Հայաստանը հստակ արտաքին քաղաքականություն չի վարում

Կիրո3 2012-ին մեր երկրին շահագրգռող բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մի մասը նորմալ էր, մյուս մասը` ոչ: Կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով այսօր, դեկտեմբերի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփել է անցնող տարվա ՀՀ արտաքին քաղաքականությունը:

Նրա խոսքով՝ այս տարի նկատելի էր հստակ քաղաքականության բացակայություն, իսկ արտաքին քաղաքականություն, կարելի է ասել, չենք ունեցել:

«Հայաստանը հստակ արտաքին քաղաքականություն չի վարում»: Նրա հավաստմամբ` խնդիրը կապված է հիմնականում ՀՀ ԱԳ նախարարության հետ։ «Եթե չունենք ԱԳՆ, դա գալիս է նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից։ Հատկապես արտաքին քաղաքականության մեջ ոմանք շատ ակտիվ են, ոմանք էլ անձնական հարցրեր են փորձում լուծել իբրև դեսպան»,- նշել է բանախոսը, հավելելով, որ անցնող տարում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք կարող էին հօգուտ Հայաստանի ընթանալ, բայց նման բան տեղի չունեցավ։

«Դա նաև վերաբերում է Հայոց Ցեղասպանությանն ու հետևանքների վերացմանը։ Դեռևս ոչ մի նախագահ հստակ քաղաքականություն այս ոււղղությամբ չի վարել»,-շեշտել է նա, ընդգծելով, որ կոնկրետ Ֆրանսիայի հետ կապված` Հայաստանը հստակ մարտավարական քայլեր չձեռնարկեց. «Որևէ հստակ ուղի չընտրեց, հաշվի չառնելով այլ հավանական սցենարների զարգացումները։ Հայաստանն ընդհանրապես չէր մտածում, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի խափանի այդ ծրագիրը»։

Անդրադառնալով Արդբեջանի դիրքորոշմանն ու տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերին բանախոսը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է վարել իր հակահայկական քաղաքականությունը։ «Ամեն կերպ փորձում է միջազգային հանրությանը կաշառել»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում ընթացող գործընթաներին, ապա, ըստ նրա, Հայաստանի համար դրանք լուրջ մարտահրավերներ էին։ «Հատկապես Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն այսօր էլ Հայաստանի համար սպառնալիք և լուրջ մարտահրավերներ են»,- հավելել է նա նշելով, թե արտաքին քաղաքականության բարելավման համար երկու կարևոր գործոն կա, որ պետք է միշտ պահպանվեն. «Իշխանությունները ներսում չպետք է ներքին կոնֆլիկտ առաջացնեն և արտաքին մարտահրավերներին ու զարգացումներին չպետ է զոհ գնան»:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցին, նրա խոսքով՝ ի նպաստ այդ գործընթացի տարեսկզբին էլ ոչինչ չէր ակնկալվում. «Պարզ էր՝ ոչ մի առաջընթաց չէր լինելու, իսկ Հունգարիայի հետ գործարքը փակուղի մտցրեց այդ գործընթացը։ Սակայն դա չի նշանակում, թե մենք այլևս անելիք չունենք։ Մենք պետք է մտածենք Ղարաբաղի իշխանությունների հետ աշխատանքի և ԼՂՀ ինքնորոշման միջազգային ճանաչման մասին»:

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, Կիրո Մանոյանը նշել է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հնչեցնել սպառնալիքներ և խախտել զինադադարի ռեժիմը, որը և կարող է հանգեցնել պատերազմի. «Պատերազմի հավանականությունը կանխվեց այնքանով, որքանով որ միայն Հայաստանին հաջողվեց դա իրականացնել։ Խաղաղապահի դեր առայժմ միայն Հայաստանն է ստանձնում։ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը վարել, որը կարող է վերաճել պատերազմի»:

Տպել Տպել