Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայ պետք է օգնի դժվար կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին

ՍՕՄ Ավստրալիայի ՍՕՄ բարեգործական միությունը հերթական օգնությունը կցուցաբերի սիրիահայերին

«Մոտ երկու շաբաթ առաջ 20.000 դոլար ենք ուղարկել Հայաստան վերադարձած սիրիահայերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի ներկայացուցիչ, ՍՕՄ (Սիրիահայերի օժանդակության մարմին) բարեգործական ընկերության անդամ Հայկ Լեփեջյանը:

Նա նշեց, որ ՍՕՄ-ը կազմված է երեք կուսակցություններից (Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատական և Ռամկավար-ազատական) և 3 եկեղեցիներից (Հայ կաթողիկե եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի և Հայ ավետարանական եկեղեցի):

Նրա խոսքով` նմանատիպ բարեգործական ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:
«Տոների ավարտից անմիջապես հետո մենք նորից կսկսենք գումար հավաքել, որպեսզի ուղարկենք Հայաստան վերադարձած սիրիահայերին: Կարծում եմ, որ աշխարհի ցանկացած վայրում ապրող հայ պետք է օգնի դժվար կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին»:

Հ. Լեփեջյանը դժվարացավ նշել, թե այս անգամ որքան գումար կկարողանան ուղարկել: Նա ասաց, որ ամեն ինչ անելու են գումարի չափը կրկնապատկելու համար:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել