Պարտադիր կուտակայինի հարցը օրակարգում է

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ արտահանումների գործընթացում խոչընդոտների վերացմանը, ինչի մասին քանիցս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եղած պոտենցիալը, ըստ նախարարի, լավատեսություն է ներշնչում:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ կանխատեսումները դրական են, սպասում են, որ կունենան ավելի լավ տնտեսական միջավայր, որի պայմաններում սպասվող տնտեսական աճը կպահպանվի կամ կբարելավվի: Արծվիկ Մինասյանը հստակ թիվ չնշեց, թե որքան տնտեսական աճ են ակնկալում, ասելով, որ դրանում առկա են շատ նուրբ հաշվարկներ:

Խոսելով կուտակային կենսաթոշակային օրենքի մասին, որի փոփոխությունները երեկ ԱԺ-ն ընդունեց, Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքում առկա խնդիրները չեն վերացել: Նա շեշտեց, որ ՀՅԴ-ն միշտ է դեմ արտահայտվել այդ գաղափարին, թեև կառավարության նիստում անցյալ շաբաթ քննարկվող նախագծում որոշակի մեղմում է նախատեսված եղել:

«Քաջատեղյակ եք վարչապետի այն հայտարարությանը, որ պարտադիր կուտակայինի հարցը օրակարգում է, և առաջիկայում մանրամասն վերլուծության կենթարկենք համակարգը ու կներկայացնենք առաջարկություն: Տրված է ժամանակավոր լուծում, որպեսզի թեթևացվի բեռը այն անձանց համար, ովքեր այդ համակարգում են արդեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ օրակարգում է պարտադիր կուտակայինի համապատասխանության հարցը Սահմանադրությանը:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի հրապարակի այդ ներդրողների անունները, սակայն ներդրողներ կան տարբեր զարգացած երկրներից, որոնք ցանկանում են ներդրումներ անել թե արդյունաբերության, թե զբոսաշրջության, թե ծառայություների մատուցման ոլորտին:

Հստակ թիվ չհրապարակելով հանդերձ, նախարարը նշեց, որ խոսքը գնում է մեծ ծավալի ներդրումների մասին: Նախարարի խոսքով` ստվերի հայտնաբերման գործողությունները ակնհայտ են, դրանք կատարվում են բոլորի աչքի առաջ, ավելին` տնտեսվարողները ձգտում ունեն տեղավորվել օրենքի մեջ ու գործել օրենքին համապատասխան:

Տպել Տպել