Հռետորական հարց

photo2 Մեր իշխանությունների մեթոդոլոգիական հիմնական սխալն այն համոզմունքն է, թե իրենք անփոխարինելի են:

Առաջին նախագահի օրոք նրա ամենակարող նախարարները բացահայտորեն հայտարարում էին. «Մեր դեմ խաղ չկա» կամ էլ. «Եթե նույնիսկ հարյուր տոկոս ձայն հավաքեն, միևնույն է, մենք իշխանությունը նրանց չենք տա»:

Երկրորդ նախագահն անընդհատ ինչ-որ իսկական տղամարդ էր փնտրում, որը կհամարձակվեր վիճարկել նրա իշխանությունը, որպեսզի բազկամարտում իր ուժերը չափեր:

Երրորդը ոչ մի նման ագրեսիվ բան դեռ չի հայտարարել, բայց պետք է միայն լսել այն համերգային ելույթները, որոնք կատարում են նրան շրջապատողները: Սա ակնհայտորեն նոր՝ եվրակողմնորոշված մարդասիրական գործիքավորում է՝ մենք ուրախ կլինեինք իշխանությունը զիջել արժանի ընդդիմության, բայց դե մեր երկրում համապատասխան ոչ ոք չկա, չկա մեկը, ով կկարողանար փոխարինել գործող նախագահին, ի՞նչ կարող ես անել:
Ստացվում է, որ երկրի հանրապետական ղեկավարությունը արնածոր սրտով կրում է հայկական պետականության այդ ծանր բեռը, նայում է շուրջը՝ փնտրելով արժանի փոխարինողի և ոչ ոքի չի գտնում: Հետո ստոիկորեն քրտինքը մաքրում է ճակատից և շարունակում իր ազնիվ առաքելությունը:

Ժպտո՞ւմ եք: Իզուր: Տեսնենք, թե ինչով է վտանգավոր այս մոլորությունը, որն իշխանությունները փորձում են փաթաթել մեր վզին:

Անկախ պետականության պայմաններում իշխանության գործառույթներից մեկը այդ պետականությունն ամրապնդելն է՝ ապահովելով նրա անվտանգությունը, բոլոր բնագավառների զարգացման ներուժը, երաշխավորելով դրա շարունակականությունը՝ անկախ արտաքին և ներքին քաղաքական իրավիճակից, մի խոսքով՝ պետականությունն առավելագույնս կենսունակ և հնարավորության դեպքում՝ հավերժական դարձնելը: Իսկ մեր երկրում շեշտադրումների տեղաշարժ է կատարվել՝ իշխանությունը բոլոր ուժերով և միջոցներով փորձում է ապահովել այդ ամենը, բայց ոչ թե ինչ-որ վերացական պետականության, այլ հենց իր համար:

Հավանաբար նոր անկախության ինչ-որ տնաբույս գաղափարախոս որոշել է, որ իշխանությունն ու պետականությունը նույն բաներն են, և բյուրոկրատական վարչարարության խորամանկ վարպետներն առայսօր մեր պետական կյանքը կառուցում են այդ կեղծ նույնականացման հիման վրա: Դա հանգեցրել է նրան, որ իշխանությունների շրջանում իսպառ բացակայում է զարգացման որևէ շարժառիթ:

Զարգացումը փոփոխություն է, իսկ փոփոխությունները բացի ամեն ինչից՝ ենթադրում են նաև իշխանության փոփոխություն: Եվ հետևանքն էլ այն է, որ մեր երկրում չկան մշտական որոնումներ, շարժում վատից դեպի միջինը, միջինից դեպի լավը, լավից դեպի ավելի լավը: Կյանքի ոչ մի բնագավառում՝ սկսած մշակույթից մինչև տնտեսություն, սոցիալական ոլորտից մինչև արտաքին քաղաքականություն, չեն որոնում ավելի լավ որոշումներ, ավելի լավ հնարավորություններ, ավելի լավ կադրեր: Չկա որոնում՝ չկա նաև զարգացում:

Դա կոչվում է ճահճացում, որի հետևանքը հետընթացն է, ինչի նշաններն արդեն ակնհայտ են: Հասարակության մեջ վաղուց է արմատացել այն համոզմունքը, որ հաջողության կհասնի ոչ թե նա, ով ավելի լավն է, այլ նա, ով կկարողանա: Կարևոր չէ՝ ինչպես, բայց կկարողանա:

Դրա համար էլ հաջողության հասնում են՝ ով ինչպես կարողանում է. հարստությանը հասնում են գանձագողությամբ և հարկեր չվճարելով, քաղաքական իշխանությանը՝ կեղծ ընտրություններով և զանգվածային ընտրակաշառքով, լավ պաշտոնի՝ կաշառքով ու ծանոթությամբ, հասարակական դիրքի՝ շողոքորթությամբ և անսկզբունքայնությամբ:
Այսինքն ազնիվ մարդկանց (նաև կազմակերպությունների) համար, որոնք հաջողության հասնելու վերոհիշյալ մեթոդները չեն ընդունում՝ դեպի այդ հաջողություն տանող ճանապարհն ամուր փակված է: Բայց եթե այդպիսին է հաջողության հասնելու բաղադրատոմսը, էլ ի՞նչ կարիք կա բողոքելու, թե նախագահական իշխանության համար մրցակցության մեջ են մտնում ոչ թե նրանք, ովքեր ավելի լավն են, այլ նրանք, ովքեր կարող են իրենց դա թույլ տալ՝ հակառակ իրենց կրթական, մշակութային և բարոյական մակարդակի:

Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ

Հ. Գ. Իսկ նրանք, ովքեր չեն փայլատակում անհրաժեշտ հատկանիշներով, բայց փոխարենն ունեն «հնարավորություններ», որպես կանոն նույն ծառի պտուղներն են՝ լինեն իշխանության մեջ, թե որևէ այլ տեղ: Մեկը մյուսի ոտքը չի տրորի:

Տպել Տպել