«Սա մեզ համար հայրենիք է, ոչ միայն` տարածք»


Սիրիական քաղաքացիական պատերազմը, երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր դարձրել է անհայտ եւ անորոշ:

Սիրիայի խաղաղ բնակչության հետ մեկտեղ Սիրիայի հայկական երբեմնի հզոր համայնքն այսօր կործանման եւ քայքայման եզրին է: Հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են արտերկիր, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն:

Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Քաշաթաղի շրջանում:

Քաշաթաղ այցելած սիրիահայերի եւ կովսականցիների հետ հանդիպելու նպատակով Կովսական էին այցելել ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Կամո Մարտիրոսյանը, ով Քաշաթաղի շրջանի պատգամավոր է, եւ Կամո Բարսեղյանը:

Դաշնակցական պատգամավորները բնակչության հետ հանդիպելուց հետո, ծանոթացան սիրիահայերի համար քաղաքում կառուցվող բազմաբնակարանոց շենքի կառուցման աշխատանքերին, շենքի պայմաններին, լսեցին բնակիչների եւ մասնավորապես` սիրիահայ ըտանիքների հուզող հարցերը:

Շրջանը աշխարհագարկան առումով, տարածվելով հյուսիսց հարավ ավելի քան 180 կմ, անմատչելիություն էր ստեղծում շրջանային կյանքի կառավարման եւ կազմակերպման համար:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Կ. Մարտիրոսյանի նախաձեռնությամբ` Կովսականում հիմնվել է շրջանի վարշակազմի ներկայացուցչություն, ինչը նպաստում է շրջանի հարավային թեւի բնակչության եւ շրջանի ղեկավարության հետ հարաբերության մատչելիությանը:

Կովսականում պատգամավորները այցելեցին դպրոց, հանդիպեցին ուսուցչական կոլեկտիվի հետ:

«Կովսականի “Թաթուլ Կրպեյանի” անվան դպրոցում սովորում են 95 աշակերտ, որից 16-ը սիրիահայեր են, իսկ 11-սիրիահայ աշակերտներ այս տարի են եկել Կովսական», -ասաց դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը:

«Այսօր 17 սիրիահայ ընտանիքներ վերաբնակեցվել են Կովսական քաղաքում, – խոսելով Կովսականի վերաբնակեցման եւ սիրիահայերի` քաղաքում հաստատվելու մասին, նշեց Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, – այստեղ հաստատված սիրիահայերը որոշ խնդիրներ ունեն, հատկապես բնակարանային, կենցաղային եւ այլ բնույթի, սակայն, լուծվում են այդ խնդիրները: Մի քանի ընտանիքներ արդեն ապահովված են բնակարաններով: Նոր երկհարկանի շենք է կառուցվում կառավարության կողմից: Մեկ բազմաբնականար շենք է կառուցել “Թուֆենկյան” հիմնադրամը: Եղել են դեպքեր, երբ կառավարությունը շինանյութ է դրամադրել մարդկանց եւ իրենք իրենց ուժերով բնակարարններ են կառուցել: Շուտով քաղաքում բնակվող բոլոր սիրիահայ ընտանիքները կապահովվեն բնակարաններով»:

Խոսելով ընդհանրապես քաղաքի եւ բնակչության խնդիրների մասին, քաղաքապետը նշեց, որ 15 տարի է, ինչ քաղաքը վերաբնակեցված է, ունեն դպրոց, բուժմիավորում, շուտով կունենան մշակութային տուն եւ երիտասարդության կենտրոն:

«Զրոյից ենք սկսել, խնդիրները շատ են, բայց հուսով ենք, որ ամեն ինչ լավ է լինելու: Այստեղ շատ լավ պայմաններ կան գյուղատնտեսության զարգացման համար: Ուղղակի ցանկություն է պետք», – խոսքը եզրափակում է քաղաքապետ պրն Մարգարյանը:

Քաղաքում հանդիպեցինք սիրիսհայ Վիգեն Օհանյանին, ով եկել էր հանդիպելու ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ: Վիգենը Սիրիայի Ղամշլի քաղաքից է, արհեստավոր, ում հետ խոսեցինք Կովսականում վերաբնակվելու եւ տեղում ծառացած խնդիրների շուրջ:

– Սիրիական այս դեպքերի սկսվելուն պես սիրիահայերի մի մասը դուրս եկավ Սիրիայից, հաստատվեցին ՀՀ-ում, ԼՂՀ-ում, կամ այլ երկրներում: Ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիք վերաբնակվել հենց Արցախում:

– Մենք 2005-ին որոշել էինք այցելել եւ հաստատվել Արցախում: Եկա Արցախ, ծանոթացա այստեղի պայմաններին: 2010թ. նորից եկա Արցախ: Այդ տարի չհաջողվեց տեղափոխվել Արցախ. բնակարանային եւ այլ խնդիրներ կար: Պատերազմը, Սիրիայում սկսած կացությունը սպիտեց մեզ արագացնել մեր քայլերը եւ տեղափոխվել Արցախ: Այստեղ եմ ընտանիքով, մեծ երեխաս 8-րդ դասարանում է, երկրորդը` 7-րդ, մյուս աղջիկս` 4-րդ, եւ 3 տարեկան երեխա էլ ունեմ: Երկափագործ եմ, բայց քանի որ այն այստեղ` այս քաղաքում այնքան էլ պահանջված չէ, պիտի սկսեմ հողագործությամբ զբաղվել:

– Ձեզ ի՞նչը ստիպեց հատկապես Արցախում ընտրել այս բնակավայրը` Կովսականը:

– Սիրիայում անցել եմ ՀՅԴ պատանեկան , այնուհետեւ երիտասարդական միությունների շարքերը, 1983թ. անցել եմ ՀՅԴ շարքերը: Ամեն մի թիզ մեր հողն է, մենք այդ գաղափարախոսությամբ ենք ապրել եւ ապրում Սփյուռքում: Եվ հենց պահը եկավ ընտրություն կատարելու, առանց վարանելու ընտրեցինք հենց այս քաղաքը: Պետք է ապրել այս հողում, պետք է շենացնել այս հողը: Թշնամին թող իմանա, որ Կովսականը, եւ Արցախի ողջ տարածքը բնակեցված է, ապրում ենք այստեղ, եւ սա մեզ համար հայրենիք է` ոչ միայն տարածք:

– Ձեզ լսելուց հետո, եւ համաձայն լինելով ձեզ հետ, այնուամենայնիվ ուզում եմ հարցնել` Կովսականը կոնկրետ Ձեզ համար ժամանակավոր կացարա՞ն է, թե՞… (ընտհատելով հարցս պատասխանեց զրուցակիցս-խմբ.)

– Մշտապե՛ս, սա մե՛ր հայրենիքն է:

– Ինչպե՞ս եք տեսնում Ձեր եւ Ձեր երեխաների ապագան այստեղ:

– Ավելի հայկական մթնոլորտ է այստեղ, ավելի ապահով եւ ավելի լավ, քան ուրիշ տեղ: Իհարկե, մենք այնտեղ, մեր քաղաքում ունեինք վարժարաններ, արվեստի դպրոցներ եւ այլ օջախներ պատանիների եւ երիտասարդների ուսուցման եւ կրթելու համար, ավելի լայն հնարավորություններ, բայց օրինակ, անվտանգ չէ նույնիսկ փողոցով քայլելը: Իսկ այստեղ ամեն ինչ մերն է` փողոցը, դպրոցը եւ այլն: Ես կուզեմ, որ իմ երեխաները այստեղ սովորեն, այստեղ ապրեն:

– Ձեր կյանքը կազմակերպել եւ ապրել եք մի երկրում, որ, պարզապես, մեկ օրվա մեջ թողել, հեռացել եք եւ հաստատվել այս քաղաքում, ուր ամեն ինչ դեռ անծանոթ է: Ինչպիսի՞ խնդիրների առաջ եք կանգնել եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան:

– Մեկը, որ հասած լիներ հարյուրի եւ այսօր ստիպված է սկսել նորից զրոյից, ի հարկե դժվար է եւ խնդիրներ կան անշուշտ: Հնարավորության դեպքում պետք է գնամ եւ վաճառեմ իմ տունը, արհեստանոցը եւ այստեղ գնել նորը: Հույս ունեմ, որ պետք է ավելանա մեր շրջանի, քաղաքի բնակչությունը եւ իմ արհեստը մի օր պիտի պահանջված լինի:

– Կապ ունե՞ք ձեր հարազատների, առհասարակ` Սիրիայում ապրող մեր հայրենակիցների հետ։

– Այո, խոսում ենq նրանց հետ:

– Իսկ կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են հետեւել Ձեր օրինակին եւ այցելել Արցախ:

– Այո, կան: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են գալ ու մնալ Արցախում, սակայն որոշ դժվարություներ ունեն: Կան նաեւ մարդիկ, որվքեր ցանկանում են դուրս գալ Սիրիայից եւ տեղափոխվել այլ երկրներ, կան նաեւ մարդիկ, ովքեր ցանկանում են մնալ եւ ապրել այնտեղ: Սակայն այնտեղ` Սիրիայում, սիրիահայերի ապագան մութ է ու անհայտ:

Խ.Կ. Նշենք, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ծառայությունները եւ Արցախի հանրային հեռուստատեսությունը անհասանելի են կովսականցիների համար:

«ԱՊԱՌԱԺ»

Տպել Տպել