«Շունը կհաչի` քարավանն իր ճամփեն կգնա»

Հարցազրույց ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի հետ

– Պարո՛ն Շահբազյան, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Դաշնակցության Գերագույն ժողովը: Դուք այդ ժողովին մասնակցե՞լ եք:

– Այո, մասնակցել եմ:

– Ասում են` լարված ժողով է եղել, բավական երկար է տեւել, եւ շատերի տեսակետն է եղել, որ պետք է նախագահի թեկնածու առաջադրել:

– Ժողովը եղել է աշխատանքային իմաստով հագեցած, շատ ելույթներ են հնչել, բայց ձեր ակնարկած լարվածությունը չի եղել: Սկսել ենք ցերեկվա 12-ին, ավարտել` 18.00-ից էլ շուտ: Սա Դաշնակցության չափանիշերով շատ կարճ տեւողությամբ ժողով է: Ինչ վերաբերում է քննարկվող օրակարգային միակ հարցին, ապա կարող եմ ասել, որ գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ լավ կլիներ, եթե նախագահի թեկնածու առաջադրեինք: Գրեթե բոլորն էլ շեշտել են, որ, որպես ակտիվ քաղաքական կուսակցություն, նախագահի թեկնածության առաջադրումը կլիներ տրամաբանական, հնարավորություն կընձեռվեր մեր մոտեցումները լայնորեն քարոզելու, ինչը որ մենք անում ենք նման դեպքերում: Խոսվել է այն մասին, որ մենք նաեւ մեր շարքերին ու համակիր շրջանակներին կողմնորոշելու խնդիր ունենք: Այնուամենայնիվ, հակառակ փաստարկները, կարծում եմ, ավելի ծանրակշիռ էին, ինչի ապացույցն էլ այն էր, որ ներկաների բացարձակ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ թեկնածու չառաջադրելու:

– Պարո՛ն Շահբազյան, ցանկանում եմ հարցնել, թե ինչպիսի՞ն է եղել Բյուրոյի ներկայացուցչի դիրքորոշումը: Վկայակոչելով ինչ-որ ներսի աղբյուրներ` որոշ լրատվամիջոցներ գրում են, թե Հրանտ Մարգարյանն իր դիրքորոշմամբ ազդել է որոշման կայացման վրա:

– Ինչպես լինում է հաճախ, չեղած աղբյուրներ վկայակոչելով, ոմանք սիրում են կամ գուցե պարտականություն ունեն Դաշնակցության շուրջ ջուր պղտորելու http://www.hraparak.am/99425/: Ես, իհարկե, Բյուրոյի ներկայացուցչի փոխարեն պարզաբանումներ կատարելու խնդիր չունեմ, բայց քանի հարցը հնչել է, կարող եմ ներկայացնել այն, ինչ տեսել եմ, ու ի դեպ, տեսել են նաեւ 80-ից ավելի ժողովականները: Հրանտ Մարգարյանը ունեցել է մեկ կարճ ելույթ, բայց եւ այնպես է խոսել, որպեսզի չերեւա, թե ինքը որ տեսակետին է կողմնակից: Սա գուցե մեր քաղաքական չկայացած համակարգի ավանդույթներին ծանոթ մարդկանց անսովոր թվա, բայց Դաշնակցության ավանդույթներն ուրիշ են: Բարձր մակարդակի մարմնի անդամները ստորին մակարդակի ժողովների ժամանակ սովորաբար խուսափում են տեսակետ հայտնելուց, որպեսզի չազդեն ընդհանուրի տրամադրությունների վրա: Ի դեպ, նույն տրամաբանությամբ առաջնորդվելով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերջում նաեւ ձեռնպահ քվեարկեց, ինչպես մենք ենք ասում՝ սպիտակ քվե տվեց:

Արտաշես – Այնուամենայնիվ ճի՞շտ եք համարում կրավորական դիրքորոշում որդեգրելը, ինչպիսի՞ն է լինելու այսուհետեւ Դաշնակցության գործունեությունը:

– Նախ` ով ասաց, որ պետք է կրավորական դիրքորոշում որդեգրենք: Հենց նույն ժողովը շեշտեց ու արձանագրեց, որ, առաջիկա նախագահական ընտրություններում հանդես չգալով սեփական թեկնածուով, Դաշնակցությունը պետք է ծավալվող գործընթացներին ունենա ակտիվ մասնակցություն: Անհրաժեշտ է ճիգերը շարունակել առաջնային դարձնելու համար ոչ թե անձերի, այլ գաղափարների, ծրագրերի շուրջ մրցակցությունը: Բացի այս, Դաշնակցության համահայկական օրակարգն այնքան ընդգրկուն է, որ մի իշխանության համար անգամ այն թեթեւ չէր լինի: Այսօր Դաշնակցությունն ապրում է մեր սիրիահայ հայրենակիցների ճակատագրով, ճիգեր է գործադրում Ղարաբաղի խնդրում նորանոր ձեռքբերումների հասնելու համար, Ամերիկայի մեր ընկերները Հայ Դատի հանձնախմբերի ճանապարհով ձգտում են հայկական այլ կազմակերպությունների հետ միասին Կոնգրեսի հերթական բյուջեում Հայաստանին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնությունների ցանկալի չափ ապահովել: Կարծում եմ` արդեն մյուս տարվանից նոր թափ կառնեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումները, եւ ուրիշ շատ ու անվերջանալի գործեր:

Իհարկե, առանցքային կամ գուցե գլխավոր խնդիրը Հայաստանն է եւ Հայաստանում մեր անելիքը: Խորհրդարանական ընտրությունները գիտեք, որ ենթակայական ու առարկայական պատճառներով մեզ համար հաջող ավարտ չունեցան: Դաշնակցությունը գալիք տարիներին պետք է ձգտի քայլ առ քայլ հզորանալ եւ նվաճել լուրջ դիրքեր: Հիմնական թիրախ պետք է նկատվեն, մասնավորապես` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ելակետ ունենալով ընդհանուր համազգային շահերը եւ պահպանելով ակտիվ ընդդիմադիր դերակատարությունը,` կարծում եմ` գալիք տարիներին Դաշնակցությունը շատ անելիքներ է ունենալու եւ հավակնոտ թվացող շատ հեռանկարներ է բացելու իր առաջ: Այլ կերպ չի կարելի: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, իրազեկ աղբյուրներից եւ այլ առուներից Դաշնակցության կոշիկներին դեռ ինչ ցեխ են քսելու, ապա նման առիթով ժողովրդական իմաստնությունն ասում է. «Շունը կհաչի՝ քարավանն իր ճամփեն կգնա»

Տպել Տպել