Դուք սխալ ճանապարհով եք տանում երկիրը, հասարակությանը

Vahan eluyt Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀԿ–ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություններ են առաջարկվում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում:

Իշխող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրենց ելույթներում շարունակ պնդում էին, որ պետք է հասնել կոնսենսուսի:

Դրան իր ելույթում արձագանքել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը.

«Որեւէ մեկն այս դահլիճում կամ առհասարակ կարո՞ղ է հիշել ՀՀ պատմության մեջ մի դեպք, երբ որեւէ հարց լուծվել է կոնսենսուսով: Երբեք ոչ մի հարց կոնսենսուսով չի լուծվել, երբեք քաղաքական մեծամասնությունը դրան չի գնացել»,- հայտարարել է նա:

Նա նշել է, որ հիմա օրենքների փաթեթներ են ԱԺ բերելու, եւ ինքը կարող է որեւէ մեկի հետ գրազ գալ, որ փոքրամասնության որեւէ առաջարկություն չի ընդունվելու:

«Կոնսենսուսի տակ դուք հասկանում եք, որ բոլորը ձեր հետ համաձայնեն: Դուք սխալ ճանապարհով եք տանում երկիրը, հասարակությանը: Ցավալի է, որ մինչեւ հիմա պատասխան չեք տվել, բայց կտաք»,- եզրափակել է Վահան Հովհաննիսյանը:

Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի համոզմամբ՝ պառլամենտական էթիկան «միայն միջանցքում մեկը մյուսի ոտքի վրա չկանգնելը չէ»։ Ըստ նրա, էթիկան առաջին հերթին՝ երկրի օրենքները սրբորեն հարգելն է։

«Ես համարում եմ, որ էթիկայից դուրս է, երբ ասում են, որ 5 հոգանոց խմբակցությոյնը 70-ին դեմ չպետք է գնա։ Իսկ ինչու՞ ոչ։ Այո,եթե զգում ենք, որ ճիշտ ենք, պետք է դեմ գնանք մեծամասնությանը։ Օրինակ, էթիկան պահանջում է, որ պատգամավորը բիզնեսով չզբաղվի։ Եվ կամաց-կամաց հասնում ենք դրան։ Դուք զգում եք, որ հասնում ենք, դրա համար էլ ուզում եք դեմը փակել», – ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Վահան Հովհաննիսյանը։

Ըստ Վահան Հոհաննիսյանի, իշխանությունը հանդուրժեց էթիկայի հանձնաժողովի գործողությունները, երբ դրանք վերաբերում էին մասնավոր դեպքերի, եւ «ընդվզեց»,- երբ հերթը հասավ լուրջ հարցերի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ՀՅԴ-ն դիմեց հանձնաժողովին՝ մեծամասնության կողմից ԱԺ նիստը տապալելուց հետո։

«Երեք սուբյեկտ կա պետության մեջ, որոնք կարող են ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնել՝ նախագահը, կառավարությունը եւ ԱԺ պատգամավորները։ Երբ մեծամասնությունը տապալում է նիստը, նա զրկում է այդ սուբյեկներից մեկին իր սահմանադրական իրավունքից», – նշել է Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, իշխանությունները վստահ չեն իրենց գործողություններում, դրա համար էլ բոյկոտեցին ընդդիմության նախաձեռնած՝ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը։

Ըստ Վահան Հովհաննիսյանի, Էթիկայի հանձնաժողովի կազմը փոխելու՝ ՀՀԿ նախաձեռնությունը կարող է եւ չնկատվել հասարակության կողմից, բայց չի կարող աննկատ անցնել «ուրիշ տեղերում»։

«Եվ երբ որ այդ տեղերում պարզ դառնա, որ Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ռեալ հույսերը տապալվում են, քանի՞ կոպեկ արժեն ձեր ընտրությունները»,-ասել է նա։

Դաշնակցական պատգամավորի խոսքով, իշխանությունների հանջուրժողականության եւ ժողովրդավարական բարեփոխումների գնալու սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ ՀՀԿ-ն «մի թիզ իշխանություն է կորցնում»՝ «ինչքան էլ Բրյուսելում գեղեցիկ ելույթներ ունենաք»։

Տպել Տպել