«Ռուս-Հայկական Համագործակցությունը» պայքարում է պատմության կեղծարարության դեմ

Y.N.1 Հայ համայնքի ներուժը հնարավոր է համախմբել պետականության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գաղափարի շուրջ, – այս մասին ՌԵԳՆՈՒՄ գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի «Ռուս-Հայկական Համագործակցություն» (ռուսերեն հապավումը` ՌԱՍ) կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը` ամփոփելով 2012 թվականի արդյունքները:

– Պատմե’ք, խնդրեմ, «Ռուս-Հայկական Համագործակցության» ծրագրերի մասին: Ինչպե՞ս կարելի է գնահատել ՌԱՍ-ի աշխատանքը տարվա արդյունքում:

– ՌԱՍ-ի գործունեությունը զարգանում է մի քանի ուղղություններով` հարաբերություններ ռուսաստանյան քաղաքական ուժերի, վերլուծական կենտրոնների, գործող հայկական կազմակերպությունների հետ և այլն: Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար մշակված են կոնկրետ ծրագրեր, դրա համար էլ աշխատանքը կրում է համակարգված և հետևողական բնույթ:

Այդպիսի ծրագրերից մեկը` «Զգու’յշ, պատմական փաստեր են», ուղղված է պատմության կեղծարարության և պատմական փաստերի խեղաթյուրման դեմ: Տարվա ընթացքում «Կովկասագետների գիտական ընկերության», Սևծովյա-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի և Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի հետ համատեղ ռուսաստանյան առաջատար մեդիա-հարթակներում ներկայացվել են հայ, ռուս և իրանցի հեղինակների մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ: Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է տարբեր «վարկածներով» հրապարակումների քանակը, որոնք միտումնավոր կերպով կեղծում են մեր պատմությանը վերաբերող փաստերը: Այդ բացասական երևույթին կարելի է հակադարձել պատմա-լուսավորչական աշխատանքով: «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագիրը ընդամենը նման աշխատանքի տարբերակներից մեկն է:

Վերլուծական ինստիտուտների հետ մեր համագործակցության ծրագրերից կարելի է առանձնացնել «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» թեմայով կլոր սեղանը, որը մարտ ամսին անց ենք կացրել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հետ համատեղ: Այս թեմայի հրատապությունը հաստատվում է ռազմավարական նշանակություն ունեցող Մերձավոր Արևելքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում թուրքական քաղաքականության ակտիվացմամբ, ինչը չի կարող չսպառնալ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերին: Այս իմաստով Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարության գիտա-գործնական վերլուծումը նպաստում է մեր երկու երկրների քաղաքագիտական հասարակայնության համագործակցության ամրապնդմանը:
Ամփոփելով տարվա արդյունքները, չի կարելի շրջանցել այնպիսի իրադարձություն, ինչպիսին «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի հիմնումն էր, ինչը, ի դեպ տեղի ունեցավ պաշտոնապես հռչակված` Ռուսաստանի պատմության Տարում: Մատենաշարի գրքերից ռուսաստանյան ընթերցողը տեղեկանում է, թե որքանով են միմյանաց շաղկապված մեր երկրների պատմության ճակատագրական էջերը: Արդեն ներկայացվել են այնպիսի արժեքավոր հրատարակություններ, ինչպիսիք են հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Առասպելներ ղարաբաղյան խնդրի մասին» հոդվածների ժողովածուն, հայտնի կինոդրամատուրգ և գրող Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը և իտալացի հեղինակ Անտոնիո Արսլանի «Ասք Մշո գրքի մասին» վեպը: Առաջին երկու ստեղծագործությունների հրատարակությունն իրականացվել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի, իսկ երրորդինը` Իտալական մշակույթի Մոսկվայի ինստիտուտի հետ համատեղ:
Դրանից բացի, ակտիվորեն զարգանում է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը: Դրա շրջանակներում վերջին միջոցառումը եղել է նոյեմբերին Բաշկիրիայի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի` Հայաստան այցի կազմակերպումը: Այնտեղ, Գիտությունների ակադեմիայում բաշկիր քաղաքական գործիչը ներկայացրեց իր «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորը, որի հետ նախապես ծանոթացրել էր մոսկովյան ընթերցողին: Ռուսաստանի մայրաքաղաքում մեր բաշկիր ընկերոջ գրքի շնորհանդեսը ՌԱՍ-ը կազմակերպել էր Ռուսաստանյան պետական գրադարանում` Մոսկվայի Լոմոնասովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հետ համատեղ: Հայաստանի Ազգային Ժողովում և Գիտությունների Ակադեմիայում նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումները նոր ազգակ հանդիսացան հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջնակներում հայ-բաշկիրական հարաբերությունների զարգացման համար:

Տարվա ընթացքում կայուն կերպով զարգացել է մեր տեղեկատվական-վերլուծական «Ռուսահայության ձայնը» հեռուստածրագիրը, որը յուրաքանչյուր ամիսը երկուանգամյա պարբերականությամբ հեռարձակվում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում: Նախորդ տարվա դեկտեմբերին հեռարձակվեց ծրագրի քառասուներորդ թողարկումը: Այս ծրագիրը համաշխարհային հայկական լսարանին է ներկայացնում ժամանակակից Ռուսաստանն ու ռուսաստանյան հայ համայնքը, ինչի համար միջազգային հարաբերությունների, տարածաշրջանային և հայկական թեմաներով հրատապ հարցերի շուրջ տրվում են ռուսաստանյան քաղաքական գործիչների և քաղաքագետների կարծիքներն ու մեկնաբանությունները: Ծրագիրը ցուցադրում է նաև հայ համայնքի կյանքի տարբեր կողմերը, պատմում համայնքի երևելի դեմքերի և Հայաստանի բարեկամների մասին:

Քանի որ Ռուսաստանի հայ համայնքը կայուն ավանդույթների ձևավորման կարիք ունի, ամեն տարի մայիսի 28-ին և սեպտեմբերի 21-ին մենք նախաձեռնում ենք հայկական պետականության օրերի նշում: Նախորդ տարին էլ բացառություն չէր: Գրողների տանը «Ջավախքի զավակներ» կազմակերպության հետ համագործակցաբար կազմակերպեցինք երեկո` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Իսկ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված սեպտեմբերյան երեկոն, որն անցկացվեց «Ռուսաստանի հայերի միության» հետ համատեղ, զարդարվեց «Սայաթ-Նովա» համույթի ելույթով: Մենք բացառիկ նշանակություն ենք տալիս հայկական պետականության տոները նշելուն, քանի որ համարում ենք, որ հայ համայնքի ներուժը հնարավոր է համախմբել պետականության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գաղափարի շուրջ: Այդ միջոցառումները նպաստում են նաև հայկական արժեքների հենքի վրա մեր բարեկամների` ռուսաստանյան քաղաքական ու հասարակական գործիչների, ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչների համախմբմանը:

-Ինչպիսի՞ն է հայ համայնքի միջոցառումներին ռուսաստանյան քաղաքական գործիչների մասնակցության ակտիվությունը:

– Դրա համար կայուն հարաբերություններ են պահպանվում ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների հետ, որոնց ներկայացուցիչները մասնակցում և ելույթ են ունենում մեր միջոցառումներին: Տարվա ընթացքում կազմակերպվել են ռուսաստանյան խորհրդարանականների այցեր Հայաստան և Արցախ` կարևոր քաղաքական միջոցառումների առիթով:

Հատուկ ուզում եմ նշել հայտնի քաղաքական առաջնորդների, պատգամավորների, խոշոր հասարակական միավորումների և ազգային համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ սեպտեմբերի 14-ին ռուսաստանյան հասարակայնության միտինգի անցկացումը: Այն նվիրված էր հայ սպային սպանած մարդասպանին արտահանձնող և ներում շնորհող ադրբեջանա-հունգարական գործարքի դատապարտմանը: Կարելի է ասել, որ միտինգը նշանակալիորեն ուժեղացրեց այդ հարցով ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության բարոյական բաղադրիչը:
Այս ամենից բացի, ռուսաստանյան խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ հանդիպումներ են կազմակերպվում տարբեր կուսակցությունների և թեկնածուների հետ, ինչը կարելի է հայ հասարակայնության և ռուսաստանյան քաղաքական ուժերի միջև երկխոսության նոր մշակույթի դրսևորում համարել: Անցնող տարում կարելի է առանձնացնել ՌԴ նախագահի թեկնածուՎ. Պուտինի շտաբի պետ Ս. Գովորուխինի և նախագահի թեկնածու Վ. Ժիրինովսկու հետ փետրվարյան հանդիպումները: Այդ հանդիպումների ժամանակ քննարկված հիմնական հարցերն են. հայկական գործոնը Ռուսաստանում, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ազգամիջյան համերաշխությունը և քաղաքացիական խաղաղությունը ռուսաստանյան հասարակությունում, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը և արցախցիների ինքնորոշման իրավունքը, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և Ցեղասպանության հետևանքների վերացումը:
Դե, իսկ Ցեղասպանության դատապարտման ապրիլյան միջոցառումներն էլ Մոսկվայում անց են կացվում Պետական Դումայի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների և հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ:

-Նկատելի է, որ «Ռուս-Հայկական Համագործակցությունը» նշանակալի հարցերի շուրջ հաճախ է իրականացնում Մոսկվայի հայկական կազմակերպությունների միջև հաղորդակցություն վարողի որոշակի դեր`ապահովելով նրանց համագործակցությունը տարբեր ձևաչափերում: Ընդհանրապես, այդ գործունեությունն ի՞նչ ազդեցություն է ունենում համայնքի վրա :

– Իրոք, մշակվել և կուտակվել է Մոսկվայում գործող բոլոր հայկական կազմակերպությունների հետ համագործակցության դրական փորձ: Մոսկվայի հայ համայնքում կա այն ըմբռնումը, որ առանձին կազմակերպություններ ի վիճակի չեն կրելու աշխատանքի ողջ բեռը: Վերջին տարիներին կազմակերպությունների համագործակցությունը ընթանում է բովանդակային ծրագրերի շուրջ, չկա որևէ մեխանիկական միավորում: Անցյալին է մնում այն սպառողական մոտեցումը, երբ բոլորը սպասում էին, թե ինչ-որ մեկը կգա և կլուծի բոլոր խնդիրները, իսկ երբ դա տեղի չէր ունենում, իրական գործունեությունը փոխարինվում էր անվերջ բողոքներով և անպտուղ քննարկումներով: Կազմակերպությունների այլ պահվածքի և միմյանց հետ համագործակցության նոր մշակույթի անհրժեշտություն կա: Համարում ենք, որ լիարժեք համայնքի ստեղծման ուղին հանդիսանում է բովանդակային համախմբումը` իրական կազմակերպական բազմազանության պայմաններում: Մոսկվայում որոշակիորեն ապահովված է հենց այս մթնոլորտը, և հաճելի է, որ դրանում մեր ավանդն ունենք:

Նախորդ տարիների համախմբող փորձը մեզ թույլ է տվել 2012 թ. հունվարին նախաձեռնել Հայոց Ցեասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման մոսկովյան տարածաշրջանային հանձնաժողովի հիմնում` Մոսկվայի բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ: Ներդրվել է հանձնաժողովի համանախագահների ինստիտուտ, ինչը արտացոլում է փոխահաբերությունների նոր տեսակը մոսկովյան համայնքում:
Հանձնաժողովը ծրագրում է կազմակերպել, համախմբել և անցկացնել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նշանակալի միջոցառումներ: 2012 թվականի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոն և այդ միջազգային հանցագործությունը դատապարտող միտինգը արդեն անց են կացվել մոսկովյան հանձնաժողովի հովանու ներքո: Նախորդ տարվա հունիսին տեղի է ունեցել մոսկովյան հանձնաժողովի նիստը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող համապատասխան Պետական հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ: Նախանշվել է հանձնաժողովների միջև համագործակցության ծրագիրը: Նմանատիպ տարածաշրջանային հանձնաժողովներ ստեղծելու հնարավորության շուրջ ներկայումս մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մի շարք տարածաշրջանների հայկական կազմակերպությունների հետ:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև հայ երիտասարդության ինքնակազմակերպմանը: Այդ իմաստով 2012 թ. հատկապես արդյունավետ էր Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության և «Համշեն» միության հետ համագործակցությամբ:

Այսօր Մոսկվայի հայ համայնքի համար հիմնական խնդիր է հանդիսանում գործող կազմակերպությունների համար ընդհանուր հարթակի` հայկական մշակութային կենտրոնի ստեղծումը:

-Գնահատե’ք, խնդրեմ 2012 թ. Արդյունքները Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների համար:

-Ամենակարևորներն եմ համարում Հայաստանում և ԼՂՀ-ում ընտրությունները և հայկական պետությունների ղեկավարության` պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Հայաստանում մայիսյան խորհրդարանական ընտրությունների հիմնական արդյունքն եմ համարում քաղաքական գործընթացների ամբողջությամբ խորհրդարան տեղափոխվելը: Կարելի է ասել, որ Հայաստանում, ի տարբերություն ԱՊՀ շատ երկրների, ստեղծվել են քաղաքական մրցակցային պայքարի հիմքերը: Մնում է միայն հուսալ, որ քաղաքական գործընթացները կհանգեցնեն արտաքին ու ներքին քաղաքական կարևորագույն խնդիրների շուրջ ազգային համաձայնության ձևավորմանը:

Հուլիսին ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները տեղի ունեցան իրական մրցակցային պայքարի պայմաններում, ինչը հանդիսացավ սեփական երկիրը ժողովրդավարական ուղիով զարգացնելու արցախցիների համոզվածության դրսևորումը: Ընտրությունները մեկ անգամ ևս նախանշեցին արցախցիների անկախության իրավունքի միջազգային ճանաչման անխուսափելիությունը: Այդ գործընթացը հաստատվեց ավստալիական և ամերիկյան նահանգների կողմից արցախցիների ինքնիշխանության ճանաչմամբ և ԼՂՀ անկախության ճանաչման հարցի քննարկման` Ուրուգվայի պատրաստակամությամբ:

Նկատի ունենալով տարածաշրջանային իրավիճակն ու վտանգները, Հայաստանի և ԼՂՀ համար շարունակվում էին կարևոր համարվել անվտանգության հարցերը, իսկ սիրիահայերին օգնելու հարցը դարձավ համայակական օրակարգի կետերից մեկը:

Նախորդ տարի շարունակվել են Հայաստանի և ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդման աշխատանքները, ինչը միաժամանակ նաև ծառայում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և կայունության պահպանմանը: Հաջողությամբ անցան մի շարք զորավարժություններ, որոնց ավարտական փուլը հոկտեմբերին տեղի ունեցավ «Տիգրանակերտ» փորձադաշտում, երկու նախագահների ներկայությամբ: Իբրև զսպման կարևոր գործոն և բանակի ուժի ու մարտունակության ցուցադրում հանդիսացավ Ստեփանակերտում մայիսի 9-ի զորահանդեսի անցկացումը:
Կարելի է առանձնացնել նաև Հայաստանի անվտանգության ամրապնդման քայլերը միջազգային հարաբերությունների շրջանակներում: Նախորդ տարվա հայ-ռուսական հարաբերությունների արդյունքներին հարկ է անդրադառնալ հե’նց այս տեսանկյունով: Հայ-ռուսական արդյունավետ ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը զարգացավ և’ ՀԱՊԿ շրջանակներում և’ երկկողմանի փոխհարաբերությունների ճանապարհով: Իսկ սեպտեմբերին Հայաստանում ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի «Փոխգործողություն-2012» զորավարժությունները հանդիսացան ուժի հավաքական ցուցադրություն` ուղղված տարածաշրջանում հնարավոր հակամարտությունների զսպմանը:

– 2012 թ. բավական ակտիվորեն քննարկվում էր Եվրասիական միության և հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հարցը:

– Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերը և դրանց Հայաստանի մասնակցության աստիճանի հարցը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Այսօր խոշոր երկրները, այսպես, թե այնպես, ձգտում են տարածաշրջանային կենտրոնների և միությունների ստեղծմանը: Ունենալով աշխարհաքաղաքական նշանակություն, այդպիսի նախաձեռնությունները սուր բանավեճի առարկա են դառնում: Բացառություն չէ նաև Ռուսաստանի` Եվրասիական միության ստեղծման նախաձեռնությունը: Հետաքրքիր է, որ հնարավոր Միությունում Հայաստանի հավանական անդամության հարցը սուր կերպով քննարկվում է հե’նց աշխարհաքաղաքական խաղացողների կողմից և այդ հաշվով կարծիքները հիմնականում կրում են միմյանց բացառող բնույթ: Հարցի քննարկումը հակադրության բնույթի է` աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում: Բայց պետք է հաշվի առնել, որ աշխարհում մրցակցության հետ մեկտեղ նաև գլոբալ երկխոսություն է ընթանում: Ինձ թվում է, որ Հայաստանի արդյունավետ զարգացման հնարավորությունը գտնվում է հենց այս հարթությունում: Չէ’ որ Հայաստանը չի հակադրում իրար, այլ ձգտում է համադրել առաջատար պետությունների շահերը:

Ինտեգրացիոն գործընթացներում պետության ներգրավվածությունը նաև տարբեր մակարդակներ է ենթադրում: Ակնհայտ օրինակ է հանդիսանում Հայաստանի ներկայիս ռազմա-քաղաքական համագործակցությունը` ՀԱՊԿ վստահելի անդամը համագործակցության ծրագրեր ունի նաև այլ ռազմա-քաղաքական միավորումների հետ:

Եթե Հայաստանի համար հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ նշանակում է պետականության կառուցում եվրոպական հայտնի արժեքների հիման վրա, իսկ Մաքսային միության և եվրասիական տարածքի այլ միավորումների հետ` տնտեսական զարգացում, ապա այդ համադրումը կարող է Հայաստանին էական առաջընթաց ապահովել: Ավելին, դա Հայաստանը կդարձնի եվրասիական տարածքի «ամենաեվրոպական» պետությունը»:
Այնպես որ ծավալված սուր բանավեճը, այդ թվում և աշխարհաքաղաքական խաղացողների կողմից, խոսում է Հայաստանի գործոնի կարևորության մասին: Փաստորեն, Հայաստանն այսօր հանդիսանում է մի պետություն, որն իր որոշումներով կարող է էական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի արտաքին քաղաքական ուղղվածության վրա:

Դրանով հանդերձ, Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում և տարածաշրջանային միավորումների կայացվածությանը համարժեք իրական քայլեր է անում: Նկատի ունեմ Եվրամիության հետ խորացված հարաբերությունների համաձայնագրի պատրաստման և ԱՊՀ ազատ առևտրի գոտու համաձայնագրին միանալու զուգահեռ գործընթացները, Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հնարավորությունների հարցով հատուկ հանձնաժողովի ստեղծումը:

Հաշվի առնելով տնտեսական հարաբերությունների զարգացման գործում ռուսաստանյան հայ համայնքի գործոնը, Ռուսաստանի հետ բարենպաստ տնտեսական պայմաններով գործընթացներին Հայաստանի մասնակցությունը համայնքին հնարավորություն կտա նոր ձեռնտու նախագծեր առաջ տանել: Արդեն այսօր Ռուսաստանի հայ համայնքը Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունության ապահովման որոշակի գործոն է հանդիսանում: Համագործակցության նոր պայմանները թույլ կտան եվրասիական տարածքում բնակվող ավելի քան հինգ միլիոն հայերին ծանրակշիռ ներդրում ունենալ տնտեսական փոխհարաբերություններում: Դա կարող է նաև դրականորեն ազդել Հայաստանի միգրացիոն գործընթացների վրա:

«ՌԵԳՆՈՒՄ»

Տպել Տպել