Հ․Մ․Ը․Մ-ն նշում է իր 100-ամյակը

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի (Հայաստանի Ազգային Սկաուտական կազմակերպություն ) Բյուրականի բանակավայրում կայացավ Հ․Մ․Ը․Մ․-ի 100-ամյակին նվիրված հուշաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։

Նշենք, որ հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվելու է Հ.Մ.Ը.Մ.-ի` Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության մեկդարյա հոբելյանը: Այդ շրջանակներում հայրենիք է ժամանել 3000 Հ.Մ.Ը.Մ.-ական: Պատմական բանակմանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 1200 սկաուտներ:

Հուշաքանդակը, որի վրա արձանագրված է Հ․Մ․Ը․Մ․-ի 110 մասնաճյուղերի անունները, Դեյր Զորում զետեղված և Սիրիայում ահաբեկչական գործողությունների ընթացքում ավերված հուշակոթողի կրկնօրինակն է։ Քանդակի մեկենասներն են Տեր և Տիկին Րաֆֆի Գրաճյանները։

Հուշաքանդակի բացման արարողությանը ներկա էին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, նախկին Հ․Մ․Ը․Մ-ականներ, պատվավոր հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես եկած Սփյուռքի նախարարը ընդգծեց Հ․Մ․Ը․Մ․-ի կարևոր դերը հայ հասարակության կյանքում՝ նշելով, որ այս օրը հպարտանալու մեծ առիթ է տալիս։ Նախարարը նաև հույս հայտնեց, որ առաջիկա տարիների ընթացքում Համա-Հ․Մ․Ը․Մ․-ական բանակման մասնակիցների թիվը կկրկնապատկվի։

«Սփյուռքի նախարարությունը մշտապես լինելու է Հ․Մ․Ը․Մ․-ի կողքին կանգնած, քանի որ դուք մեզ համար հպարտություն եք»,-նշեց Հայրապետյանը։

Ելույթներից հետո բացվեց հուշաքարը, որը մեծ հավանության արժանացավ ներկաների կողմից։

ՀՄԸՄ-ն հիմնադրվել է 1918 թ. նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի‘ր, բարձրացո‘ւր»: Միությանը, դրա պատմության և աշխատանքների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք պաշտոնական կայքէջ:

yerkir.am

Տպել Տպել