ՀՅԴ-ն քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ՀՅԴ-ն տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ այսօր Դաշնակցությունը նշում է իր հիմնադրման 128-րդ ամյակը: Այս ընթացքում եղել են ինչպես ուրախ, պայծառ, այնպես էլ մութ, արյունոտ էջեր: «Այս էջը, որը բացում ենք, ճակատագրական, բեկումնային է լինելու Հայաստանի, Արցախի համար: Համատեղ ուժերով պարտավոր ենք լծվել այս ծանր աշխատանքին, որպեսզի Երևանը լինի բոլոր հայերի հպարտությունը, անկախ նրանից՝ երևանցի ես, թե գյումրեցի, մեր բոլոր հայերի հպարտությունը, սիրտը Երևանն է լինելու»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով` Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ իրենք ունեն դրանց լուծման տարբերակները:

«Որևէ մեկիս չի բավարարում հանրային տրանսպորտի վիճակը, կանաչ տարածությունների սակավությունը, կեղտը, որը տեսնում ենք Երևանի փողոցներում: Բողոքելու համար շատ բան պետք չէ: Լուծումների համար պետք է միտք, կամք և ուժ, որը մենք ունենք, ու պատրաստ ենք դրանք օգտագործել ի շահ Երևանի»,- նշեց նախարարը:

Ելույթով հանդես եկավ նաև Հայ Օգնության միության կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը, ով ՀՅԴ ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա իր ելույթում նշեց, որ բոլորը պետք է գործեն «հանուն»-ի սկզբունքով` հանուն հայրենիքի, ընդ որում` ՀՅԴ-ն միշտ է գործել այդ սկզբունքով: Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի կարգախոսն է` «Միասին` հանուն Երևանի»:

«Երևանը պետք է լինի համահայկական մայրաքաղաք, լինի ամեն հայի մայրաքաղաքը: Մենք ունենք փորձ և աշխարհասփյուռ մեր կառույցի միջոցով բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, օրինակ` մեր ջանքերով կարողացել ենք աշխարհի տարբեր կետերում գտնել քույր քաղաքներ Սիսիանի, Կապանի, Վանաձորի, Շուշիի համար: Եվ այդ քույր քաղաքները աջակցության ձեռք են մեկնել մեր քաղաքներին»,- ասաց Ալեսյա Բեջանյանը:

Նրա խոսքով` ՀՅԴ թիմը հավակնոտ է, ծրագիրը` նույնպես: Թիմում շատ են պրոֆեսիոնալները, հայրենասերները` նույնպես: «Մենք վստահ ենք, որ հաջողելու ենք, և մեր հաջողությունից է կախված երևանցու հաջողությունը»,- ասաց Բեջանյանը:

Դաշնակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը իր ելույթում նշեց, որ քարոզարշավի մեկնարկի տեղը պատահական չէ ընտրված. 1918 թվականին Արամ Մանուկյանը կարողացավ համախմբել երևանցիներին, մեր ժողովրդին և հաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում: Այն ժամանակ Երևանը դեռևս Հայաստանի մայրաքաղաքը չէր, քանի որ Հայաստանն անգամ անկախ պետություն չէր:

«Մենք Արամի տեսակն ենք` պայքարող տեսակ, միավորող տեսակ»,- ասաց Մանուկյանը եւ վստահեցրեց, որ ՀՅԴ-ն կարող է համախմբել երեւանցիներին:

Ըստ նրա` սպասվում է դժվար աշխատանք, և ամբողջ թիմով երևանցիներին են ներկայացնելու իրենց ծրագիրը` Երևանի տեսլականը:

Դաշնակցության թեկնածուն նաև տեղեկացրեց, որ լինելու են բոլոր վարչական շրջաններում, բակերում և թաղերում: ՀՅԴ-ն ներկայանում է «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով` հանուն ժամանակակից, կանաչ գեղեցիկ, բարեկարգ, խնամված Երևանի, հանուն նոր սերնդի, հոգատար ու արդար, մշակութային ու համահայկական մայրաքաղաքի:

Լրագրողների հետ զրույցում Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՅԴ ծրագիրը շատ հավակնոտ է, այն 30 օր շարունակ մշակել են բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ բոլոր ոլորտներից` կանաչապատում, տրանսպորտ, կոմունալ շինարարություն, համայնքային կառավարում և այլն: «Չկա մի ոլորտ, որը ներառված չլինի մեր ծրագրում, և քարոզարշավի ժամանակ ներկայացվելու են այդ ոլորտները: Կարևորը խոսելը չէ, այլ գործելը, և ես վստահ եմ, որ ֆինանսական միջոցներ միշտ կարելի է գտնել` խնդիրներին սպառիչ լուծում տալու համար: Կարելի է արդյունավետ համագործակցել թե´ Սփյուռքի կառույցների, թե´ միջազգային կազմակերպությունների հետ: Կարևորը արդյունավետ գործելու կամքն է և ցանկությունը»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով` Երևանը պետք է կանաչապատ գոտիներ ունենա, տրանսպորտի ոլորտում` միասնական երթուղային ցանց և միասնական տոմսային համակարգ:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ-ի շանսերը, նա պատասխանեց. «Մենք մանդատների մասին չենք խոսում, մենք խոսում ենք հաղթանակի մասին, մենք վստահ ենք, որ հաղթելու ենք: Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է ներկայանա երևանցուն, Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, և Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի, նաև` վերջին քաղաքական գործընթացների համատեքստում»:

Ինչ վերաբերում է նախորդ քաղաքապետերի գործունեության գնահատմանը, Միքայել Մանուկյանը նշեց, որ բոլոր քաղաքապետերն էլ թողել են իրենց հետքը` և´ լավ, և´ վատ իմաստով: Մասնավորապես Տարոն Մարգարյանի մասին նա ասաց. «Տարոն Մարգարյանը էսթետիկ իմաստով բավական շատ գործ է արել` թե´ ծաղկապատման, թե´ նստարաններ տեղադրելու առումով»,- ասաց նա:

Տպել Տպել