Արցախում որոշակի քաղաքական ճգնաժամ կա, որը պետք է ճիշտ գնահատել և դարձնել իրական ուղղորդող ուժ

Կարծում եմ որոշակի քաղաքական ճգնաժամի մեջ ենք հայտնվել Արցախի հանրապետությունում և ակնհայտորեն հունիսի մեկին սկսած զարգացումների հիմքը դրա բուն պատճառը չէր. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Կարծում եմ չպետք է սրանից ողբերգություն սարքել կամ ենթադրել, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է մեզ ուրիշ տեղ տանել: Այդուհանդերձ պետք է ճիշտ գնահատել և նաև քաղաքական կոռեկտության սահմանները դարձնել իրական ուղղորդող ուժ»,-ասաց նա: Դավիթ Իշխանյանը նշեց, որ նախագահի կողմից նաև տրվեցին որոշակի ազդակներ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը կա: «Ակնհայտորեն այդ մասին բարձրաձայնել է երկրի նախագահը վերջին մեկուկես ամսվա ընթացքում, և ինչպես ասում են շաբաթն ուրբաթից ավելի շուտ եկավ, պարզապես հունիսի մեկի միջադեպը առիթ հանդիսացավ այդ փոփոխությունների ու բարեփոխումների շարք սկսելու»,-ասաց նա:

-Պարո՛ն Իշխանյան, ինչպե՞ս կգնահատեք Արցախում ստեղծված իրավիճակը, հանրության դժգոհություններից հետո տեղի ունեցած Արցախի պետնախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հրաժարականները և նոր նշանակումները ինչքանո՞վ կայունացրեցին ներքաղաքական իրավիճակը:

-Կարծում եմ որոշակի քաղաքական ճգնաժամի մեջ ենք հայտնվել Արցախի հանրապետությունում և ակնհայտորեն հունիսի մեկին սկսած զարգացումների հիմքը դրա բուն պատճառը չէր: Այդ ճգնաժամը պետք է հաղթահարվի և կարծում եմ, թե՛ քաղաքական ուժերը, և թե՛ ընդհանրապես պետական կառավարման համակարգի կարևոր դեմքերը՝ երկրի նախագահը և մյուս պաշտոնյաները գիտակցում են, որ ստեղծված իրադրությունը պետք է օր առաջ հանգուցալուծել և փորձել ավելի կայուն վիճակ ստեղծել մեր ժողովրդի, պետության համար:

-Ստացվեց, որ իշխանությունն ականջալուր եղավ ցուցարարների պահանջներին: Կարծո՞ւմ եք նման կադրային փոփոխությունները բավարա՞ր են, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

-Նախագահի կողմից նաև տրվեցին որոշակի ազդակներ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը կա, որովհետև մենք չենք կարող այդ ընդհանուր զարգացումներից անմասն մնալ, այն ստեղծված համակարգով ու կառավարման մեխանիզմներով առաջնորդվելով, ինչ առկա էր Արցախի Հանրապետությունում: Ակնհայտորեն այդ մասին բարձրաձայնել է երկրի նախագահը, տարբեր քաղաքական ուժերի մակարդակներով նույնպես այդ մասին խոսվել է վերջին մեկուկես ամսվա ընթացքում, և ինչպես ասում են շաբաթն ուրբաթից ավելի շուտ եկավ, պարզապես հունիսի մեկի միջադեպը առիթ հանդիսացավ այդ փոփոխությունների ու բարեփոխումների շարք սկսելու: Ակնհայտ է, որ ուժային կառույցների որոշ պատասխանատուների ներկայացուցիչների հրաժարականի պահանջ դրվեց, դա արտացոլվեց նաև այլ պատասխանատուների առումով, բայց կարծում եմ այն փոփոխությունները, որ սկսվեց պետնախարարի հրաժարականով և հրաժարականից հետո, արդեն իսկ լուրջ գործընթացի սկիզբ են դրել: Իսկ այդ գործընթացի սկիզբը հուշում է, որ երկրի նախագահի կողմից նաև այլ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու և այդ փոփոխությունները միայն ու միայն միտված են լինելու ԱՀ-ում ստեղծված մի շարք հիմնախնդիրների հանգուցալուծմանը: Իսկ դրանք տարբեր բնագավառներին են առնչվում, տարբեր բովանդակություն ունեն՝ սկսած հանրային հնչեղության հիմնախնդիրներից, մինչև սոցիալական ոլորտի կենցաղային մակարդակի խնդիրներ, որոնք անհրաժեշտ են որևէ ձևաչափով լուծումներ տալու:

-ԱՀ ԱԺ-ում ստեղծվեց նաև քննիչ հանձնաժողով, ո՞րն է լինելու դրա անելիքը, արդյոք բուն ծեծկռտուքի միջադեպը նույնպես հանձնաժողովի անդամների ուշադրության տիրույթում է լինելու՝ հանրության վստահությունը բարձրացնելու համար:

-ԱԺ-ում քննիչ հանձնաժողովը հանրային հնչեղության հարցերի երևան հանելու և դրանց հանգուցալուծման նպատակով է ստեղծվել, դրանցի զատ, այն հանրային խորհուրդը, որը դեռևս չունի իրավական որևէ ուժ և լեգիտիմություն, փորձում է իմի գումարել հանրության մեջ կուտակված այն դժգոհությունները և հիմնախնդիրները, որոնք պետք է այս կամ այն գերատեսչությունների մակարդակով համապատասխան լուծումներ ստանան: Ինչ վերաբերում է միջադեպին, պետք է հստակ տարբերակենք, որ այդ գործը պետք է լուծվի իրավական հարթությունում: Այստեղ մենք պետք է տարբերակենք իրավական և քաղաքական հարթությունում առաջացած խնդիրների լուծումը: Հունիսի մեկի միջադեպի հարցում կա Դատախազության կողմից հարուցված քրեական գործ, նախաքննություն է ընթանում և, հավանաբար, վերջնական հանգուցալուծման տանող քայլերը կլինեն: Սա այլ խնդիր է, մյուս հարթությունը քաղաքական պահանջներն ու քաղաքական խնդիրներն են, որոնք փորձեցին հանրության տարբեր շրջանակներ բարձրաձայնել: Մի քանի ուժային կառույցի հրաժարականներից հետո, հավանաբար տեղի ունենան ևս որոշ կադրային փոփոխություններ, որոնք պետք է մեղմեն թե այդ քաղաքական լարված մթնոլորտը և նաև փորձեն նոր մոտեցումներով և բարեփոխումների գործընթացով լուրջ կայունության ապահովել ԱՀ-ում:

– Արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ եթե տնտեսական զարգացման լուրջ տեմպերը նկատելի են Արցախում, ապա ժողովրդավարության հաստատման հարցում այդ քայլերը շատ ավելի դանդաղ են: Համակարծի՞ք եք, և արդյոք բարեփոխումներ ասելով հենց այդ ինստիտուտների ձևավորման խնդիրն է դրված լինելու:

-Ժողովրդավարության սկզբունքների արմատավորման, մարդու իրավունքների պաշտպանության համար քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման այս գործընթացները պահանջում են քաղաքական կամք, դասական մեթոդներով զարգացումների անհարժեշտություն: Մենք չենք կարող մեկ օր քնից զարթնել ու ասել, որ սրանք անհրաժեշտ էին և մենք պետք է ունենանք, սա երկարատև պրոցես է, որի մեջ պետք է ներգրավված լինեն քաղաքական ուժերը: Հարց է, իսկ արդյո՞ք կայացած են Արցախի քաղաքական ուժերը երկրի ներքին կյանքում այդ բարձրաձայնած ուղղությունների մեջ ինչպիսի՞ դերակատարություն ունեն կուսակցությունները: Պետք է նկատի ունենալ, որ այս տարիների ընթացում ՀՅԴ-ի քայլերը և դերակատարումը եղել են դրանցից ելնելով, փորձել ենք քաղաքական մշակույթ մտցնել երկրի ներքին կյանքում: Քաղաքական ուժերը պետք է երկրի ներքաղաքական կյանքի իրական դերակատարը լինեին, և այդ դերակատարումը իր անդրադարձն ու ազդեցությունը պետք է ունենար հասարակական գործընթացների վրա: Այսօր մենք մտել ենք նոր փուլ, որտեղ քաղաքական ուժերը պետք է հստակ դեր ունենան և այդ պատասխանատվությունը ստանձնեն: Կարծում եմ, որ այս գործընթացը իր տրամաբանական ավարտը կունենա՝ ի հայտ բերելով նոր քաղաքական ուժերի, հավանաբար կձևավորվեն քաղաքական նոր կուսակցություններ՝ նկատի ունենալով 2020թ-ի երկրում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Որոշ քաղաքական ուժեր պետք վերադասավորումներ ունենան իրենց մեջ և մենք «Ազատ Հայրենիք» կուսակցության մեջ տեսնում ենք այդ գործընթացը: Կարծում եմ չպետք է սրանից ողբերգություն սարքել կամ ենթադրել, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է մեզ ուրիշ տեղ տանել: Բայց, այդուհանդերձ, պետք է ճիշտ գնահատել և նաև քաղաքական կոռեկտության սահմանները դարձնել իրական ուղղորդող ուժ:

-Այն, ինչ տեղի է ունենում Արցախում շատերը գնահատում են առողջ գործընթաց, բայց հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները, Ղարաբաղյան հարց, պատերազմական վիճակ, այս ներքին խնդիրները սահմանին որքանո՞վ են օգնում, կամ վնասում:

-Գիտեք, ժողովրդավարական սկզբունքների ձևավորումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը բնականաբար երկրին տալիս են ուժ, կարողություն և այդ առումով առաջին հայացքից կարծում եմ՝ մենք ավելի ենք հզորացնում մեր պաշտպանողականությունը: Բայց մյուս կողմից կա մեկ այլ վտանգ, դա ներքին անկայունության և ներքին անհամերաշխանության, անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման վտանգն է, որ այստեղ կարող է առկա լինել: Մենք պետք է կարողանանք հստակ տարբերակել և ցուցաբերել, թե՛ հանդուրժողականություն, թ՛ե համբերություն, և թե նաև զսպվածություն, որովհետև սրանք կարևոր եզրույթներ են, լոկ բառեր չեն, որի արդյունքը պետք է լինի պաշտպանողականության ավելացումը: Սա պետք է գիտակցել, նաև այդ գիտակցումը վերածել գործընթացի:

-Իսկ այս պահին, ըստ Ձեզ՝ այդ գիտակցումո՞վ են գործընթացները գնում:

-Ես կարծում եմ զարգացումները, որ վերջին մեկ շաբաթվա ընթացում տեղի ունեցան Արցախում, հենց դրան էին միտված՝ լարվածության թուլացման և գործնական քայլերի: Մինչ այս պահը, համենայն դեպս, այդ զարգացումները տանում են դրան:

-Իսկ խորհրդարանում ի՞նչ եզրահանգումների են եկել, այստեղ ևս կա՞ն որոշակի գործընթացներ:

-Այո, մոտեցումների տարբերություն կա և արդեն իսկ Հայկ Խանումյանի կողմից պահանջ դրվեց խորհրդարանի նախագահի հրաժարական և փոփոխություն, փորձ է արվում նաև տարբեր քաղաքական ուժերի հետ տարբեր խորհրդակցություններ անցկացնելու, բայց խորհրդարանում որպես երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, պետք է բարձրաձայնեմ, որ խորհրդարանում կա խորհրդակցական մեծամասնություն՝ ի դեմս «Հայրենիք» խմբակցության, և նաև քաղաքական պատասխանատվության կարևոր պահանջ: Այդ իսկ առումով շատ կարևոր է քաղաքական մեծամասնություն ունեցող «Հայրենիք» խմբակցության դիրքորոշումն ու դրա հստակ արտահայտումը:

-Իսկ ՀՅԴ-ի դիրքումն այդ հարցում ինչպիսի՞ն է:

-Դաշնակցությունն այս պահին նման խնդիր չի դրել և չի դնում, որովհետև ամբողջական պատասխանատվությունը խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժինն է, եթե կլինեն համապատասխան խորհրդակցություններ, ՀՅԴ-ն պատրաստակամ է քննարկումներին մասնակցելու և իր տեսակետները ներկայացնելու:

Նելլի Լազարյան

Տպել Տպել