Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ Դեյվիդ Ուորներին

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին:

Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը:

«Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են այն մասին, որ մենք ժողովրդավարության ինստիտուտների ստեղծման ճանապարհին հաջողություններ ունենք», – նշել է Վահրամ Բալայանը:

Այնուհետ ԱԺ նախագահի տեղակալը անդրադարձել է խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Ուորները նշել է, որ շատ տպավորված է իր առաջին այցով Հայաստան, Արցախ և բացահայտել երբեմնի ցանկությունը՝ այս երկու երկրների ժողովրդի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին:

«Հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է, և միջազգային հանրությունը պարտավոր է առնվազն հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հասցեագրված դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը», – ընդգծել է Դեյվիդ Ուորները:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապեր

Տպել Տպել