Նախագահական ընտրություններին իշխանությունը ժողովրդի մոտ հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի

Արծվիկ Որքան էլ թերահավատորեն վերաբերվենք առաջիկա ընտրություններին, պետք է մի բան արձանագրել, որ իշխանությունն իսկապես բացառիկ հնարավորություն ունի, առանց լուրջ խնդիրներ առաջացնելու, ձևավորել համազգային արդյունավետ հաջողությունների մթնոլորտ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ հաջողությունների մթնոլորտ ձևավորելու իշխանության քայլերից մեկը կլինի այս ընտրությունների միջոցով ժողովրդի մոտ հավատը վերականգնելը, ապա արդեն միասնական ուժերով առկա ծանր վիճակից դուրս գալը:

«Իմ համոզմամբ՝ քայլը պետք է լինի համարժեք ստեղծված իրավիճակին, այն է՝ վստահության վերականգնման տեսակետից անցկացնել հնարավորինս ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, որ փողի իշխանությունը գոնե բացառվի և կրիմինալի մասնակցությունը հնարավորինս մեղմվի կամ թույլ չտրվի»,-ասաց նա:

Ավելին, պատգամավորի խոսքով՝ նաև ակնհայտ է, որ նման գործողություններից հետո իշխանությունից սպասվում են համախմբման քայլեր: «Ակնկալվում է, որ իշխանությունը պետք է հրավիրի բոլոր քաղաքական ուժերին և համատեղ քննարկումներ անցկացնի՝ երկրի առաջ ծառացած սոցիալ- տնտեսական և այլ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու գաղափարականությամբ»,-նշեց նա և զգուշացրեց, որ եթե այսպիսի գործողություններ իշխանությունը չարեց, դա կնշանակի՝ ընձեռված հնարավորությունը չօգտագործել:

ԱԺ պատգամավորի կարծիքով՝ առաջադրված թեկնածուների և ոչ մրցունակ վիճակն առաջին հերթին ազդակ է գործող իշխանություններին: «Հիմնական քաղաքական ուժերի թեկնածուներ չառաջադրելը և պասիվ վարքագիծ դրսևորելը նշանակում է, որ լուրջ խնդիր կա քաղաքական համակարգում, որը սպառնում է նաև պետականությանը: Նման պարագայում, երբ կուսակցականությունն է իշխում կամ խմբակային շահը, հնարավոր չէ փոփոխությունների հասնել»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը խնդրում է չմոռանալ, որ 2013-ին միայն նախագահական ընտրություններ չեն: «Նաև մայրաքաղաքի ավագանու ընտրություններ են, թեև բնական է, որ իր ազդեցությամբ չի կարող համեմատվել նախագահական ընտրությունների հետ, բայց երկրորդ խոշորագույն ընտրությունն է մայրաքաղաքային իշխանություն ձևավորելու համար: Երևանում ավելի ակտիվ քաղաքական մասնակցություն հնարավոր է, եթե նախագահականից հետո վստահություն ներշնչվի»,-ասաց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ պետք չէ ընտրությունները տնտեսական վիճակի բարելավման հետ կապել, «որովհետև անկնհայտ է, որ 2013-ին նախագահական ընտրությունները չեն լինելու ակտիվ և լարված, բայց մյուս կողմից սա իրական հնարավորություն է, որպեսզի գործող իշխանությունները փորձեն մասնակիորեն արդար ընտրությունների համակարգ կիրառել»:

ՀՅԴ պատգամավորը,սակայն, չի կարծում, որ նույնիսկ եթե իշխանություններն օգտվելով առիթից գնան այդ քայլին և արդար ընտրություններ անցկացնեն, դրանով կլեգիտիմացնեն իրենց վիճակը:

«Ընդհանրապես լեգիտիմության հարցը բավական խորքային է և միայն ընտրությունների արդյունքներով չէ պայմանավորված: Եթե հասարակության գոնե գերակշիռ մասը պատկերացնում է քաղաքական համակարգի բարեփոխումների սոցիալ-տնտեսական ծրագրերը, ապագան տեսնելու հնարավորություն է ունենում, այս պայմաններում է, որ լեգիտիմության բարձր աստիճանի մասին կարող ենք խոսել, մնացածն ընդամենը դիտարկումներ են՝ պահի ազդեցության տակ»,-ասաց նա:

Վերջում ՀՅԴ պատգամավորը գալիք տարվա համար մաղթեց. «Աստված տա, որ 2013-ը մեր ժողովրդի համար իսկապես հավատի վերականգնման տարի լինի»:

«ԹԵՐԹ»

Տպել Տպել