Դաշնակցության նպատակն է՝ պաշտպանել Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի շահերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ կենտրոնում, որտեղ վարչապետի տիկնոջը ողջույնի խոսքով դիմել է հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Դաշնակցության նպատակը միշտ եղել է պաշտպանել Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի շահերը։ Ուզում եմ մեր ընկեր-ընկերուհիների ներկայությամբ կրկնել, որ հեղափոխությունը պետք է հաջողի, որովհետև հեղափոխության հաջողությամբ պայմանավորված է հայ ժողովրդի ապագան։ Եվ Դաշնակցությունը` լինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, իր ուժերը ներդնում է հեղափոխության հաջողության գործում»,-նշել է Մուրադ Փափազյանը։

Ողջույնի խոսքով է ասել նաև ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի անդամ Հրաչ Վարժապետյանը։

Նա նույնպես հավաստել է հնարավոր բոլոր ռեսուրսները՝ թե՛ մարդկային ուժի, թե՛ ֆինանսական տեսքով, տրամադրելու մասին, որպեսզի հեղափոխության նպատակը հաջողվի, ինչի հետ ժողովուրդն այդքան հույս է կապել։

«Դաշնակցության համար Հայաստանն ու Հայաստանի պետականությունը վեր է ամեն ինչից։ Այդպես է եղել անգամ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»,- նշել է Վարժապետյանը՝ չցանկանալով հիշեցնել «այդ էջերն ու հետևանքները»։

Առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել Դաշնակցությանը՝ տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ դաշնակցության կատարած գործը պետության համար անգնահատելի է ։

«Այսօր մենք, մեր պետության ներսում, նոր հանգրվանում ենք և այդ նոր հանգրվանը պահանջում է նոր աշխատանք, նոր մոտեցում։ Ես չեմ կասկածում, որ դուք այդ նոր աշխատանքի մեջ կգտնեք այն անելիքը, որն անփոխարինելի է, որը միայն դուք կարող եք անել»,- նշել է Աննա Հակոբյանը:

Տպել Տպել