դեռ անհրաժեշտ չափով այն չի գնահատվել:

«Փաստն այն է, որ մենք ենք հիմա Արամ Մանուկյանի գերեզմանի մոտ: Արամ Մանուկյանի տեսակը մեր պետական այրերի, մեր քաղաքական գործիչների համար իսկապես պետք է ուղեցույցը, ուղղորդողը, ընդօրինակվող կերպարը լինի, որն այդպես չէ: Դեռ անհրաժեշտ չափով չի գնահատվել, բայց, կարծում եմ, այսքան ուշացումով նոր սկիզբը կլինի, որ ամեն օր ավելի շատ կարողանանք հասկանալ այդ սերունդի և նրա ամենավառ ներկայացուցիչ Արամի դերակատարությունը հայկական իրականության, հայկական պատմության մեջ: Մենք մեր ժողովրդի անկման ընթացքը կասեցրել ենք 1918 թվականին, և նոր վերելքի շրջան ենք սկսել` պետականության վերականգնումով»,- ասաց նա:

Մարգարյանը նկատեց, որ ամեն ինչի հիմքում եղել է մի ամբողջական սերունդ, մի կազմակերպություն, մի ժողովուրդ, որի ամենաբյուրեղյա կերպարը եղել է Արամ Մանուկյանը: «Նա ներկայացնում է այդ ամբողջ սերունդը, այդ 30 տարվա ազատագրական պայքարը: Մենք 30 տարվա մղած պայքարով կարողացանք վերագտնել կորցրած ռազմական ուժը, կարողացանք նաև քաղաքական ինքնուրույն ազդակ դառնալ տարածաշրջանում: Այո, կարողացանք այդ ողբերգական պահին ամենամեծ սխրանքը գործել` ստեղծելով Հայկական պետականությունը» ,- ընդգծեց նա:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ հարյուր տարի առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հայ ժողովրդի կողմից կատարված սխրանքի արդյունքում մենք նոր էջ բացեցինք մեր պատմության մեջ, և մայիսյան հերոսամարտերն եկան ամրագրելու հայկական նոր վերածննդի սկիզբը: «Այսօրվա հեռավորությունից դժվար է գերագնահատել այն սխրանքը, որը կատարվեց 100 տարի առաջ: Պետք է արձանագրել, որ ՀՅԴ քաղաքական ղեկավարության և բազմաթիվ նվիրյալ հայորդիների ջանքերով կարճ ժամանակահատվածում միս ու արյուն ստացավ մեր նորանկախ պետականությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով` կարևոր է, որ մենք մեր գնահատանքի խոսքը կարողանանք այսօր հնչեցնել մեր պետականության հիմնադիր այրերին և առաջին հերթին Արամ Մանուկյանին: «Առանց Արամ Մանուկյանի, առանց այն նվիրյալ զավակների, ովքեր ոգեշնչեցին, ոգևորեցին, հավատացին, հատավացրեցին և իրենց հետևից տարան հաղթանակի, դժվար կլիներ պատկերացնել այն հաջողությունը, որը մենք արձանագրեցինք 1918 թվականին»,- եզրափակեց նա:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն էլ նշեց, որ Մայիս 28-ն իր համար մեր նորագույն պատմության մեծագույն թվականն է, և որ մայիս 28-ի շնորհիվ է, որ Հայաստանը վերադարձավ աշխարհի քարտեզին: «Մայիսի 28-ի հաղթանակների հայ ժողովրդի պայքարի վճռականության համահայկական ջանքի արդյունք էր առաջին Հանրապետությունը, վերականգնվեց պետականությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով` Արամ Մանուկյանն այդ ժամանակվա սիրտն ու միտքն էր: «Արամ Մանուկյանը հանդիսացավ այն հիմքը, ում շնորհիվ հայտարարվեց Հայաստանի անկախությունը»,- շեշտեց նա:

yerkir.am

Տպել Տպել