Առ այսօր չկա որևէ երաշխիք, որ այդ ամբողջ գումարը կվերադառնա

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելուց առաջ նախ պետք է ուսումնասիրություններ անցկացվեին՝ հասկանալու՝ ինչ թերություններ, ռիսկեր, դրական և բացասական կողմեր ունի նախագիծը: Այս մասին GlobNews.am- ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Սուրեն Պարսյանի խոսքով, օրինագծում լրացումներ կատարելուց հետո պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նախկին մասնակիցները որոշակի գումար կխնայեն, բայց համակարգ կմտնի 80 հազար նոր մասնակից: «Միգուցե արդեն համակարգում գտնվող անձանց համար դա բարելավում է, բայց այդ նոր 80 հազար մասնակիցների համար դա լրացուցիչ հարկային բեռ է 2.5%-ի չափով: Պետք է գնահատվի՝ արդյոք նպատակահարմար է այս պահին նման բեռ դնել 80 հազար քաղաքացու վրա, և բացի այդ արդյոք համակարգը պատրաստ է այս նոր մասնակիցների լրացուցիչ մուտքին, և պետությունը ինչ երաշխիքներ է տալիս, որ համակարգում գտնվող այդ 120 միլիարդը 20-30 տարի հետո կվերադառնա համակարգի մասնակիցներին: Ըստ էության, առ այսօր չկա որևէ երաշխիք, որ այդ ամբողջ գումարը կվերադառնա մասնակիցներին»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համակարգի ամբողջական ներդրումը կարևոր է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետն ասաց. «Այդ 70%-ից 63%-ը ներդրվել է պետական պարտատոմսերի և ավանդների տեսքով, որն ուղղակի որևէ ազդեցություն չունի իրական տնտեսության վրա: Մենք կարող ենք խոսել 7%-ի մասին, որ ներդրվել է բաժնետիրական որևէ ընկերության մեջ և աշխատատեղեր են ստեղծվել: Այսինքն՝ համակարգի ազդեցությունը տնտեսական աճի վրա շատ քիչ է, կարելի է ասել՝ գրեթե բացակայում է»:

Տնտեսագետի խոսքով, կառավարությունը համակարգի որևէ ուսումնասիրություն չի կատարել, գործադիր իշխանությունն այս պահին ուղղակի ուզում է լուծել 2.5%-ի հարցը և դրանով որոշակի ժամանակ շահել: Սակայն, որոշումը, ըստ տնտեսագետի, այդքան էլ արդարացված չէ: «Կարծում եմ՝ այլ տարբերակ կարելի էր գտնել, որ համակարգում եղած 207 հազար մարդկանց հարկային բեռը նվազեցվեր և միևնույն ժամանակ 80 հազար նոր մասնակիցներ դեռևս չներգրավվեին այս ռիսկային, չգնահատված համակարգ»:

Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 11-ի որոշմամբ 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող 80 հազար անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է:

Տպել Տպել