Որոշակի վերադասավորված ուժեր կարող են լուրջ հայտ ներկայացնել ընտրություններին

Թեպետ քաղաքական դաշտում բոլորն են խոսում առաջիկա խորհրդարանական ընտրություններից, բայց այդպես էլ անհայտ է, թե երբ կկայանա այն, ովքեր կմասնակցեն ու ինչպիսի ձեւաչափով: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում նոր իշխանությունները կարծես կանգնած են խնդրի առաջ` ուշ անցկացնեն` վարկանիշի խնդիր կունենան« շուտ անցկացնեն` չեն հասցնի նախապատրաստվել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ Արթուր Ղազարյանի հետ:

– Պարոն Ղազարյան, կարելի՞ է ասել, որ ժամանակն աշխատում է իշխանության դեմ, եւ եթե ընտրություններն այս տարի չկայանան, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն կարողանա հավաքել անհրաժեշտ հաղթական ձայների քանակը:

– Այդ տեսակետը չեմ կիսում, որովհետեւ այս փուլում մի մասն էլ ասում է, որ դեռեւս պետք է ժամանակ շահել, որովհետեւ իրականում, եթե ընտրություններին փորձում են լուրջ նախապատրաստվել, այսինքն` հնարավորինս արդար, գաղտնի, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, ապա այն լուրջ նախապատրաստական աշխատանքների կարիք ունի: Ինչ վերաբերում է նրան, թե իշխանություններն իրենց վարկանիշը կկորցնեն, թե` ոչ, չեմ կարծում, որ այսօր կարելի է ինչ-որ գնահատականներ տալ: Այս պահի դրությամբ` իշխանությունն իր գործն է անում, կառավարության ծրագիրը հաստատվել է, ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջնահերթ կարգով քննարկվում են, եւ զուգահեռաբար փորձում են կոռուպցիայի դեմ պայքարել, նախկին չարաշահումները բարձրաձայնել: Այս ամենով հանդերձ` իշխանությունները դեռեւս, չեմ կարծում, թե շտապողականություն պետք է հանդես բերեն:

– Ձեր կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը ե՞րբ է:

– Երեւի թե, մեկ տարվա կտրվածքով պետք է լինի, բայց մինչ այդ պետք է քաղաքական դաշտը նախապատրաստել, ընտրական օրենսգրքի փոփոխությունները համաձայնեցնել քաղաքական այլ ուժերի հետ, որպեսզի հնարավորություն ընձեռվի արտախորհրդարանական ուժերին եւս նախապատրաստվել, եթե իսկապես ցանկանում ենք, որ ընտրությունները լինեն ժողովրդի ազատ կամարտահայտությամբ:

– Կան տեսակետներ, որ հիմնական նախընտրական պայքարը լինելու է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դժվար է ասել, որովհետեւ դեռեւս քննարկումների փուլում է, թե «Ելք» դաշինքը հանդես կգա դաշինքով, այսինքն` նրանք կմիանան, թե` ոչ: Բացի այդ, չմոռանանք, որ խորհրդարանում կա նաեւ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ինչպես նաեւ արտախորհրդարանական որոշակի ուժերում նոր-նոր վերադասավորումներ են տեղի ունենում, եւ ինչ-ինչ հանգամանքների բերումով` նրանք կարող են լուրջ հայտ ներկայացնել: Այն, որ դաշտը բաց է, շատ քաղաքական ուժեր կփորձեն, թեթեւակի սիրտ շահելով կամ իրենց գաղափարները ներկայացնելով, որոշակի էլեկտորատ իրենց կողմը քաշել:

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ այսօր Նիկոլ Փաշինյանի թիմն ու «Ծառուկյան» դաշինքը միմյանց դիրքերը թուլացնելու խնդիր ունեն:

– Որպես քաղաքական ուժ, այսօր բոլորն էլ փորձում են պայքարի դուրս գալ, եթե արդեն դուրս չեն եկել: Իսկ ապագայում, թե ով ինչ տեղ է ցանկանում զբաղեցնել, չեմ կարծում, որ դրանք հիմա ուրվագծվում են կամ այսօր կարող են այնպիսի մարտավարական քայլերով առաջ գնալ, որ ընտրությունների ժամանակ հասնեն իրենց նպատակին` որոշակի տոկոս ձայն հավաքելով: Մի բան է միայն պարզ` այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի լայն զանգվածների վստահությունը, իսկ վաղը-մյուս օրը ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել` կապված է մի շարք հանգամանքներից, այդ թվում` արտաքին:

– Հետաքրքիր է` ՀՅԴ-ում սկսվե՞լ են քննարկումներ, թե ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու ընտրություններին:

– Դեռեւս Ընտրական օրենսգրքի շուրջ են բանակցություններն ընթանում: Մեր տեսակետը պաշտոնապես հայտարարել ենք, որ երկու սկզբունքային հարց կա մեզ համար. մեկը միանշանակ համամասնական բաց ցանկն է, մյուսը, որպեսզի ընտրություններին բացառվեն ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների կիրառումը: Այս ամենը քննարկման փուլում է, եւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, երբ Ազգային ժողովի կողմից այն կընդունվի, ըստ այդմ, նոր լայն թափով կմտնենք նախընտրական փուլ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

Տպել Տպել