Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը շատ այլ պետություններ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

Kiro 3 Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնարավոր է մեծ թվով պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր, դեկտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը բազմաթիվ պետություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն պետությունները, որոնք մինչև օրս Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ թե նրա համար, որ չեն ընդունում իրողությունը, այլ նրա համար, որ չեն ցանկացել իրենց հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ»,- նշել է Մանոյանը:

Խոսելով 2012-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ձեռքբերումների մասին՝ Մանոյանն ընդգծել է, որ եթե մինչ այդ բարձրացվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը, ապա այս տարի նաև ակտիվացավ հատուցման, հետևանքների վերացման հարցը, որը պետք է մինչև վերջ պնդել: «Հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն լարված են, այլ նաև այն շրջափակումը, այն վերաբերմունքը, որ Թուրքիան է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ`պատերազմի մեկ այլ ձև է: Ակնկալել, որ ինչ-որ փոփոխություններ առաջիկա տարում կամ մինչև 2015 թվականը տեղի կունենան, կարծում եմ, իմաստ չունի: Թուրքիան ինչ-որ քայլեր ձեռնարկում է՝ ցույց տալու համար, թե իբր հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ առաջխաղացում կա, և դա կարող է ավելի ակտիվացնել առաջիկա տարում»,-ասել է Մանոյանը՝ ընդգծելով, որ իրականում ոչ մի ակտիվ գործընթաց էլ չկա:

«Թուրքիան դեռ կփորձի երկխոսություն սկսել Սփյուռքի որոշ կազմակերպությունների հետ, այնպիսինների, որոնք աղերս չունեն այս խնդիրների հետ և փորձ էլ չեն ունեցել: Թուրքիան դա կփորձի ցույց տալ՝ որպես երկխոսության ճիգ, այնինչ մենք Թուրքիայի նույն կոշտ կեցվածքի շարունակությանն ականատես եղանք՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի հարցով:

Մեր առաջարկն է սեղանին դնել նախագիծ երեք պարբերությամբ՝ հայ-թուրքկան դիվանագիտական հարաբերություններ, ճանապարհների բացում և հարցերի լուծում միջազգային իրավունքին համապատասխան»,- տեսակետ է հայտնել նա:

Ըստ Կիրո Մանոյանի՝ հաջորդ տարի արտաքին քաղաքական խնդիրներից մեկը կլինի Եվրասիական միության և ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակիացումը, Հայաստանը պետք է որոշի իր հարաբերությունների մակարդակը:

Նրա համոզմամբ՝ այս խնդիրները որոշելիս առաջնահերթ պետք է լինի ՀՀ անկախության և անվտանգության պահպանությունը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Մանոյանը կարծիք է հայտնել, որ պատերազմի հավանականությունը մեծ չէ, քանզի «Ադրբեջանը որքան էլ հոխորտա, որքան էլ զինադադարը խախտի, պատերազմ չի սկսի, քանի որ վստահ չէ, որ կհաղթի, դրա համար էլ չի համարձակվի պատերազմ սկսել»:

Նրա խոսքով՝ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան փորձում են տարբեր քաղաքական շրջանակներում, որտեղ հայերի ներկայությունն ավելի քիչ է, ինչ-որ առավելություններ ձեռք բերել: «Մյուս կողմից փաստ է, որ Եվրախորհրդարանում, Եվրահանձաժողովում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում: Երբ Եվրահանձնաժողովի նախագահը այցելում է Ծիծառնակաբերդ, դա վկայում է այն մասին, որ Թուրքիայի խուճապը գնալով մեծանալու է»,-հայտարարել է Կիրո Մանոյանը՝ հավելելով նաեւ, որ սխալ կլինի ասել, որ Թուրքիան հզոր պետություն է և ավելի է հզորանում:

«Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը, ապա կարծում եմ այդ առումով չի կարող խնդիր լինել և անհրաժեշտ տեխնիկան ստանալուց հետո օդանավակայանը կսկսի իր գործունեությունը»,-ասել է Մանոյանը՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումը հստակ է այս հարցում. «եթե մեր թռիչքները թիրախ դառնան, ապա նույնը կլինի ադրբեջանական թռիչքների հետ»:

Տպել Տպել