Հանրության պառակտում՝ «մեծ սիրո» փաթեթավորմամբ

ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.

Որ համերաշխ հանրությունը մեծ ուժ է, կարծեք, ոչ մեկը դեռ կասկածի տակ չի առել: Բայց «մեծ սիրո» փաթեթավորմամբ հանրային պառակտումը սկսվել է, ցավոք: Ֆեյսբուքը դարձել է ատելության մի եռացող կաթսա, որտեղ հայհոյանքների, իրար ոչնչացնելու, մեղադրանքներ ու լուտանքներ թափելու և պաշտպանական ճառերի պակաս չի զգացվում: Իշխանության և ընտրությունների հոտը շատերն արդեն իրենց քթներին են քնում ու հորինում իրենց ճառերն ու բեմական սցենարները՝ կատաղած փնչացնելով այս ու այն կողմ: Կարծում եմ «կարգին» ընտրություններն էլ այնքան հեռու չեն:

Սա էլ է նորմալ՝ ներկա պայմաններում: Բայց աննորմալ է թույնն ու անհանդուրժողականությունը՝ այլակարծության նկատմամբ, որին հետևում է շատ տրամաբանական մի հարց՝ այս ատելությունը իրո՞ք «մեծ սիրո» արգասիք է:

«Հանդուրժողականությունը» հասել է այնտեղ, որ Լևոն Տեր- Պետրոսյանի միակ ճիշտ քայլն է որակվում Դաշնակցության կասեցումը և սա մի ինչ-որ պատահական մարդու զառանցանք չէ: Ծիծաղելի է, որ ոմանք կարդալ գիտեն, բայց հասկանալ՝ ոչ: Եթե մտահոգություն է հնչում երկրի երկրորդ նախագահին և նախկին բարձրաստիճան զինվորականներին ներկայացված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի տարօրինակության և անկանխատեսելի հետևանքների մասին, ոմանք դա ընկալում են, որ Դաշնակցությունը իրեն դատապաշտպանի տեղ է դրել:

Հանգստացե՛ք, սիրելիներս, Դաշնակցությունը գործընթացները չի անձնավորում, երբ հարցը վերաբերվում է պետական և ազգային շահին: Մենք մեր սկզբունքային դիրքորոշումը 2008-ի մարտի 1-ի վերաբերյալ այն ժամանակ ենք դեռ ասել, հիմա էլ ենք կրկնում. մենք բարիկադների վրա սպիտակ աղավնիներ էինք թռցնում, երբ բարիկադի 2 կողմերում իրենց սրերն էին սրում և ռևանշիզմն ու իշխանական կիրքը մթագնել էր բախման պատրաստվողների ուղեղն ու սիրտը: Լևոնի ռևանշիզմի մոլի վկաներին՝ ՀԱԿ-ի լեգիոնականներին, կրկին հիշեցնում ենք, որ մենք ազատագրված հայրենիք չունենք թշնամուն տալու: Դաշնակցությունը երևույթները կոչում է իրենց անունով:

Մի՛ գնացեք պառակտման ճանապարհով՝ պետությունը համախմբիչ դեր ու ֆունկցիա ունի: Մի՛ գնացեք երկրի հեղինակությունը վարկաբեկելու ճանապարհով՝ միջազգային հարթակներում հեղինակության կորուստն ուղղակի հարված է մեր անվտանգությանը: Մի՛ գնացեք երևույթներն ընտրողաբար քննելու ճանապարհով, եթե այդպես պիտի արվի, ապա անկախ արդարադատության նկատմամբ հավատը խորտակվում է:

Մի՛ վարկաբեկեք բանակը, այն հաղթանակած բանակ է: Մի՛ վարկաբեկեք իրոք վաստակաշատ հրամանատարներին, բոլորը տուշոնկա գողացող չեն: Մի՛ վարկաբեկեք մեր հաղթանակները, դրանք արյամբ են ձեռք բերվել:

Մի՛ վարկաբեքեկ մեր հերոսներին, նրանք մանկամիտ չեն եղել, այլ իմացյալ մահով են անմահացել: Մի՛ վարկաբեկեք մեր եկեղեցուն, այն համազգային և հոգևոր անվտանգության մեր կայուն և բազմադարյա Սուրբ Տունն է: Մանկամիտներին մի՛ տվեք «դուխ» և քարոզչական զենք, նրանք դեռ բահ բռնած չկան: Մի տարեք մեզ փորձությունների նոր ճանապարհներով, մենք որոշ «ժողովրդավարների», աշխարհաքաղաքացիների և այլասերվածների մատաղ անելու հայրենիք, պետականություն և ազգային արժեքներ չունենք:

Մի՛ մսխեք ժողովրդի հույսը, այն վերականգնելը չափազանց դժվար է:

Մի՛ վարկաբեկեք, վերջապես, Դաշնակցությանը, այն դեռևս միակ համազգային և համաշխարհային հայ ազգային-քաղաքական կուսակցությունն է, որը միշտ և այսօր պատրաստ է կյանքի գնով պաշտպանել Հայաստանի և հայության բովանդակ շահերը»:

Տպել Տպել