Խայտառակություն է ու ամոթ

Եթե այս ամենը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկությանը:

«Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում. ադրբեջանական համայնքը ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի և կփորձի սա օգտագործել: Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտում, ազատագրել է տարածքներ: Սա ինչպե՞ս պետք է ներկայացնեն նրանք, Արցախի հերոս է, ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկել` սա է իմ ամենամեծ ցավը: Էս ամեն ինչը ինչպե՞ս պետք է կարողանանք մարսել»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ առաջին հերթին կատարողները պետք է պատասխան տան երեխաներին: «Ինչո՞ւ են այդ նամակները գտնվում այդտեղ, տրամաբանական բացատրություն չի կարող լինել այս ամենին: Ցավ եմ ապրում: Ապշած, ցնցված ասելը շատ քիչ է»,- հավելեց նա:

Պատգամավորի խոսքով՝ զգացմունքային մասն իր տեղում, բայց օրինականությունը պետք է պահպանվի: «Մենք հետամուտ ենք լինելու, որ ամեն ինչ կատարվի օրենքի տառին համապատասխան: Նյութերն ավելի խոր կուսումնասիրենք, այս պահին աձեռնմխելիություն կա, կա նաև անմեղության կանխավարկած: Այս ամենը նկատի ենք ունենալու: Սա շատ մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին: Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի թշնամիների կողմից այս ամենը ներկայացվի իրենց օգտին»,- հայտարարեց նա:

Ռուստամյանը շեշտեց, որ տարիներ շարունակ անձեռնմխելի անձինք անձեռմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ ոչ ոք չի կարողացել մուտք գործել: «Այս փոփոխությունների համար ուրախ եմ, չի կարող որևէ մեկը թաքնվել ժողովրդից»,- ասաց նա:

Բացի այդ` պատգամավորն ընդգծեց, որ իրենք փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր: «Գնացել ենք առաջնագիծ, տեսել ենք սնունդը. այդ սնունդը բացում, գցում էին շների դեմը, շները չէին ուտում: Էտիկետները բերել էինք ու այստեղ ներկայացրեցինք: Հարգելով այդ փակ հանդիպման կոնտեքստը՝ բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, առիթ ունեցել ենք խոսելու, խոսքը գնացել է բանակում հագուստի, սննդի, այլ պայմանների մասին: Այս ամենը բարձրաձայնվել է, դրանից հետո փոփոխություններ մտան, բայց երբ այս ամենը տեսնում ես… Ճիշտ կլինի, որ այս ամենը տեղը դնելու գործընթացն իր վերջնական նպատակին հասնի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին` Մանվել Գրիգորյանին պե՞տք է զրկել Արցախի հերոսի կոչումից, Ռուստամյանն ասաց, որ մարդիկ ինչ կատարել են անցյալում, դրանց գնահատականը պետք է ստանան անցյալում, ինչ կատարում են ներկայում, գնահատականը պետք է ստանան ներկայում: «Ամեն ինչ չպետք է խառնել իրար, մենք էլի ունեցել ենք ազգային հերոսներ, որ հայտնվել են ճաղերի հետևում: Մենք, իհարկե, պետք է իրերն իրենց անուններով կոչենք և ամեն ինչ չծայրահեղացնենք»,- ասաց նա:

Տպել Տպել