Նեւադայում Հայաստանի Պատուոյ Հիւպատոսի Այցը՝ Կենտրոնական Կոմիտէի Նստավայր

ԿԼԵՆՏԷՅԼ.- Նեւադայում Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոս Ատրուշան Արմէնեանը Չորեքշաբթի, Յունիսի 13ի երեկոյեան ժամը 6ին այցելեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի «Փէշէքէրեան» կենտրոն, ուր ջերմօրէն ընդունուեց Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանի եւ անդամուհի Քարմէն Օհանեանի կողմից:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտերմիկ զրոյց եւ հիւրասիրութիւն, որից յետոյ յարգելի հիւպատոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէին նուիրեց Հայաստանի առաջին Հանրապետութեան 10 նամականիշներ, որոնք Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պատուէրով ժամանակին պատրաստուել եւ հրատարակուել էին Փարիզում եւ նամակատարական գործածութեան համար Հայաստան էին առաքուել 1920 թուականի Նոյեմբերին:

Հայկական նամականիշների սոյն հազուագիւտ հաւաքածոն պրն. հիւպատոսը Կենտրոնական կոմիտէին նուիրեց՝ ի յիշատակ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100ամեակի:

asbarez.com

Տպել Տպել