ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը հետեւողական է լինելու Ցեղասպանության ճանաչման հարցում

Երուսաղեմ ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անցնող տարում արձանագրված առաջընթացը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը նկատեց, որ 2012-ը բավական լավ տարի էր իրենց հանձնախմբի գործունեության առումով: «Մեր աշխատանքները Քնեսեթում բավական արդյունավետ էին, առաջխաղացում կար մեր տարած ճանաչման գործընթացում: Հուսով ենք` ձեռքբերված հաջողություններն էլ ավելի կամրապնդվեն գալիք տարում` Քնեսեթի ընտրություններից հետո»,- նշեց նա: Սեւանը նկատեց, որ վերջին մի քանի տարիներին Իսրայելի ժողովուրդը, մասնավորապես` հրեաները, բավական դրական կեցվածք են ունեցել` ի նպաստ հայերի, ինչպես նաեւ` Հայոց ցեղասպանության ճանաչման:

«Ինչ խոսք, այդպես էր երկար ժամանակ ի վեր, սակայն վերջին շրջանում այն ավելի վառ արտահայտվեց` թե մամուլում, թե Քնեսեթում տարված աշխատանքի առումով եւ թե ընդհանրապես»,- ասաց նա: Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը 2013-ին իր աշխատանքը շարունակելու է նույն ջանասիրությամբ, հետեւողական է լինելու Ցեղասպանության ճանաչման հարցում, պատասխաններ եւ լուծումներ է տալու, փորձելու է դրական արդյունքի հասնել ցանկացած դեպքում` լինեն դրանք տեղական` համայնքային հարցեր, թե համահայկական խնդիրներ:

Իսրայելի Քնեսեթը 2012-ի հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հաստատել է խորհրդարանի ինքնարձակման եւ վաղաժամկետ ընտրությունների նշանակման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Ինքնարձակմանը միաձայն հավանություն են տվել ներկա գտնվող բոլոր 100 խորհրդարանականները: Պատգամավորները հաստատել են Քնեսեթի նոր ընտրությունների անցկացման ամսաթիվը. դրանք կկայանան 2013 թվականի հունվարի 22-ին:

Ինչպես արդեն հաղորդել է «Արմենպրես»-ը, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը հույսեր է կապում Իսրայելի ընտրվելիք խորհրդարանի: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն արդեն կախված կլինի այն հանգամանքից, թե քաղաքական ուժերն ինչ հարաբերակցությամբ ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել