Երևանի 1920 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության անկումը

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Երևանի 1920 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության անկումը

ՀՀ իշխանության առջև ծառացած մյուս խնդիրը իշխանության հանձնումը և Հայաստանի խորհրդայնացումն էր: Ինչպես արդեն ասվել է, 1920 թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները պետք է վերսկսվեին Երևանում: Տարբեր պատճառներով դրանք ձգձգվեցին և վերսկսվեցին միայն հոկտեմբերի կեսերին` (14-ին) այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և հայ ժողովրդի գլխին կախվել էր մահացու վտանգ: Ռուսական կողմից բանակցությունները վարող, Հայաստանում ՌՍՖԽՀ լիազոր ներկայացուցիչ, Բ. Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր հանդես գալ միջնորդի դերում Թուքիայի և Հայաստանի միջև և ժամանակ շահելով` նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի խաղաղ խորհրդայնացման համար:

Բանակցությունների արդյունքում, հոկտեմբերի 28-ին, ստորագրվեց հայ-ռուսական (Շանթ-Լեգրան) 7-կետանոց նախնական համաձայնագրի արձանագրությունը: Պայմանագրի նախագծով բավական խոստումներ էր տրվում Հայաստանին. այն է` Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր իր դաշնակից Թուրքիային զորքերը հետ քաշել մինչև 1914 թ. նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ անքակտելի իրավունքները Նախիջևանի և Զանգեզուրի նկատմամբ: Հայաստանն իր հերթին պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին` Հայաստանի վրայով զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա: Սակայն այդ պայմանագրի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից: Բաքու մեկնած Լեգրանը դիտավորյալ Երևան վերադարձավ շուրջ մեկ ամիս անց` նոյեմբերի վերջին, այսինքն` այն ժամանակ, երբ Հայաստանը արդեն լիակատար պարտվել էր Թուրքիային:

Կեղծ ու շինծու է մտածել, թե Խորհրդային Ռուսաստանը պատրաստ էր ճանաչել Հայաստանի անկախությունը, նույնիսկ լուծել նրա հողային հարցերը, որովհետև պատմական փաստերն ու իրողությունները հակառակն են ապացուցում: Պարզապես այդ ժամանակ Վ. Լենինի գլխավորած կառավարությունը նպաստավոր պահի էր սպասում, որպեսզի Հայաստանը կրկին բռնակցեր կայսրությանը: Բոլշևիկյան Ռուսաստանը, 1920 թ. ապրիլին, այդպես վարվեց Ադրբեջանի, դեկտեմբերին` Հայաստանի, իսկ 1921 թ. փետրվարին` Վրաստանի հետ: Եվ նրա համար էական նշանակություն չուներ, թե ինչպիսի կուսակցական-պետական վարչակարգ էր այդ երկրներում` մուսավաթական, դաշնակցական, թե մենշևիկյան:

Հայաստանի պարագայում Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել: Պատերազմի ամբողջ ընթացքում խորհրդային կառավարությունը ոչ մի անգամ հանդես չեկավ նոտայով կամ հայտարարությամբ, թե պետք է վերջ տրվի պատերազմին և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Տասնամյակներ շարունակ հայ հասարակական-քաղաքական որոշակի շրջանակներում շրջանառվել է այն կեղծ թեզը, թե իբր ռուս բոլշևիկը (Կարմիր բանակը) գալիս է փրկելու հայ ժողովրդին թուրք նվաճողներից: Հարց է ծագում. եթե բոլշևիկները իրոք գալիս էին փրկելու հայերին, ապա այդ նույն բոլշևիկները ինչո՞ւ էին մեծ խմբաքանակներով զենք ու զինամթերք տրամադրում թուրքերին և գործնականում ուղղում Հայաստանի դեմ: Իսկ Ալեքսանդրապոլի հայ բոլշևիկներն էլ աղուհացով էին դիմավորում Ք. Կարաբեքիրին:

Պատմական հետադարձ թռիչք կատարելով մեր ժամանակները` այժմ որպես ահազանգ է հնչում Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Հայաստանի թշնամիներին` Ադրբեջանին ու Թուրքիային, միայն այն տարբերությամբ, որ այն ժամանակներում դա արվում էր անթաքույց քաղաքական ակնկալիքներով, իսկ այժմ` բիզնես-վաճառքի կեղծ պատրվակով: Հարցադրման պատասխանը միանշանակ է. այն ժամանակ Կարմիր բանակը գալիս էր ոչ թե հայերին փրկելու, այլ պարզապես Հայաստանը խորհրդայնացնելու և Ռուսաստանին կցելու:

Մինչ հայոց հողի վրա կատարվում էին օրհասական այդ իրադարձությունները, Հայաստանը կանգնած էր անխուսափելի պարտության շեմին, երկրի խորհրդայնացումը դառնում է օրակարգի հարց. նոյեմբերի 4-ին <կարմիր> Բաքվում` Ի. Ստալինի գլխավորությամբ, վճռվում է Հայաստանի ճակատագիրը: ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն, քննելով Հայաստանում ստեղծված կացությունը, մերժելով հայ-ռուսական հոկտեմբերի 28-ի նախնական պայմանագրի արձանագրությունը, որոշում է խորհրդայնացնել Հայաստանը: Բ. Լեգրանը նոյեմբերի 30-ին, այսինքն` թուրքական պատվիրակության ղեկավար Ք. Կարաբեքիրի կողմից Ալ. Խատիսյանին ներկայացրած վերջնագրի օրը, Խ. Ռուսաստանի կառավարության անունից վարչապետ Ս. Վրացյանին ներկայացրեց վերջնագիր` Հայաստանի խորհրդայնացման մասին:

ՀՀ հետագա ճակատագրի հարցը վերջնականորեն վճռելու համար, նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը, տեղի ունեցավ պատմական նիստ-խորհրդակցություն ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի, խորհրդարանի ՀՅԴ խմբակցության, կառավարության անդամների և մի քանի ճանաչված գործիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունում պետք է Լեգրանի ներկայացրած վերջնագրին պատասխան տրվեր: Կառավարության և զինվորական նախարար Դրոյի զեկուցումներից պարզ դարձավ, որ դրությունը անհույս է:

Դրոն հայտարարեց, որ հայ զինվորը չի կրակի ռուս բոլշևիկի վրա: Նիստում մտքերի փոխանակության արդյունքում ձայների մեծամասնությամբ որոշվեց առանց դիմադրության ընդունել «կարմիրների» մուտքը Հայաստան և իշխանությունը հանձնելով նրանց` երկիրը խաղաղ խորհրդայնացնել, մանավանդ որ, ինչպես արդեն ասվեց, այդ նույն օրը նաև Թուրքիան էր Հայաստանին վերջնագիր ներկայացրել հաշտության պայմանները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ: Արդյունքում Հայաստանը ստիպված էր միաժամանակ ընդունել և´ Ռուսաստանի, և´ Թուրքիայի վերջնագրերը:

Դեկտեմբերի 1-ին Դրոյին և Հ. Տերտերյանին հանձնարարվեց բանակցել Բ. Լեգրանի հետ, կնքել իշխանության հանձնման և Հայաստանի խաղաղ խորհրդայնացման համաձայնագիր: Այդ նույն օրը հրահանգվել էր նաև Խատիսյանին ընդունել թուրքերի վերջնագիրը և կնքել հաշտություն: Մինչ այդ արդեն Հայաստանի հյուսիսային սահմանին կանգնած 11-րդ Կարմիր բանակի զորամասերին հրահանգված էր մտնել Հայաստան և խորհրդայնացնել այն: Նոյեմբերի վերջերին Ադրբեջանի տարածքում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ)` Սարգիս Կասյանի (1876-1937) նախագահությամբ և կարմիր բանակայինների ուղեկցությամբ, նոյեմբերի 29-ին Ղազախով մտնում են Իջևան (Քարվանսարա) և հայտարարում Հայաստանի խորհրդայնացման մասին: Հայկական զորքը դիմադրություն ցույց չի տալիս ռուսական զորամասերին, և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունում է խորհրդային իշխանությունը: Դեկտեմբերի 4-ին Երևան են հասնում Կարմիր բանակի զորամասը և ապա նաև` Հայհեղկոմը:

Այս անգամ էլ, ինչպես 1918 թ. մայիսին, ստեղծվեց մի այնպիսի կացություն, երբ այլընտրանք չկար: Այժմ արդեն միակ ելքն այն էր, որ հարկավոր էր փաստորեն հրաժարվել անկախ պետականությունից և ընդունել խորհրդային կարգեր, քանի-որ Հայաստանի խորհրդայնացում նշանակում էր անկախության կորուստ: Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, առանց կռվի ու դիմադրության, գնաց նման խոշոր զոհողության` հանուն հայ ժողովրդի ֆիզիկական փրկության:

Հայոց գլխին կրկին կախված թուրքական մահացու սպառնալիքն էր պատճառը, որ հայ ժողովուրդը նախապատվությունը տվեց չարյաց փոքրագույնին` Ռուսաստանին, չդիմադրեց նրա զորքերին` քաջ գիտակցելով, որ դրանով նա կորցնում է իր անկախ պետականությունը:

1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում, հինգշաբթի օրը, ժամը 12-ին մոտ` Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջև ստորագրվեց 8-կետանոց համաձայնագիր, որով Հայաստանը հայտարարվում էր «անկախ» սոցիալիստական խորհրդային հանրապետություն (ՀՍԽՀ), և խաղաղ ճանապարհով բովանդակ իշխանությունը հանձնվում էր Հայհեղկոմին:

Կատարվեց իշխանության խաղաղ փոխանցում: Համաձայնագրի ստորագրումից հետո` նույն օրը, ՀՀ կառավարության անդամները` վարչապետ Ս. Վրացյանի գլխավորությամբ, ստորագրեցին իշխանությունից հրաժարվելու մասին ԱԿՏ: Ս. Վրացյանի կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և իշխանությունն անցավ Հայաստանի հեղկոմի (Հայհեղկոմի) ձեռքը: Սակայն մինչև Հեղկոմի Երևան ժամանելը ամբողջ իշխանությունը ժամանակավորապես (գործնականում մինչև դեկտեմբերի 4-ը) անցնում է զինվորական հրամանատարությանը` Դրոյի գլխավորությամբ: Դրանով ՀՀ դադարեց գոյություն ունենալուց, որի իրավահաջորդը դարձավ ՀՍԽՀ-ն: Դա միաժամանակ նշանակում է, որ իրավաբանորեն իշխանափոխությունը և Հայաստանի խորհրդայնացումը կատարվել են դեկտեմբերի 2-ին և ոչ թե նոյեմբերի 29-ին: Ուստի ստահոդ է խորհրդային պատմագրության մեջ տարածում գտած այն կեղծ վարկածը, թե իբր Հայաստանը խորհրդայնացել է նոյեմբերի 29-ին, այն էլ, իբր, բանվորագյուղացիական ապստամբության հետևանքով:

Երբ այժմ, 100-ամյա պատմության բարձունքից, նայում ու վերագնահատում ենք այդ ժամանակների բախտորոշ դեպքերն ու իրադարձությունները, հանգում ենք այն հետևությանը, որ Հայաստանի անկախության կործանումը և խորհրդայնացումը կատարվել են ստոր դավադրությամբ՝ թուրքական մահաբեր ներխուժման սպառնալիքի միջոցով:

Բոլշևիկյան <մուրճի և թուրքական սալի> միջոցով` Հայաստանը և հայ ժողովուրդը հայտնվեցին քաղաքական մի այնպիսի պարտադրված իրավիճակում, որ նրանց չէր մնում այլ բան, քան հրաժարվել անկախությունից, զրկվել տարածքների մի զգալի մասից, պարփակվել ընդամենը 30 հազար քառ. կմ-ի մեջ և ընդունել խորհրդային վարչաձև:

Այսպիսով, թուրք-բոլշևիկյան համատեղ ռազմադիվանագիտական հարվածների տակ անկում ապրեց Հայաստանի առաջին հանրապետությունը, ծվատվեցին նրա տարածքները հարևան երկրների միջև: Դրանով վերջ տրվեց 20-րդ դարի Հայոց առաջին անկախ պետականությանը: Նրան հաջորդելու եկավ Խորհրդային Հայաստանը, որն, իր թերություններով ու բացերով հադերձ, դարձավ հայ ժողովրդի ֆիզիկական, հոգևոր ու մշակութային վերընձյուղման միակ երաշխավորը:

Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Մ ԵՎ Գ Ն Ա Հ Ա Տ Ա Կ Ա Ն Ն Ե Ր

Հայաստանի Հանրապետության նորերս բոլորող 100-ամյա հեռ¬վից, արդի իրողությունների լույսի տակ դիտարկելով, քննելով ու գնահատելով Առաջին Հանրապետության խաղացած դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, կարելի է հանգել հետևյալ հանրագումարային եզրահանգումների:

* Հայաստանի անկախությունը տրամաբանական արդյունքն էր նախընթաց պատմաքաղաքական դեպքերի ու իրադարձությունների, ոչ միայն Առաջին աշխարհամարտի, 1917 թ. ռուսական հեղափոխությունների, այլև առաջին հերթին 1918 թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերի:

* Հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը սկսվում է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությամբ: Մայիսյան հաղթական հերոսամարտերը ունեցան երկու մեծագույն արդյունք. ա) Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով, նաև Բաքվի պաշտպանությամբ վիժեցվեց Արևելյան Հայաստանը զավթելու ու հայու¬թյանը ցեղասպանելու երիտթուրքական ծրագիրը և բ) հայ ժողովուրդը ոչ միայն պաշտպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել անկախ ապրելու իր իրավունքը:

* Դարավոր ընդմիջումից հետո, հայ ժողովրդի ազատագրական ոգորումների արդյունքում, վիթխարի զոհողությունների գնով, վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը նաեւ անձեռակերտ հուշարձան է բյուր-հազարավոր զոհերին: Հայոց մեծ եղեռնից երեք տարի անց` ռազմաքաղաքական մեծ ալեկոծություններից ու վայրիվերումներից հետո, հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ Հայաստանի մի փոքր հողակտորի վրա հռչակելու անկախություն և կերտելու Նոր ժամանակների հայոց պետականությունը` Հայաստանի Հանրապետությունը: Պատմական այդ սխրանքը, անտարակույս, 20-րդ դարի հայոց պատմության ամենանշանավոր իրադարձությունն է:

* 20-րդ դարասկզբին՝ պատմաքաղաքական դեպքերի ու իրադարձությունների տրամաբանական գործընթացների արդյունքում, Հայոց արգանդը ծնեց իր անկախ պետականությունը՝ եվրոպական քաղաքակրթական արժեհամակարգին համապատասխան, ժողովրդավարական (դեմոկրատական) հանրապետության ձևով, և ցույց տվեց ինքնակազմակերպման այս կերպով ապրելու և հարատևելու իր կամքը:

* Հայաստանի առաջին հանրապետության կերտողը հայ ժողովուրդն է: Ժողովրդի հետ միասին դրանում անուրանալի դերակատարություն ունի ՀՅԴ կուսակցությունը: Լրացուցիչ ապացույցի կարիք չունի այն իրողությունը, որ 1918 թ. գարնանը ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրության պայմաններում` թուրքական ներխուժման դիմակայման, Հայաստանի անկախության հռչակման շատ համարձակ քայլի նախապատրաստությունից մինչև հանրապետության անկման վերջին օրը` 1920 թ. դեկտեմբերի 2-ը, այդ կուսակցությունն է եղել կառավարող քաղաքական գլխավոր ուժը, և նա է հիմնականում իր ուսերին կրել իշխանության մարմինների ձևավորման, պետական իրավակարգի ու կարգուկանոնի հաստատման, բանակի կայացման, տեղական ինքնակառավարման արմատավորման, արտաքին ու ներքին քաղաքականության վարման հիմնական բեռը: Գործնականում նա է ստանձնել անկախ պետականության, ժողովրդի ու հայրենիքի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը: Պետականության կայացման գործում մասնակցության իրենց չափաբաժինն ունեն ՀԺԿ և ՀՀ մյուս կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները:

* 20-րդ դարասկզբին ՀՅԴ-ն հանդես էր գալիս հօգուտ օտարի կողմից տարանջատված երկու Հայաստանների` Արևմտյան և Արևելյան, ինքնավարության (համապատասխանաբար Թուրքիայի և Ռուսաստանի կազմում): Սակայն դարասկզբի աշխարհացունց դեպքերի ու իրադարձությունների տրա¬մա¬բանությամբ, արտահայտելով հայ ժողովրդի հավաքական կամքը, նա սկզբում դիմում է Արևելյան Հայաստանում անկախության նվաճմամբ՝ Հայաստանի Հանրապետության ձևավորման հերոսական քայլին, իսկ այնուհետև հանգում երկու Հայաստանների միավորման` Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարին:

* Յուրաքանչյուր պետության կայացած լինելու աստիճանը և ժողովրդավարության մակարդակը կարելի է չափել նրա հասարակական-քաղաքական կյանքով, կուսակցական համակարգով, խոսքի ու մամուլի ազատությամբ, իրական ընդդիմության գոյությամբ ու գործունեությամբ և այլն: ՀՀ-ում գործել են շուրջ մեկ տասնյակի հասնող կուսակցություններ, որոնք իրենց քաղաքական դավանանքով ու հետապնդած նպատակներով լրացնում էին հանրապետության քաղաքական դաշտի բոլոր երեք թևերը:

* Պետական կառուցվածքի տեսակետից Հայաստանը խորհրդարանական գերակայության հանրապետություն էր: Գործադիր իշխանությունը` կառավարությունը, ընտրվում և հրաժարեցվում էր խորհրդարանի կողմից: Խորհրդարանն իրեն ենթակա կառույցի` Պետական վերահսկիչ մարմնի միջոցով վերահսկում էր կառավարության ֆինանսատնտեսական գործունեությունը: Ուշագրավ է, որ ներկայիս ՀՀ-ը, ցուցաբերելով իրավահաջորդության ու ժառանգորդական կապ, 2015 թ. ընդունված սահմանադրության փոփոխություններով որդեգրել է կառավարման խորհրդարանական համակարգ, ինչը, գտնում ենք, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացման պարագայում, ավելի հոգեհարազատ կլինի հայ ժողովրդի կոլեկտիվ մտածելակերպին ու հոգեկերտվածքին:

* Միանգամայն անհիմն է մեր ժամանակներում, որոշ շրջանակների կողմից, ինչ-ինչ նկատառումներով շրջանառվող այն միտքը, թե ՀՀ պետական կառուցվածքի խորհրդարանական կառավարման մոդելն էր հիմնական պատճառը, որ հանրապետությունը հետագայում անկում ապրեց: Իրականում ՀՀ անկման պատճառը ոչ թե երկրի խորհրդարանական կառավարման ձևն էր, մանավանդ որ հանրապետության անկման փուլում, սկսած 1920 թ. մայիսից, առհասարակ խորհրդարանը ուղարկվել էր հարկադիր արձակուրդի, այլ խորհրդա-թուրքական գործարքը և ռազմական բիրտ ներխուժումը:

* Քաղաքական և պետական կառուցվածքի տեսակետից հանրապետության խորհրդարանն ու կառավարությունը միասին նպատակ էին դրել Հայաստանը դարձնելու Արևմտյան տիպի խորհրդարանական, դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն: Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը բնորոշ էր կառավարման հանրապետական ձևը` խորհրդարանի գերակայությամբ: Հայաստանը` որպես խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, ծրագրել էր Հայկական հարցի բարեհաջող լուծումից հետո մշակել և ընդունել Սահմանադրություն, մտցնել նախագահական ինստիտուտ: Սակայն պատմաքաղաքական հետագա դեպքերն ու իրադարձությունները Անդրկովկասում ու Հայաս¬տա-նում այնպիսի աննպաստ ընթացք ունեցան, որ այդ նպատակադրումները չկեն-սագործվեցին:

* ՀՀ գործող կուսակցությունների, մասնավորապես նրանց խորհրդարանական գործունեության փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ հայ ժողովրդին ու նրա հայրենիքին արտաքին ու ներքին մեծ վտանգ էր սպառնում, տեղի էր ունենում հայ քաղաքական գրեթե բոլոր ուժերի, բացառությամբ բոլշևիկների (համայնավարների), համախմբում (կոնսոլիդացիա), իսկ երբ թուլանում կամ վերանում էր այդ վտանգը, կրկին ուժեղանում էին ընդդիմությունն ու ներքաղաքական պայքարը կուսակցությունների միջև, ինչը պետք է համարել բնական գործընթաց: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ համազգային ու համապետական շահի գիտակցման այս առողջ ավանդույթը պահպանվում է նաև մեր օրերում:

* Անշուշտ, Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցել է պետական կառույցի, սոցիալ-տնտեսական զարգացման, ռազմապաշտպանական և այլ բնույթի թերություններ ու բացթողումներ: Եվ դա կարելի է բացատրել նրանով, որ հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ էր փորձ արվում կայացնել եվրոպական արժեհամակարգին համապատասխանող պետականություն` հանրապետական, ժողովրդավարական, պառլամենտական կառավարման սկզբունքներով: Բնականաբար պակասում էին փորձը, ձեռնհաս ուժերը, կառավարելու այնքան բարդ արվեստը:

* Առաջին աշխարհամարտում վիթխարի կորուստներ ու զրկանքներ կրած հայ ժողովուրդը հույսեր էր փայփայում, որ տերությունները արդարությամբ կլուծեն Հայկական հարցը: Անգամ ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը պետք է կյանքի կոչեր Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը: ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի իրավավար վճռով գծվեց ապագա Միացյալ Հայաստանի հայ-թուրքական պետական սահմանը, սակայն 1920 թ. կեսերից պատմաքաղաքական դեպքերն ու իրադարձություններն այնպիսի աննպաստ ընթացք ունեցան, որ Հայաստանը հայտնվեց, այսպես կոչված, «ռուսական մուրճի և թուրքական սալի» արանքում: Նա, չդիմանալով քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի կործանարար հարվածներին, պարտություն կրեց, կորցրեց անկախությունը և խորհրդայնաց¬վեց, իսկ նրա տարածքների զգալի մասը բռնազավթվեց հարևան երկրների կողմից:

* Հայ ժողովուրդը, արտաքին բիրտ միջամտության հետևանքով, կորցրեց անկախ պետականությունը, բայց չկորցրեց անկախության գաղափարը. վկա` մերօրյա Հայաստանի Հանրապետությունը: Հայ ժողովուրդը` որպես նվիրական իղձ, պահպանում է Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան ունենալու տեսլականը: Այդ նվիրական գաղափարի իրագործման մի փոքր արտահայտություն կարելի է համարել Ազատ, Անկախ և հպարտ Արցախի Հանրապետությունը:

* Մեկդարյա հեռավորությունից Առաջին Հանրապետության պատմության դասերից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր պետություն կամ ազգ նախ և առաջ հետա¬մուտ պետք է լինի իր սեփական, ազգային-պետական շահերի պաշտպանությանը: Առանց այդ շահերի հաշվառման՝ անմտություն կլինի կարծել, թե որևէ պետություն կպաշտպանի մեկ այլ պետության կամ ժողովրդի շահերը, եթե դրանք չեն համընկնում սեփական շահերին:

* Հայաստանի Հանրապետության անկման գլխավոր պատճառը արտաքին ուժերն էին` բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան: 1920 թ. գարնանը մութ ամպեր կախվեցին հանրապետության գլխին: Հարևան Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հերթը հասավ Հայաստանին: Միաժամանակ տեղի ունեցավ քեմալա-բոլշևիկյան ռազմաքաղաքական մերձեցում և դաշինք, որի արդյունքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների կողմից իրավապես ու փաստացի ճանաչված Հայաստանի Հանրապետությունը դարձավ այդ գործարքի զոհը:

* Հանրապետության տարածքները ծվատվեցին: Դրանք հետագայում պայմանագրային-իրավական ձևակերպում ստացան Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերում: 1920 թ. Հայաստանի Հանրապետության իրավասության ենթակա շուրջ 67 հազար քառ. կմ արևելահայ տարածքից խորհրդայնացած Հայաստանին բաժին թողնվեց ընդամենը շուրջ 30 հազար քառ. կմ, մնացած մեծ մասը, Խորհրդային Ռուսաստանի համաձայնությամբ, հանձնվեց հիմնականում Թուրքիային ու Ադրբեջանին:

* Ուժերի ու ջանքերի գերմարդկային լարումով գրեթե ոչնչից, իր ժամանակի պահանջներին ու չափանիշներին համապատասխան, կերտված Առաջին Հանրապետությունը դարձավ այն հիմքը, որի վրա բարձրացավ Խորհրդային Հայաստանը, իսկ վերջինիս հիմքի վրա էլ` մերօրյա հանրապետությունը:

* Ժառանգորդության և իրավահաջորդության ներքին հոգևոր կապ կա Մայի¬ս 28-ի և Սեպտեմբեր 21-ի միջև: Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո էլ` դրան հաջորդած խորհրդային 70 տարիների ընթացքում, ապրեցին անկախության գաղափարն ու ոգին: Առանց Առաջին Հանրապետության չէր լինի ներկա հանրապետությունը: Մեր սերնդի համար հենց դա է Մայիս 28-ի և Եռագույնի սրբազան խորհուրդը:

* 100 տարիների հեռվից, ըստ արժանվույն գնահատելով 20-րդ դարի Հայոց առաջին անկախ պետականությունը, երրորդ հազարամյակում, շարունակ փոփոխվող ու նոր մարտահրավերներով հագեցած աշխարհում, մեզ համար առաջնայինը պետք է լինի ոչ թե սոսկ ֆիզիկական գոյատևման հիմնահարցը, այլ քաղաքակիրթ ազգերից հետ չմնալու, ժամանակակից չափանիշներով զարգանալու ու բարգավաճելու և ազգային նվիրական բաղձանքների իրագործմանը հասնելու գերխնդիրը: Ժամանակն է պետականորեն մտածելու և գործելու, քաղաքակիրթ աշխարհին ցույց տալու հայ ժողովրդի արարող ներուժը, կենսունակությունը, հավերժելու անկոտրում կամքը:

Տպել Տպել