Եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել ընտրություններին, թեկնածու կառաջադրի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

– Պարոն Ռուստամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դաշնակցություն կուսակցությունը նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարց է քննարկում և դա հայտարարելու է Գերագույն ժողովում:

– Գերագույն ժողովը կորոշի այս իրավիճակում ընդհանրապես մասնակցել-չմասնակցելու հարցը: Եվ եթե մասնակցենք, պարզ է, որ պետք է որոշվի թեկնածու առաջադրել:

– Այսինքն` եթե որոշվի, որ մասնակցելու եք, անպայման սեփական թեկնածո՞ւ եք առաջադրելու:

– Իհարկե, մասնակցությունն այդպես է լինում: Իսկ չմասնակցելու տարբեր ձևեր կան: Եվ չմասնակցելը հիմնականում այն պատճառով կարող է լինել, երբ պարզ դառնա, որ այդ միջոցառումն ընտրություն չէ, ոչ էլ հնարավորություն կստեղծվի, որ դառնա իշխանափոխության միջոց:

– Նաև խոսակցություններ կան, որ այս ընտրություններին ՀՅԴ-ն առաջադրելու է Ձեր թեկնածությունը:

– Խոսակցություններ կարող են ցանկացած մարդու մասին էլ լինեն: Մենք միշտ ասել ենք, որ թեկնածուի պակաս չունենք:

– Գործող նախագահ Սերժ Սարգսյանն առայժմ լուրջ մրցակից չունի: Չե՞ք կարծում, որ եթե ՀՅԴ-ն սեփական թեկնածու առաջադրի, պարզապես նրա համար մրցակցություն կապահովի:

– Դրա համար էլ ասում եմ, որ պետք չէ այդ գործընթացներին ինքնանպատակ մասնակցել` հատկապես, երբ գիտես, որ վարչաֆինանսական ռեսուրսով ընտրությունների արդյունքը կանխորոշված է: Իսկ այդ գործընթացը պարզապես առաջացնում է տպավորություն, որ իբր ընտրություն է տեղի ունենում: Այդ իբր թե ընտրության համար էլ մենք չենք պատրաստվում այդ գործընթացին մասնակցել:

– Նաև կարծիք կա, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ սեփական թեկնածու առաջադրելու պայմանավորվածություն ունի, որպեսզի միայն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին բաժին չհասնեն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, ու նա այդ հանգամանքից շատ չոգևորվի:

– Ես ձեռնպահ եմ մնում տարբեր խոսակցություններ մեկնաբանելուց, որովհետև դրանք օդից վերցրած խոսակցություններ են: Բոլորովին վերջերս էլ խոսակցություն է եղել, որ ես իբր վիճել եմ Արտյուշա Շահբազյանի հետ` այն դեպքում, երբ ես այդ ժամանակ Լոնդոնում էի, Ա. Շահբազյանն էլ Երևանում էր:

– Ոչ իշխանական կուսակցությունների նախաձեռնած կոնսուլտացիաները արդյունք չտվեցի՞ն: Փաստորեն դրանք ընդամենը ժամանակ լցնելու և քաղաքական դաշտը զբաղեցնելու փորձեր էին:

– Այդ կոնսուլտացիաների ամփոփումը տեղի կունենա, դրա հիման վրա էլ դեկտեմբերի 25-ին մեր Գերագույն ժողովում կորոշենք մեր անելիքները:

– Պարոն Ռուստամյան, Էթիկայի հանձնաժողովի հետ կապված այս օրինագծի սկանդալային քննարկումը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՅԴ պատգամավորների կողմից հարցեր կամ մեկնաբանություններ անելուն խոչընդոտելն արդյոք չէ՞ր նշանակում, որ նա այդպիսով ողջ խորհրդարանի գործունեությունը ստորադասեց այդ նախագծին ու դրա զեկուցողին:

– Ես չեմ ուզում հարցը անձնավորել: Խախտումները եղել են բազմաթիվ, և այդ ջղաձիգ վիճակը գալիս էր դրանից: Իսկ դրսևորումներն էլ կարող են լինել ամեն մեկի անհատական բնավորությունից: Եվ այդ ամբողջի նպատակը Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները ձախողելն էր: Փորձ արվեց կաշկանդել հարցեր տալը, հարցերի քանակը սահմանափակել: Իսկ այդ ամբողջը ՀՅԴ նկատմամբ եղավ, որովհետև մեր հարցերն իրենց դուր չեկան: Դուր գային՝ դրանք կերկարաձգեին: Իսկ քննարկման ժամանակ տեղի ունեցած սկանդալները եղան այն պատճառով, որ հայցով դիմել ենք Էթիկայի հանձնաժողով: Տեսան, որ Էթիկայի հանձնաժողովի միջոցով հնարավոր է չկայացնեն իրենց ձեռնտու որոշում: Արտահերթ նստաշրջանին չմասնակցելու բոյկոտը էթիկայի կոպիտ խախտում էր: Իսկ դա կազմակերպված անելն Ազգային ժողովի անգործության հետ կապված խնդիր է առաջացնում, որը կարող է նաև սահմանադրական հարց առաջացնել: Այս ողջ գործընթացը կանխելու համար էր բազմաթիվ թերություններով նախագիծը: Դրանով ուզում էին նախ գործընթացի կեսից խաղի կանոն փոխել: Նման նախադեպ չի եղել, որ հայցը ներկայացնելու պահին մի խաղի կանոն է գործում, հետո երբ տեսնում են, որ հայցը լավ ընթացք չի կարող ունենալ, փոխում են խաղի կանոնը, որ իրենց հարմար որոշումը կայացնեն:

– Իսկ այդ օրինագիծը վերջնական տեսքով Էթիկայի հանձնաժողովը «անողնաշար մարմին» չի՞ դարձնի, ինչպես դուք էիք բնութագրում քննարկումների ժամանակ:

– Ո՛չ, այդքան շատ բան չի փոխվել: Հարաբերակցությունն էլ այդքան շատ չի փոխվել՝ 2/4 հարաբերակցությունը դարձել է 3/4: Սա էական բան չի փոխում:

– Բայց եթե նախագահական ընտրություններից հետո խմբակցություններից մեկը միանա կոալիցիային, այդ դեպքում հարաբերակցությունը հօգուտ իշխանության կփոխվի:

– Բնականաբար, բայց այս պահին այդպես չէ, և ես վաղվա մասին չեմ կարող խոսել, բայց այն ժամանակ էլ այդ բաժանումը՝ ընդդիմություն-ոչ ընդդիմություն բաժանումը կա: Եվ լավ է, որ դա ամրագրեցին և ոչ թե նախկին` իշխանություն-ոչ իշխանություն տերմինները: Հասկացան, որ իշխանությունը սահմանվում է Սահմանադրությամբ:

Արմինե Ավետյան

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել