Ինչի՞ հաշվին է Ադրբեջանը բարեկամություն հաստատում

Ուրուգվայ Ադրբեջանական մամուլը, հղում անելով իրենց նախագահի պաշտոնական կայքին, նշում է, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուրուգվայի նախագահի հատուկ պատվիրակ Դիեգո Կանեպայի հետ, ով Ալիեւին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուհիկի Կորդանոյի նամակը եւ հայտնել, որ նախագահից հատուկ կարգադրություն է ստացել` Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Նա նշել է, թե Ուրուգվայը հետաքրքրված է Ադրբեջանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների հաստատմամբ: Պատվիրակն ընդգծել է, որ դրա համար կան նախադրյալներ:

Պատմությունը ցույց է տալիս, որ որեւէ պետություն հենց այնպես չի «հետաքրքրվում» Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Դրա համար Ադրբեջանը նախապես բազում «նպատակասլաց աշխատանքներ» է տանում:

Հայտնի է, որ Ուրուգվայը ընդգծված դրական վերաբերմունք ունի թե’ Հայաստանի, թե’ ԼՂՀ-ի նկատմամբ: Իսկ Ադրբեջանը քաղաքականություն է որդեգրել բարիդրացիական կապ հաստատել հատկապես այն պետությունների հետ, որոնք այս կամ այն չափով բարեկամական երկիր են Հայաստանին:

Այս դեպքում ի՞նչ է թաքնված այս նոր «բարեկամության» հիմքում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե դա կլինի Հայաստանի հետ հարաբերությունների հաշվին, բայց նաեւ չի էլ բացառում: «Ադրբեջանը հավանաբար ցանկանում է դնել Ղարաբաղյան հարցում կամ Հայոց ցեղասպանության հարցում Ուրուգվայի կեցվածքի փոփոխության հարցը: Այս առումով անելիք ունեն թե’ մեր արտգործնախարարությունը, թե Ուրուգվայի հայկական համայնքը»,- ասաց Կիրո Մանոյանը՝ վստահեցնելով, որ իրենք համայնքի հետ մշտական կապի մեջ են:

«ԵՐԿԻՐ»

Տպել Տպել