Ֆրանսիայի հայկական համայնքը նոր օրինագիծ կներկայացնի Սենատ

Մուրադ Փափազյան

Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական համայնքն աշխատանքներ է տանում երկրի նախագահի և կառավարության հետ` Ազգային ժողովի և Սենատի հաստատմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու ուղղությամբ:

Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն, ինչպես հայտնի է, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել, սակայն Մուրադ Փափազյանի խոսքով` բոլորին է հայտնի, որ օրինագիծը չի ընդունվի, քանի որ սահմանադրական խնդիրներ ունի:

«Պետք է այլ լուծումներ գտնել: Այլ ծրագիր կա, որ կկազմվի կառավարության և նախագահի հետ: Հայկական գաղութը այս ծրագրի շուրջ կաշխատի, ոչ թե Վալերի Բուայեի ծրագրի շուրջ, որը հաջողության չի կրնա ենթարկվել: Այսօր նոր իշխանություններ կան, խոսք կա նախագահի կողմեն, որ կառավարությունը պիտի դնե օրակարգում այդ հարցը, ավելի խելացի է, որ կառավարությունը դնե, որովհետև իրենք մեծամասնություն կկազմեն թե Ազգային ժողովում, թե Սենատում»,- ասաց Փափազյանը:

Նա առայժմ չի մանրամասնում, թե ինչով է տարբերվելու այս օրինագիծը Բուայեի երկրորդ օրինագծից: Օրինագիծն արդեն այս տարի կներկայացվի Ազգային ժողովի ու Սենատի հաստատմանը:

Մուրադ Փափազյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի այն հակասահմանադրական չճանաչվի և չարժանանա Բուայեի նախորդ օրինագծի ճակատագրին:

«Վտանգ մը կա: Որ առաջին անգամ ճանաչվեցավ հակասահմանադրական, ուրեմն երկրորդ անգամ պետք է որ անպայման 100 տոկոսով վստահություն ունենանք, թե չէ այլ շանս չենք ունենա»,- նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը:

«ԼՐԱԳԻՐ»

Տպել Տպել