Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի

ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված հերթական քննարկումը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ կոնսենսուսի գալու համար այնպիսի ձևակերպում են առաջարկել, որն ամենալայն դուռն է բացում: «Մենք շատ հստակ ձևակերպել ենք, որ կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի, որը հնարավորություն կտա ընտրողին` համապետական ընտրությամբ որոշել կուսակցության ներսում մանդատների բաշխումը: Ցանկացած տարբերակով կարելի է հասնել սրա լուծմանը, ինչի համար էլ մենք որևէ մի տարբերակ չենք առանձնացրել, որպեսզի լայն դուռ բաց թողնենք հնարավոր համաձայնությունների համար: Սա ենթադրում է մասնակի բաց, մասնակի փակ տարբերակներ, որ տոկոսով` ոնց կորոշենք, տարբեր լուծումներ, որոնք հնարավորություն կտան կուսակցության ներսում մանդատների բաշխման հնարավորությունը տալ ընտրողին»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ մանդատները չպետք է բաշխվեն անուղղակի, ինչը մինչ այս տեղի է ունեցել, նախ բաշխվում են տարածքները, հետո տարածքների ներսում է բաշխում կատարվում: «Այսինքն՝ կարող է մանդատ ստանալ նա, ով քիչ ձայն ունի, և շատ ձայն ստացածը մանդալ չստանա: Անարդար է: Կարծում եմ՝ մանդատները պետք է բաշխել՝ ըստ տարածքներում կուսակցությունների ստացած ձայների: Բացի այդ՝ մենք դեմ ենք երկու քվեաթերթիկին: Մեր առաջարկի միակ խնդիրը հաշվարկի փուլում դժվարությունն է, այսինքն՝ հաշվել է պետք ոչ միայն կուսակցությունների ձայները, այլև կուսակցությունների ներսում ձայները: Սակայն աշխարհում 56 երկրից 31-ը բաց համամասնական համակարգով են անցկացնում ընտրությունը, և կարող ենք այդ երկրների փորձը վերցնել, այնպես անել, որ հաշվարկը երկար չտևի»,- ասաց Ռուստամյանը:

yerkir.am

Տպել Տպել