Ցեղասպանության հատուցման հարցը 2013-ին Հայ դատի հանձնախմբերի գործունեության կարևոր կետը կլինի

Կիրո1 «Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը 2013թ.–ին Ցեղասպանության ճանաչման և հատկապես հատուցման խնդիրների բարձրացման հարցում կծավալվի հատուցում ասվածի սահմանման ուղղությամբ»,- կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Այս տարի Ցեղասպանության ճանաչումը մեզ համար նույնպես կշարունակի կարևոր լինել, բայց հատուցման հարցով արդեն կարևոր է սահմանում մշակել»,– ասել է նա՝ հավաստելով, որ Հայ դատի մինչ այժմ կատարած քայլերն այս տարի կնպաստեն այդ աշխատանքներին։

Նրա խոսքով՝ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնարավորություններն այդ առումով լայն են, քանի որ գործում են տարբեր երկրներում, իսկ նման հնարավորություն Թուրքիան և Ադրբեջանը չունեն։ «Ճիշտ է, լոբբինգի իրականացման վերջիններիս ճիգերը մեծ են, բայց արդյունքները մեծ չեն։ Դրա պատճառներից մեկը հարցերի էությունն է, իսկ մեր խնդիրները ճշմարիտ են»,– նկատել է նա և նշել, որ մեր պետությունն այդ ուղղությամբ կարող է ավելին անել և կանի։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների մնացած գործունեությունը 2013թ.–ին կշարունակվեն նույն ուղղություններով, որոնք եղել են։

Կիրո Մանոյանի տեղեկացմամբ՝ այդ ուղղությունները կլինեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը աջակցությունը, այսինքն՝ նպաստել Հայաստան և տվյալ երկիր հարաբերությունների զարգացմանը, երկրորդ՝ աշխատանքներ Արցախի ուղղությամբ, ինչում շեշտադրումն արվելու է Արցախի անկախության ճանաչման վրա, ինչպես նաև Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությանը և խնդիրների կարգավորմանն ուղղված աշխատանքները։

Ըստ նրա՝ 2013թ.–ի սկզբում իրենք կզբաղվեն նաև սիրիահայերի խնդիրերի լուծման, նրանց մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքներով։

Տպել Տպել