ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ

ARF_Logo-coloredԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, ինչպես բոլոր տարիների, այնպես էլ 2013թ. պետական բյուջեի նախագիծը դիտարկում է հիմնականում ռազմավարական հարցերի համատեքստում, իհարկե` ուշադրություն դարձնելով նաև տեղային խնդիրներին: Այս հիմնավորումից ելնելով` գտնում ենք, որ երկրի բյուջեն ոչ թե նպատակ է, այլ երկրի զարգացման ռազմավարական ծրագրերն են նպատակ, իսկ բյուջեն միջոց է այդ ծրագրերի իրականացման համար:

«Դաշնակցություն» խմբակցությունը 5 տասնյակից ավելի հարցեր է քննարկել կառավարության լիազոր ներկայացուցիչների հետ, նաև հանդես է եկել ավելի քան 30 գրավոր առաջարկություններով: Խմբակցությունը հանդիպել է նաև ԼՂՀ վարչապետի հետ: Առաջարկությունները հիմնականում վերաբերում էին ՀՆԱ և բյուջեի եկամտային հարաբերակցությանը, համայնքային բյուջեների դոտացիաներին, վարչակառավարչական ապարատի լավարկմանը (օպտիմալացմանը), գյուղատնտեսության, գիտության, բարձրագույն կրթության, հայրենադարձության և վերաբնակեցման, հեռահաղորդակցության ոլորտներին, գյուղական երիտասարդության բնակարանային հիմնախնդիրներին, ինչպես նաև կապիտալ շինարարության ծրագրերին: Առաջարկություններն ուղղված էին նաև գյուղերում արվեստի և սպորտի զարգացման խնդիրներին:

Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ խմբակցության և կառավարության կարծիքների տարբերությանը` պետք է խոստովանել, որ ընդհանուր առմամբ հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում:

2012թ. բյուջեի նախագիծը քննարկելիս նշել էինք բյուջեի ռիսկային բնույթի մասին` կապված առավել մեծ պակասորդի հետ: Շեշտենք, որ այս տարի այն իրատեսական է:

Շեշտենք նաև, որ տարեցտարի կառավարության կողմից ավելի է կատարելագործվում ծրագրերի կազմումը ե՛ւ ուղղությունների, ե՛ւ բովանդակային իմաստով, չնայած վերոնշյալ ուղղությամբ դեռևս բավականին անելիքներ կան:

«Դաշնակցություն» խմբակցության կարծիքով` յուրաքանչյուր տարվա բյուջեի իրականացման հիմնական գրավականն այն է, որ գործադիրն ունենալով երկարաժամկետ ծրագրեր` փորձում է կյանքի կոչել դրանք, որի հետևանքով կիրառված քաղաքականությունը վերածվում է համակարգային ռեֆորմների և առավելագույնս զերծ պահում անհատական որոշումներից:

Մենք բազմիցս ենք շեշտել, որ բյուջեի նախագիծը առավել մանրամասնորեն ուսումնասիրելու և շահագրգիռ քննարկելու նպատակով` այն ԼՂՀ ԱԺ ներկայացվի առնվազն 50 օր առաջ: Փորձում ենք հավատալ, որ հաջորդ տարի այս բացը կշտկվի, քանի որ արդեն առկա են համապատասխան օբյեկտիվ պայմաններ:

«Դաշնակցություն» խմբակցության կարծիքով` չնայած վերջին տարիներին կառավարությունն ավելի է ուշադրություն դարձրել ծրագրերի վերահսկողությանը, որը հիմնական գրավականն է պետական միջոցների վատնումից և նրանց նկատմամբ ոչ խնայողաբար վերաբերմունքից խուսափելու համար, սակայն այս ուղղությամբ դեռևս լուրջ անելիքներ կան: Վերահսկողության ուժեղացումից բացի կարևոր է նաև, որ ի հայտ եկած խախտումներն առավել թափանցիկորեն ներկայացվեն հանրությանը: Գտնում ենք, որ վերահսկողության առավել ուժեղացման կարիք ունեն առանձնապես սերմնավարկերի` ժամանակին տրամադրման և վարկավորման նպատակային օգտագործման խնդիրները, չնայած, կրկնում ենք, կառավարությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել:

2013թ. բյուջեի նախագծով կառավարությունը ևս մեկ քայլ է կատարել հակակարկտային լիարժեք համակարգի ստեղծման ուղղությամբ` նախաձեռնելով համապատասխան ֆինանսական միջոցներ:

Ողջունելի է նաև հանքաարդյունաբերական բնագավառում հարկային փաթեթում փոփոխություններ կատարելը` գտնելով, որ անհրաժեշտ է առաջնորդվել աստիճանական անցման սկզբունքով։

Դրական ենք համարում նաև 2013թ. բյուջեով նախատեսված գումարների հատկացումը պետական մի շարք աշխատողների և ընդհանրապես կադրերի վերապատրաստման ուղղությամբ` առանձնապես գյուղական համայնքներում:

Մենք շարունակում ենք շեշտել, որ ներքին քաղաքականության բնագավառում ամենակարևոր հարցերից մեկը երկրի համաչափ զարգացման ապահովումն է: Չնայած կառավարությունն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել վերոհիշյալ ուղղությամբ` ճյուղային կտրվածքով, բայց, մեր կարծիքով, դեռևս լուրջ անելիքներ կան նմանատիպ քայլեր ձեռնարկելու նաև տերիտորյալ (ռեգիոնալ) իմաստով:

ՀՅԴ-ն պատրաստ է իր մասնակցությունն ունենալ վերոհիշյալ բնագավառում ծրագրերի կազմմանը:
Առկա գիտակրթական բարեփոխումներին զուգահեռ` ուզում ենք նշել, որ դեռևս արմատապես չի փոխվել պետական բուհի հետ վարվող քաղաքականությունը: Գտնում ենք նաև, որ կառավարության ծրագրում ամրագրված ապակենտրոն քաղաքականության սկզբունքը տարեցտարի առավել լայն արտացոլում պետք է գտնի բյուջեի մեջ, որը կարևոր ազդակներից է գյուղական համայնքները ինքնաբավության հասցնելու գործընթացում: Գնահատելի է նաև գյուղատնտեսության ոլորտում արված քայլերը ապահովագրական համակարգի ստեղծման գործընթացում:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը 2013թ. բյուջեի նախագծում շեշտում է կառավարության դրական շարունակական աշխատանքները սոցիալական և էներգոհամակարգի ոլորտներում` առանձնապես ՀԵԿ-երի բաժնեմասերի տրամադրումը քաղաքացիներին:

Գտնում ենք նաև, որ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով անհրաժեշտ է առավել աշխուժացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ուղղություններին հասարակական և քաղաքական ուժերի ներգրավումը:

Հուսով ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցների ավելացումը կխթանի ԼՂՀ ճանաչման գործընթացը` զուգակցելով այն համահայկական ներուժով։

Ելնելով վերոնշյալից` ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը 2013թ. պետական բյուջեի նախագծին կողմ է քվեարկել:

Տպել Տպել