Սպիտակ տան ստորագրահավաքը. Օբամային հորդորում են առաջարկել Թուրքիային սիրիահայ փախստականների համար բացել Հայաստանի հետ սահմանը

petition-turkey-armenia-border-syrian-refugees ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որով նախագահ Օբամային առաջարկվում է կոչ անել Թուրքիայի իշխանություններին բացել Հայաստանի հետ սահմանը` սիրիահայերին հնարավորություն տալով առավել հարմար ու կարճ ճանապարհով հայրենիք հասնելու:

Ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքին հունվարի 5-ից ի վեր միացել է 414 մարդ (նյութը հրապարակվելու պահին), սակայն ըստ կայքի կանոնների` այն մեկ ամսվա ընթացքում պետք է հավաքի 25.000 համակիրների ստորագրություններ, որպեսզի դրան անդրադառնա Բարաք Օբաման:

Ստորագրահավաքը, որին հնարավոր է միանալ հետևյալ հղումով, միացել են ոչ միայն հայկական, այլև թուրքական ազգանուններ ունեցող և Թուրքիայի տարբեր քաղաքներից գրանցված անձինք:

Ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ «շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով», իսկ «Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ»:

«Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար,- նշված է հայտարարության մեջ` եզրափակելով,- մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (առնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների»:

Իոաննիսյանը կարծում է, որ դեռ ժամանակ կա, և հնարավոր է ապահովել ձայների անհրաժեշտ քանակը. «Պարզապես ստորագրելու գործընթացը փոքր-ինչ դժվար է, բայց հետաքրքրություն կա, թուրքերը հատկապես ակտիվ են սոցիալական ցանցերում, «Թվիթերում» քննարկումներ են սկսել, այնպես որ, կարծում եմ` դեռ ժամանակ կա, և կհաջողենք հավաքել համապատասխան թվով ստորագրություններ»,- ասում է նախաձեռնության հեղինակը:

Սիրիայի Հալեպ քաղաքից սեպտեմբերին Հայաստան տեղափոխված Պետրոս Գասպարյանը ողջունում է նախաձեռնությունը` ասելով, որ շատերն են ցանկանում մեքենայով տեղափոխվել, սակայն խուսափում են երկար ճանապարհից, Վրաստանում վիզա ստանալու դժվարություններից և այլն:

«Ճանապարհը շատ երկար է ու անծանոթ, իսկ եթե առավոտյան Հալեպից դուրս գանք, երեկոյան Երևանում կլինենք (Վրաստանով ճանապարհը մոտ 35 ժամ է): Դա բոլորիս էլ հարմար կլինի, բայց վստահ չեմ, թե Թուրքիան նման վերաբերմունք ցուցաբերի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գասպարյանը:

Նախաձեռնության կողմնակիցները կարծում են, որ եթե հաջողության չհասնեն, միևնույն է, արդյունքը կլինի այն, որ ևս մեկ անգամ բարձրաձայնվի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մեջ լինելու փաստը:

«Այս ստորագրահավաքի հիմնական խնդիրը ոչ այնքան սահմանի բացումն է, որքան այն, որ մեկ անգամ ևս ԱՄՆ-ում քննարկվի այս հարցը, և եթե Թուրքիան ընդառաջ չգնա, փաստվի, որ նույնիսկ մարդասիրական գործի համար սահմանները չի բացում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը կարծում է, որ «եթե Թուրքիան օգտվի այս առիթից ու բացի սահմանը, ապա դա կլինի փոքրիկ հաղթանակ, նախադեպ, որը կկոտրի կարծրատիպը, թե հայ-թուրքական սահմանը հնարավոր չէ բացել»:

Սակայն ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մտավախություն ունի, որ Թուրքիան կչարաշահի այս հնարավորությունը և «նախաձեռնությունը կաշխատեցնի իր օգտին»:

«Սահմանը բացելով` սիրիահայերին մեծ օգուտ չի տրվի, քանի որ Հալեպից Թուրքիա հասնելը դժվար է անվտանգության տեսանկյունից, անգամ Հալեպի մեջ մարդիկ դժվարությամբ են մեքենայով շրջում, այսինքն` հազարներով չեն գալիս, որ դա լուրջ հնարավորություն բացի, և կստացվի, որ մի քանի մեքենաների մուտքի համար Թուրքիան կարող է բացել սահմանն ու աշխարհին ցույց տալ, որ տեսեք, թե որքան բարի եմ, օգնում եմ սիրիահայերին, ինչն իրականում ոչ մի օգնություն էլ չէ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մանոյանը, չնայած շեշտում է, որ նախաձեռնության լավ կողմն այն է, որ «միջազգային հարթակից կրկին շեշտվում է, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը»:

Գայանե Աբրահամյան

«ԱՐՄԵՆԻԱՆԱՈՒ»

Տպել Տպել