Ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի հասարակության զարգացման մակարդակին

Երանի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերը կառուցեին` ելնելով իրենց առողջապահական, կրթական և այլ ծրագրերից, ունենային համապատասխան մարդիկ, ովքեր այդ գաղափարներն իրականացնելու են. խորհրդարանում ԸՕ բարեփոխումների քննարկումների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկին` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Նշենք, որ Հարությունյանն առաջարկում է` ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն պարտավոր է ներկայացնել այն կառավարության կազմը, որով ինքը ենթադրում է հանդես գալ, եթե հաղթի ընտրություններում:

Սեյրանյանի խոսքով` երբ պարտադիր է դարձվում ինչ-որ նախագիծ` ունենալով լավ ցանկություն, ինչ-որ իմաստով այդ լավ ցանկության իրականացման հնարավորությունը փչացվում է:

Ըստ նրա` ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի հասարակության զարգացման մակարդակին: «Եթե ես շեշտադրում եմ անում ծրագրերի և կադրերի վրա, հասարակությունն էլ դա այդպես պետք է չափի»,- ասաց պատգամավորը:

Սեյրանյանը նշեց, որ, կիսելով հանդերձ թե’ Հարությունյանի մտադրությունը, թե’ բարի ցանկությունը, չի կիսում նրա լավատեսությունը: «Եթե որակյալ բանավեճեր չլինեն, այդ կաբինետի հրապարակումը ոչինչ չի տալու: Ոլորտային նախարարների բանավեճեր պետք է կայանան: Եթե չկա առողջապահական հիմնախնդիրներով զբաղվող փորձագիտական լուրջ ներուժ, և մի թեկնածուն ասում է` ես լինելու եմ առողջապահության նախարար, և բոլոր վիրահատությունները լինելու են անվճար, մյուս նախարարը, ով հասկանում է, որ դա անհնար` «Նյու Վասյուկիի» ոլորտից է, ասում է` դա հնարավոր չէ, հանրային ընկալման տեսակետից առաջինը կլինի շատ լավ նախարար, երկրորդը` չուզող և շատ վատը: Հանրությունը, եթե չկա լավ վերլուծական հանրույթի տեսակետ, ինչպե՞ս պետք է կողմնորոշվի` երկու նախարարների տեսակետների հետ կապված»,- իր մտահոգությունը հայտնեց պատգամավորը:

Սեյրանյանը հիշեցրեց, թե ժամանակին ովքեր ստացան քվեներ: «Ժամանակին մարդիկ, ովքեր համոզված էին, որ ջերմուկով Հայաստանը կարելի է պահել, ստացան քվեներ: Քվեներ ստացան այն գործիչները, ովքեր բաժակաճառեր ասելու նման հայտարարում էին` կգանք իշխանության, թոշակը կդարձնենք այսքան: Մյուսը տեսավ, որ ժողովրդին դա դուր է գալիս, ասաց` ես երեք անգամ կբարձրացնեմ: Այդ ժամանակ էլ չկար հեղինակավոր վերլուծական հանրույթը, որը կասեր` հարգելի ապագա սոցապ նախարարները երեքն էլ ստախոս ու ֆոկուսնիկ են»,- նշեց պատգամավորը:

Հաջորդ մտահոգությունը, որ հայտնեց Սեյրանյանը, այն էր, որ, ըստ նրա, տվյալ պարագայում կողմնակիորեն կատարվում է կառավարության ընտրություն: «Այսինքն` ես ընտրություն եմ կատարում` մտքում կաբինետներ ունենալով, և ստացվում է, որ ես ունեմ սպորտի նախարարի մի փայլուն թեկնածու, որևէ քաղաքական ուժ էլ ասում է` Ջորկաեֆին կդարձնի սպորտի նախարար և դրանով կհավաքի այնպիսի մարդկանց քվե, ովքեր այս կուսակցության ո’չ ծրագրի, ո’չ գաղափարի հետ համաձայն չեն: Այսինքն` այստեղ կա քաղաքական մանիպուլյացիայի ու աճպարարության խնդիր»,- նշեց նա:

Բացի այդ` պատգամավորն ընդգծեց, որ հնարավոր է լինեն այնպիսի ուժեր, որոնքր ցանկություն էլ չունեն կաբինետ ձևավորելու կամ մաս կազմելու կառավարությանը: «Հնարավոր է` լինեն ուժեր, որ չեն ցանկանում կառավարությունը ձևավորել, այլ ուզում են օրենսդրական գործունեությամբ զբաղվել, քննադատել կառավարության գործունեությունը, անգամ` չունեն նախարարների` իրենց թեկնածուներ»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում է մշակույթի, պաշտպանության 3 մլն նախարար, ֆուտբոլագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար և նույն մտադրությամբ էլ քնում է, սակայն հանգամանքների բերումով աշխատում է ուսուցիչ, վարորդ, վարսավիր, նման մշակույթի ներմուծումը բարդ է լինելու: «Կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց չեմ կիսում լավատեսությունը»,- եզրափակեց նա:

Տպել Տպել