Պարտադիր կուտակային համակարգը ներկա ձևով չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին


Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահին որոշումն այն է, որ հուլիսի մեկից պետք է գործի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանը մշտապես դեմ է եղել պարտադիր բաղադրիչին։ Ավելին, նա, երբ պատգամավոր էր, ներկայիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, դիմել էր Սահմանադրական դատարան, որը հակասահմանադրական էր ճանաչել պարտադիր բաղադրիչը։

Ներկայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում է 270 հազար աշխատող, իսկ հուլիսի 1-ից, երբ համակարգը պարտադիր դառնա, նրանց կմիանա ևս 80 հազար աշխատող։ Նոր կառավարությունը գտել է ձևը. պարտադիր կուտակային համակարգին միացող աշխատողներին կփոխհատուցի յոթ տոկոսը, իսկ աշխատողը իր կենսաթոշակային համակարգին կփոխանցի 2,5 տոկոս։ Նախկինում և պետությունը, և աշխատողը կուտակային համակարգին փոխանցում էին հինգական տոկոս։

«Պարոն վարչապետը հստակ բացատրեց, որ եթե այս համակարգը հետաձգվի, այն 270 հազար աշխատողները լեգիտիմ հարց են բարձրացնելու՝ ինչու են իրենք համակարգին միացել, բայց այն դարձյալ հետաձգվում է։ Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը՝ օրակարգում պահելով շատ հստակ հարց՝ արդյոք պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրակա՞ն է, թե ոչ», – ասաց Մինասյանը։

Հարցին, թե իր համար կասկածելի՞ է, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, Մինասյանն ասաց, որ ինքը գիտի դրա հակասահմանադրական լինելը։

«Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգը այն ձևով, ինչպես մենք ունենք, չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին՝ մեր պետության տնտեսական ներկա պայմաններում։ Մեր պայքարը Սահմանադրական դատարանում ու փողոցում հստակ հիմքեր ուներ։ Այս կառավարությունը ունի հնարավորություն ուսումնասիրել հակասահմանադրականության հարցը», – հայտարարեց Մինասյանը։

Նախարարի կարծիքով՝ սկզբունքայնությունը այդ հարցի լուծման ուղղությամբ հետևողական գնալն է։

«Երբ զգանք՝ անհնարին է այլևս շարունակել, համոզված եղեք, որ կամք ու վճռականություն կա հեռանալու», – հավելեց նախարարը։

Տպել Տպել