«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ:

Ognutyun-S «Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Սննդամթերքից բացի սիրիահայերին կբաժանվեն ձմեռային հագուստներ, բաճկոններ:

Ավելի քան 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, առաջիկայում օգնություն կտրամադրի Հայ Ավետարանական եկեղեցին:

Սիրիահայերին պարենով կապոցներ էին ուղարկել նաեւ Արմավիրի գյուղերից, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնն էլ օպտիկական ակնոցներ է տրամադրել տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին:

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում այս օրերին պարեն տեսակավորող կամավորների փոխարեն հավաքվում են Սիրիայի օգնության խաչի տիկինները եւ արդեն նախապես կազմված ցուցակներով օգնություն բաժանում կարիքավոր սիրիահայերի: Աշխատանքները համակարգում է ՀՕՄ-ը: Այս անգամ արդեն սննդի փոխարեն ձմեռային հագուստ կբաժանեն ավելի քան 350 սիրիահայ երեխայի:

«Մեր սիրիահայ ընկերոջ կողմից երեխաների ձմեռային վերակուներ կբաժանվեն: Իհարկե, առաջիկայում նույնպես օգնություն կլինի»,- ասել է Խաչիկ Ճոզիկյանը:

Աշխատանք, բնակարան, կրթություն. այսպիսին են այսօր հայրենիքում ապրող ավելի քան 8000 սիրիահայերի հիմնական խնդիրները: Մեծ մասն արդեն համակերպվել է այս վիճակի հետ, փորձում է աշխատանք գտնել եւ մշտապես հաստատվել հայրենիքում: Մի մասն էլ սպասում է սահմանները բացվելուն, որ կրկին վերադառնա Հալեպ:

Չնայած դժվարություններին, այս ամիսների ընթացքում մի շատ կարեւոր եւ արժեքավոր երեւույթ նկատվեց, ասել է է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Ճոզիկյանը` սիրիահայության օգնության ձեռք մեկնեց ողջ հայությունը. «Տարբեր տեսակի օգնություն է լինում: Անգամ հեռավոր գյուղերից գալիս են, որ ինչ-որ կերպ օգնեն կարիքի մեջ գտնվող սիրիահայերին»:

«Արամ Մանուկյան» կենտրոնը մարդաշատ կլինի նաեւ հաջորդ շաբաթ: Նախաձեռնության անդամները այսքանով չեն սահմանափակվելու: Առաջիկայում պատրաստվում են նորից սնունդ եւ ձմեռային հագուստ բաժանել:

Տպել Տպել