Հայաստանի և սփյուռքի դաշնակցականները տոնում են հաղթական Մայիսի 28-ը

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բազմամարդ քայլերթ էր կազմակերպել Մատենադարանից մինչև Հանրապետության Հրապարակ: Բազմամարդ երթին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքի հայկական գաղթօջախներից ժամանած բազմաթիվ դաշնակցականներ, կուսակցության համակիրներ:

Քայլերթի մասնակցիները երթով շարժվեցին նախ Ազատության հրապարակ, որտեղ ելույթներ ունեցան Դաշնակցության ներկայացուցիչները:

Գեղամ Մանուկյանը շնորհավորեց Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և հայտարարեց. «Փառք, այն հանրապետությանը, որ կերտվեց հարյուր տարի առաջ 600 տարվա պետականության բացակայությունից հետո: Հպարտանանք մեր անկախությունով, մեր բանակով և մեր քաջարի զինվորներով և հարյուր հազարավոր հայրենակիցներով: Այստեղից ողջույններ հղենք այն անձանց, ում նախնիները եղել են անկախության ակունքներում, շատերը թոռից թոռ փոխանցել են այդ գաղափարները»:

«100 տարի առաջ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Սարդարապատում հայ ժողովրդի կատարած սխրանքը մեր պատմության մեջ նոր էջ բացեց: Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության նոր վերածննդի դարաշրջանի խորհրդանիշը հանդիսացան»,-իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ-ական գործչի խոսքով` դժվար է գերագնահատել անկախ պետականության դերն ու նշանակությունը ժողովուրդների` առավել ևս հայ ժողովրդի կյանքում:

«20-րդ դարասկզբին աշխարհաքաղաքական բարդ զարգացումների արդյունքում հայ ժողովուրդը կանգնած էր ոչ միայն իր էթնոքաղաքական, էթնոմշակութային ինքնությունը կորցնելու, այլև` ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ«,-ասաց նա:


Արսեն Համբարձումյանը վստահ է` Մայիսյան հերոսամարտերը մեր ժողովրդի համար հրաշք էին, որին շատերը չէին հավատում: «Շատերը համարում էին, որ անկախությունն անժամանակ ծնունդ է, անգամ պետություն և անկախություն բառերը չակերտների մեջ էին վերցնում, բայց ի բարեբախտություն մեզ` այդ հոռետեսական կանխատեսումներն իրականություն չդարձան, որովհետև ՀՅԴ-ի քաղաքական ղեկավարությամբ և բազմաթիվ նվիրյալ հայորդիների ջանքերով անհնարինը դարձավ հնարավոր: Կարճ ժամանակահատվածում նորանկախ պետականությունը միս ու արյուն ստացավ, դրեցինք պետականաշինության ամուր հիմքեր»,-ասաց նա:


Արսեն Համբարձումյանի կարծիքով, եթե չլինեին այդ հիմքերը, չէին լինի նաև մյուս երկու հանրապետությունները: «Այս սխրանքի հիմքի վրա մենք հետագա տարիների ընթացքում կարողացանք իբրև ազգ, իբրև ժողովուրդ վերահաստատել մեր տեղն այս աշխարում»,- նշեց նա:

Ըստ ՀՅԴ-ական գործչի` յուրաքանչյուր ժողովրդի համար անկախ պետականությունը ինքնակազմակերպման բարձրագույն աստիճանն է:

«Հայաստանի հզորացումն ու զարգացումը պետք է լինի համայն հայության պատվի խնդիրը, անկախ պետականությունը մեր հպարտությունն է, և մենք տեր պետք է կանգնեք այդ հպարտությանը, որովհետև հակառակ պարագայում ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, ոչ ոք հարգանքով չի վերաբերի մեզ: Այս գիտակցությամբ, առանց զիջման պիտի շարունակենք զարգանալ»,-նկատեց նա:

Տպել Տպել