Սոցցանցային ծանծաղամտությունը և հայ մամուլը

Դժվար է բառերով նկարագրել այն վայնասունը, որ բարձրացավ սոցիալական ցանցերում, ՀՅԴ ԳՄ հայտարարությունից հետո, կապված մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հետ:

ՀՅԴ-ն նշել էր` տեղի ունեցածը մտահոգիչ է և քաղաքաքական հետապնդման տպավորություն է թողնում: Սա բավական էր, որ Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության ճակատագրով «մտահոգ» հորդաները միաբերան աղաղակեն, որ ՀՅԴ-ն, ներկայացված լինլով Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ, ըստ էության, դեմ է գնում իշխանություններին և պաշտպանում «մարտի 1-ի հանցագործ» Ռոբերտ Քոչարյանին:

Եվ ամենատարօրինակն այն է, որ այդ վայնասունին միացան նաև առանձին լրատվամիջոցներ, որոնք, թվում էր, պետք է վերլուծեին իրավիճակը և հասարակական կարծիքն ուղղորդեին դեպի ճիշտ հուն: Զուր հույսեր:

ՀՅԴ ԳՄ հայտարարության շուրջ աղմուկը դեռ չէր մարել, երբ նոր աղմուկ բարձրացավ, այս անգամ արդեն Քոչարյանի նկատմամբ կալանավորման խափանման միջոցը փոխելու ԱԺ 45 պատգամավորի միջնորդության հետ: Միջնորդության տակ ստորագրած 45 պատգամավորից 3-ը ՀՅԴ խմբակցության անդամ են: Դարձյալ աղմուկ, դարձյալ իրարանցում, և դարձյալ սոցիալական ցանցերում աղմկողներին գլխավորում են առանձին լրատվամիջոցներ, որոնք, ցեխ շպրտելով Դաշնակցության ուղղությամբ, նաև ակնհայտ ճիգ են գործադրում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանն իրենց «հավատարմությունը» ցուցադրելու համար:

Մի քանի վայրկյանի հարց է այդ նույն լրատվամիջոցների իսկական էությունը հասարակությանն ի ցույց դնելը: Բավական է հիշել միայն, թե ինչեր են նրանք գրել հենց Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին ծախված լինելու մասին, երբ Փաշինյանը սկսեց տարածություն պահպանել իր և ՀԱԿ-ի միջև, երբ չկարողացավ ներդրվել «Սասնա ծռերի» պայքարում՝ իբրև համակարգող:

Այս փոքրիկ հիշեցումով էլ կսահմանափակվենք՝ հետևություններ անելու իրավունքը թողնելով լրատվամիջոց կոչվող այդ ծանծաղամիտ հրատարակություններին, որոնք ավելի շուտ քամու ուղղությունը ցույց տվող օդապարիկ են, քան հասարակական կարծիք ձևավորող գործիք:

Հետհեղափոխական էյֆորիային չհամընկնող կարծիքների հանդեպ անընդհատ թեժացվող անհանդուրժողականությունը նկատի ունենալով՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դա նման է «մտքի տեռորի»: «Ի՞նչ է, խոսք ասելու իրավունք էլ չունե՞նք: Տեռորը, տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,- ասաց Հ.Մարգարյանը՝ հասկացնելով, որ թե ՀՅԴ ԳՄ հայտարարությունը և թե Դաշնակցության պատգամավորների միանալը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությանը, ըստ էության, համատարած վայնասունից տարբերվող խոսք ու կարծիք է, որ նույնպես գոյության իրավունք ունի:

«Տեռոր» բառը լսելով՝ քրոնիկ հակադաշնակցական կայքերն ու թերթերը լծվեցին Հրանտ Մարգարյանի խոսքն աղճատելու, իրենց քիմքին ու այլասերվածությանը համեմատ մեկնաբանելու գործին:

Սրանց երեսպաշտությունը հասավ մինչև այն աստիճան, որ գրեցին. «Ամբողջ խնդիրն այն է, որ ամեն օրվա հետ նոր իշխանությանը կամ նոր Հայաստանին տրված ՀՅԴ գնահատականներն ավելի ու ավելի դաժան և անողոք են դառնում՝ ավանդական կուսակցությանը դարձնելով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, արմատական, հայեցակարգային ընդդիմություն»։

Հիմա ես այս գրչակին առաջարկում եմ՝ դու փորձիր լինել ընդդիմադիր, եթե կարող ես, ինչո՞ւ ես վախենում, եթե, ինչպես կարծում ես, Հայաստանում իսկապես «մտքի տեռոր» չկա, և ամեն մարդ կարող է իր կարծիքն արտահայտել և գնահատականներ տալ:

Ինչպես և սպասելի էր, ասես մեկ մարդու հրահանգով, այս կարգի լրատվամիջոցները շրջանցում են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքի այն հատվածը, որտեղ նա ամենահասկանալի հայերենուվ հասկացնում է, որ ՀՅԴ-ն չի կարող լռել, ինչպես մյուսները, և պարզապես հետևել ձախողումներին, որոնք հետևում են մեկը մյուսին, այդ թվում և իրավական դաշտում, որի գործերին Նիկոլ Փաշինյանը, եթե հավատալու լինենք իր խոսքին, չի միջամտում:

Հակադաշնակցական թույնով ներծծված լրատվամիջոցի ծանծաղամիտ մեկնաբանի համար անհասկանալի է այս նրբությունը, ինչպես նաև այն, թե «ինչու է կառավարությունում շարունակում ներկայացված մնալ ՀՅԴ-ն, եթե ցուցադրական քայլերով ամեն օր իրեն սահմանազատում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Օրինակ՝ իշխանությունը կալանավորում է Ռոբերտ Քոչարյանին, իսկ ՀՅԴ-ն դա համարում է քաղաքական հալածանք»:

Նախ՝ ՀՅԴ-ն դա քաղաքական հալածանք չի համարում, այլ ընդամենը զգուշացնում է, որ կա այդպիսի տպավորություն: Եվ ապա՝ իրավապահ մարմինների գործողություններին գնահատական տալը այդ երբվանի՞ց է համարվում կառավարությունում ներկայացված լինել-չլինելու չափանիշ: Այդ ե՞րբ է եղել, որ ՀՅԴ-ն հայտարարել է, թե ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, ու մեկը համարձակվի ասել, թե կոալիցիայի կուսակցությունն իրավունք չունի նման բան ասելու: Պատահաբար շատ հետ չե՞ք փորձում գնալ, ընդհուպ ԽՍՀՄ ժամանակները:

Եվ վերջում՝ մի նկատառում: Ի՞նչ ծնեց սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում գեներացված անհանդուրժողականությունը այլակարծության նկատմամբ: Այն ծնեց նոր անհանդուրժողականություն, բայց արդեն իշխանամետ խոսքի նկատմամբ: Արդյունքում մենք կորցրեցինք տարբեր կարծիքներից գոյացող այն ռացիոնալ հատիկը, որը մեզ պետք է օգներ՝ հասկանալու թե ստեղծված իրավիճակը և թե դրանից բխող հետևանքները:

Էդիկ Անդրեասյան

yerkir.am

Տպել Տպել