ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը հետեւողական է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հարցում

Հրաչ ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակն անցնող տարում իր կատարած աշխատանքից դժգոհ չէ, սակայն գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գալիք տարում իրենք փորձելու են էլ ավելին անել:

«Հայ դատի գրասենյակների աշխատանքը հայ ազգի պահանաջատիրության իրականացման եւ հետապնդման հարցն է»,- ասաց նա: Այս ընդհանուր ենթատեքստում Հայ դատի ցանցային գրասենյակի առաքելությունը, բացի առօրյա աշխատանքներից, մնում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման խնդիրը, որ բանականորեն մաս է կազմում Հայ դատի հիմնական մեծ օրակարգի եւ միայն Ֆրանսիայի հայության խնդիրը չէ: «Այն իր էության մեջ ֆրանսիական օրենք է, սակայն բարոյապես ամբողջ հայ ժողովրդին է հետաքրքրում: Այս իմաստով մեր աշխատանքները բազմաթիվ են, պետք է շարունակվեն եւ մենք հետեւողական ենք այս հարցում»,- ասաց նա:

Վարժապետյանը նշեց, որ թե ֆրանսիական հանրային կարծիքի, թե քաղաքական շրջանակներում իրենց տարած աշխատանքը գնահատում են սովորական, առօրյա աշխատանք` միշտ ոչ բավարար համարելով, ինքնաքննադատորեն մոտենալով:

Նրա համոզմամբ` եթե ասեն` աշխատանքը բավարար է, սա կնշանակի արդեն, որ աշխատանքները թուլացած են, ուստի պետք է մշտապես աշխատել այն գիտակցությամբ, որ դեռ ավելին ունեն անելու:

Իր աշխատանքները Հայ դատի գրասենյակը համադրում է Հայաստանի իշխանությունների հետ` դեսպանությունների միջնորդությամբ, որոնց հետ գործնական սերտ հարաբերություններ կան: Համադրում են նաեւ տեղական եւ Հայ դատի աշխատանքները, եւ հենց այս համադրման շնորհիվ է, որ առաջընթաց է գրանցվում աշխատանքում:

Անցնող տարին, Վարժապետյանի խոսքով, եղավ չակերտյալ առումով ձախողված, քանի որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Սահմանադրական խորհրդում կասեցվեց: «Միեւնույն ժամանակ մենք որոշակի հաջողություն տեսանք Հայ դատի գրասենյակի համար` հայկական լոբբիի աշխատանքի առումով, այսինքն` երբ խորհրդարանի զույգ պալատները` ԱԺ-ն եւ ծերակույտը, իրենց մեծամասնության կարգով ընդունել են օրենքը, սրանում Հայ դատի գրասենյակը եւ հանձնախումբն ունեն իրենց մեծ դերակատարությունը լոբբիստական աշխատանքների առումով»,- ասաց նա` նկատելով, որ Սահմանադրական խորհրդի որոշումը քաղաքական էր եւ այնտեղ բացթողնման խնդիր չեն տեսնում, որովհետեւ նրա վրա ազդելու հնարավորությունները լոբբինգի աշխատանքով չեն: Գրասենյակի ղեկավարի համոզմամբ` Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդի վրա այդ կերպ ազդել չի կարելի, սա քաղաքական հաշվարկներով արված հարց էր, սակայն դա եւս իրենք առաջիկայում կշրջանցեն` այս անգամ ուղղակի նախագահի հետ հարաբերությունների եւ տարատեսակ կուլիսային աշխատանքներով:

Վարժապետյանն անցնող տարվա աշխատանքներից ընդգծեց Ադրբեջանի հակաքարոզչության դեմ իրենց տարած աշխատանքները, Սաֆարովի դեմ ցույցերի կազմակերպումը, եւ հիմնականում` Ղարաբաղյան հիմնախնդրի առումով իրենց տարած աշխատանքները, որով հստակորեն քաղաքական շրջանակներից պահանջում են Ղարաբաղի անկախության ճանաչում Ֆրանսիայի կողմից: «Այս պարագայում ինչպես ընդհանրապես միջազգային հանրությունից, բայց եւ հատկապես` Ֆրանսիայի իշխանություններից պահանջում ենք ԼՂՀ պաշտոնական ճանաչում, քանի որ միակ ձեւն է` շրջանցելու եւ ավարտելու համար այս թղթածրարը, այս հակամարտությունը»,- ասաց Վարժապետյանը:

Նա նշեց, որ Հայ դատի գրասենյակը նաեւ Սումգայիթի հարցերով, տարեդարձը նշելու առումով հարցը քաղաքական մակարդակի է բարձրացնում եւ վերածում պահանջատիրության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության` ապրիլի 24-ի համաֆրանսիական, Փարիզում համագաղութային մեծ ցույցի կազմակերպման աշխատանքներում վերցնելով առյուծի բաժինը` թե կազմակերպչական, թե ընդհանրապես կուլիսային աշխատանքները, քաղաքական օղակի եւ մամուլի քարոզչական` լրատվամիջոցների հետ աշխատանքները համադրելով:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել