Խոսք ի խորոց սրտի քայլողների հետ

«Խոսքն է եղել սկըզբանից…»,
Իսկ թե հանկարծ մի անբանից
Հըրաման գա՝
Մինչև անգամ
Վերցնել մարդկանց լեզվի՞ց զրկել –
Ո՛չ թե մարդկանց քիմքին կպած
Այն մի կտոր միսը պոկել,
Այլ բերա՜նը ամուր փակել…

Պարույր Սևակ

Վերջին ամիսներին մեր հասարակությունը մի տեսակ տվայտանքների մեջ է: Ձորից դուրս ենք եկել ու ճանապարհ ենք փնտրում: Անշուշտ, ձորից դուրս գալը մեծ կամք, դժվարություն ու ջանք է պահանջում, սակայն ոչ պակաս կարևոր է, թե հետո ճանապարհդ որ ուղղությամբ կտանես ու կհասնե՞ս արդյոք այնտեղ, ուր պիտի հասնեիր: Այժմ մենք այդ որոշման առաջ ենք կանգնած ու մեծ է վտանգը սխալ ճանապարհ ընտրելու: Այստեղ կշռադատումներ են պետք, քննարկում, մտքերի փոխանակում, անցյալի դասերի վերանայում ու, ամենակարևորը, համախմբվածություն: Մի բան, որ կարծես թե դեռ տեղի չի ունենում: Ու մենք նման ենք նրանց, ովքեր դուրս են եկել ձորից, բայց դեռ կանգնած նայում են անդունդին: Մենք «կանգնած ենք վայրի ժայռի կատարին», իսկ մեր կողքով ժամանակը հոսում է ու, եթե հիմա ճիշտ որոշում չկայացրինք մեր երթն անվտանգ ու ճիշտ ուղղով տանելու հարցում, ապա մեծ է վտանգը նորից անդունդը գլորվելու /կապ չունի նույնը, թե ճանապարհին մեկ այլ անդունդ/:

Մի բան պարզ է. մենք այս ժայռի կատարին երկար կանգնել չենք կարող: ԵՎ ՈՒՐԵՄՆ՝ օր առաջ պետք է մտածել՝ ի՞նչ անել, ինչպես գտնել ճիշտ ուղին: Ահա այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու՞ չի ստացվում առաջ գնալ, ի՞նչն է մեզ խանգարում: Պատճառներն, անշուշտ, շատ են: Դրանցից թերևս առաջինն ու հիմնականն այն է, որ այն խումբը, որ նախաձեռնել է ձորից դուրս գալու մեր շարժումն ու հաջողությամբ գործն ավարտին հասցրել ասում է՝ ես, որ ճանապարհով և ուր ուզեմ ձեզ պիտի տանեմ: Մնացածդ լռեք, եթե խոսեցիք ու իմ ասածին չհամաձայնեցիք, ուրեմն դուք ծախված եք, ձեր տեղը մութ քարանձավն է:

Ահա, այստեղ է, որ հայ հանրույթի մի մասը, որը, թերևս առավել ուսյալ ու առողջ դատողության տեր է, և ունի ձևավորված կայուն արժեհամակարգ, կրողն է իր ժողովրդի պատմական փորձի ու ժառանգության, ունի լուրջ մտահոգություններ ու վախեր: Նրա տագնապներն արդարացի են, որոշ հարցերում հնչեցրած նրա ոչ-ը փաստարկված է և հենված անցյալի փորձի վրա: Նա առաջընթացին դեմ չէ, միշտ էլ ասել է, որ անդունդից դուրս գալ է պետք, միշտ էլ կոչ է արել մտածել հասարակության փրկության ու առողջացման մասին և բոլորից ոչ պակաս ոգևորվել է, երբ ամիսներ առաջ մտածել է, թե կյանքն անդունդում ավարտվեց և կարծել, որ սկսվում են նոր ժամանակներ: Բայց ի տարբերություն մյուսների, հասարակության այս տեսակը /կամ խումբը, ինչպես կուզեք անվանեք/ ունենալով հասունություն ու հիշողություն, վերլուծելու և կշռադատելու հսկա կարողություն չի տրվում կույր ոգևորությանն ու հստակ հարցեր է առաջադրում՝ ո՞ւր ենք գնում և ինչպե՞ս: Նրան պատասխանում են՝ մենք գնում ենք կառուցելու այն լուսավոր երկիրը, որ միշտ երազել ենք, որ միշտ քարը քարին ենք դրել ու կիսատ թողել, կիսատ թողել և անգամ կորցրել…. – Լավ, ես էլ եմ դա ուզում, ես էլ եմ ձեզ հետ գալիս, վերջին հաշվով այդ երկրի կառուցման երազը մինչև ձեզ հասնելը, օրորել է իմ քունը, իմ կյանքին է թևեր տվել և եղել ու մնացել ամենաիմը, իմ սրտի թրթիռն ու ոգու կորովը: Բայց ահա, նայի՛ր, վիրավոր ուսիս, խոսի՛ր ինձ հետ, քննիր ինձ ու կասեմ, թե ինչպես ենք ամեն անգամ այդ երկրի կառուցումը կիսատ թողել, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, որտեղ ենք թերացել, ինչու ենք անթաղ թողել մեր տունը կառուցող վարպետներին: Ինչո՞ւ է մեր շինարարը լքել մեր երկիրն ու գնացել օտարի տունը կառուցելու: Դու ինձ սրանից հարցրու, հետս խելք խելքի տուր, թե չէ՝ դու էլ կիսատ կթողնես մեր երազ-երկրի կառուցումը, իսկ հետո ժամանակի սողանքը քեզ, ինձ ու մեր զավակաց կամաց-կամաց նորից կիջեցնի անդունդը: Եվ վերջապես հասկացիր, եթե դու ես ցույց տվել անդունդից դուրս գալու կարճ կածանն ու ուղին, դա դեռ չի նշանակում, որ գիտես ապագա տանող ճիշտ ճանապարհն ու երկիր կառուցելու վարպետ ես: Վերջապես, հիշիր, ընդամենը 30 տարի առաջ մենք անդունդից նորից դուրս էինք եկել, նորից ազգովի ոգևորված էինք ու պատրաստ սարեր շուռ տալու, նորից սիրում էինք մեր նախագահին, նորից պատրաստ էինք ու կյանքի գնով պահում էինք մեր հայրենիք, ազատագրում նրա գերված մի հատվածը, մենք նորից Ազգ էինք ու Հայաստանի Հպարտ Քաղաքացի: Բայց, կյանքը ցույց տվեց, որ մեր բնավորության կիսատ-պռատությունը նորից ելավ ու հաղթեց մեզ, փառքը նորից լարեց իր որոգայթը, փողը գայթակղեց, մասնավոր շահը վեր դասվեց հանրային, ազգային ու պետական շահից ու նորից աչքի փուշ դառավ, ձայնազուրկ դարձավ ու բանտարկվեց նա, ով փորձեց ճիշտ ուղի ցույց տալ, անվարան ասել՝ տղե՛րք, էս ու՞ր եք գնում, էս ու՞ր եք տանում մեզ: Բայց տղերքը, շատ էին հարբած, փառքից-բանից կուրացած, ասում էին՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է, դուք չեք ուզում, դուք չեք հասկանում, դուք, դուք…Հետո այդ մեծամտությունն ու փառամոլությունը մեզ տարավ անդունդ: Իրար լսելու, միասին քննարկելու, սրտացավորեն իրար քննադատելու մշակույթի բացակայությունը մեզ տարավ իրար չսիրելու, իրար վրա ձեռք բարձրացնելու, մեկմեկու խաբելու, իրարից գողանալու, ատելության մթնոլորտի: Սա է իրական ճահիճը, որտեղ ոչ մի առողջ բան չի կարող ծնվել, սա է անդունդը որտեղ մութ է, որտեղ միայն իրար հրմշտում են, կծում ու խփում՝ ապրում մի բուռ արևի կարոտ, որտեղից փախչելը գովելի ճարպկություն է, որտեղ անտարբեր լինելն ու ամեն ինչ հայհոյելը միակ ճիշտ ու անշառ կեցվածքն է:

Ահա այսպես, միակարծության ու մեկ անգույն բևեռի ձևավորումը 30 տարում մեզ հասցրեց այնտեղ, որտեղից հիմա դուրս ենք եկել ու մտածում ենք Նոր Հայաստան կերտելու մասին: Ու թե հիմա մենք նորից թույլ ենք տալու նույն սխալները, նորից լսելու ու բանի տեղ ենք դնելու միայն յուրայինների կարծիքները, նորից ամենախելացի գործիչն ու մասնագետը, կառավարիչն ու գիտնականը համարելու ենք նրան, ով էն գլխից մեր մոտիկն է եղել, մեր հետ քայլել, երգել ու պարել է, ուրեմն ոչ մի տեղ էլ չենք հասնի…Կմնանք նույն տեղում, կդոփենք, կհոգնենք, ու մեկ-երկու ուժեղ քամի, անձրև, սահելով կիջնենք ձորը… ԵՎ ՈՒՐԵՄՆ՝ իրար լսել է պետք, այլակարծությունը չպետք է դավաճանության համարել և ամեն անգամ դիտողություն լսելուց պետք չէ անընդհատ հիշեցնել անդունդի, նրա մութ կյանքի և այնտեղ փառքի հասած ճահճի տերերի մասին: Եթե մեր համեմատության աստիճանը շարունակեց մնալ անդունդը, ուրմեն մենք նորից կհայտնվենք այնտեղ, կամ մի օր կպարզվի, որ ոչ էլ դուրս էինք եկել, պարզապես ինչ-որ մեկի ձեռքը լապտեր էր ընկել, լուսավորել էր անդունդը ու մեզ թվում էր թե հասել ենք արևին, արևային ու լուսավոր Հայաստանին:

Արթուր Մկրտչյան

Տպել Տպել