Մեզանում միայն տնտեսությունը չէ ստվերային

Աղվան«Ցավոք, ընտրությունները դադարել են իշխանություն ձևավորելու պատճառ լինել: Ցավոք, նաև մեր մեղքն է, կուսակցությունների, այդ թվում` Դաշնակցության, որ մենք մայիսի 6-ի ընտրություններից մինչև հիմա չկարողացանք հասարակության մեջ ամրացնել այդ հույսը` ընտրությունների միջոցով բան փոխել: Կարծում եմ, որ հասարակությունը տեղյակ է, գիտի, որ մենք ամեն ինչ արեցինք, որ այս ընտրությունները լինեն քաղաքական, քաղաքական դիրքորոշումների, գաղափարների պայքար: Մենք ձևակերպել էինք կարևոր խնդիրները»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն փորձեց համաձայնություն կայացնել, բայց չկայացավ:

Նրա խոսքերով՝ հասարակությանը մեղադրել երբեք չի կարելի, նա բազմաշերտ է, բազմազան. «Մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ հասարակությունը չի վստահում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելուն: Երբեք հասարակության 90 տոկոսը չի գնում, բայց որ ակտիվ 10-15 տոկոսը չի կազմակերպում, ուրեմն պրոբլեմ կա, և սա միայն ընդդիմության պրոբլեմը չէ: Երբ իշխանությունը մնում է մենակ, սա իշխանության պրոբլեմն է»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ մեր այս խնդիրների պատճառը մեր կուսակցությունների ներքին խոհանոցն է, որոշ դեպքերում` մեկ անձի շուրջ համախմբված լինելը և միանձնյա որոշում կայացնելը, փակ լինելը: Դաշնակցությունը, ըստ նրա, և՛ արմատական ընդդիմություն է եղել, և՛ իշխանության մաս է կազմել, այժմ էլ ընդդիմություն է, բայց միշտ եղել է ինքնուրույն և ունեցել իր հստակ դիրքորոշումը. «Մենք որոշեցինք չմասնակցել մի խաղի, սցենարի, որը մեր խաղը չէ, բայց մենք վերջակետ չենք դրել: Մեր բոլոր փաստարկները հիմնավոր են: Փորձագետներ կային, լրագրողներ, որ մեզ գովերգում էին` մտածելով, թե կանենք իրենց ուզածը, բայց մենք երբ ինքնուրույն որոշում ենք կայացնում, հիմա էլ քննադատում են մեզ»:

Իսկ քաղաքական կոնսուլտացիաների անարդյունավետ ավարտը Աղվան Վարդանյանը պայմանավորել է և՛ ընդդիմադիր կուսակցություններով ու գործիչներով, և՛ իշխանության պահվածքով, ազդեցությամբ: «Մեզանում միայն տնտեսությունը չէ ստվերային, ստվերային են նաև ընտրությունները, քաղաքական գործիչների հարաբերությունները ևս, և սա աճելու որոշակի միտում ունի»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել