Կայացել է Ասկերանի ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությունը

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել ՀՅԴ Լիբանանի Զավարյան Ուսանողական Միության կողմից Արցախի Ասկերան քաղաքում կազմակերպված պատանեկան ճամբարի փակման արարողությունը:

Ճամբարի ավարտական հանդեսին ներկա էին ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, ասկերանցիներ, հյուրեր:

Պատանիները ներկաներին են ներկայացրել անցած շաբաթվա ընթացքում սովորած երգերը, պարերը, հանդես եկել ասմունքներով, թատերական և մարզական համարներով:

Ճամբարի ընդհանուր պատասխանատու Կիրո Գարավարդանյանը նշել է, որ Ասկերանի հյուրընկալ հարկի տակ անմոռանալի օրեր են անց կացրել՝ շնորհակալություն հայտնելով շրջանի ղեկավար կազմին և ՀՅԴ կառույցին աջակցության համար:

Ալյոշա Գաբրիելյանը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որի շնորհիվ միայն կարող ենք նորանոր հաջողություններ արձանագրել պետական շինարարության գործում: «Ամռանը մեր երեխաները սրտի թրթիռով են սպասում Սփյուռքի մեր հայրենակիցների ժամանելուն, նրանց կազմակերպած ճամբարներին: Իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներն ողջ տարվա ընթացքում աշխատում են հոգալու նյութական և կազմակերպական հարցերը: Նրանց համար ամենամեծ հաշվետվությունն այսպիսի հաջողված ճամբարն է»,- իր խոսքում նշել է Ալյոշա Գաբրիելյանը:

Հավելենք, որ Լիբանանից ժամանած 5 հոգանոց խումբն առաջիկա շաբաթվա ընթացքում կշարունակի աշխատանքը՝ այս անգամ Ասկերանի ՀՅԴ պատանեկան միության անդամների հետ:

aparaj.am

Տպել Տպել